
Տիգրան Ավինյան. «Սյունիքում սահմանապահ զորքերը իրականացնում են տեղակայման աշխատանքներ»
Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 17-ի նիստը վարում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Մինչ օրակարգային հարցերի քննարկումը՝ փոխվարչապետը հայկական կողմի գերիների, Խծաբերդ և Հին Շեն համայնքների վերաբերյալ տեղեկատվություն հաղորդեց:
Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ այս շաբաթ տեղի ունեցավ գերիների փոխանակման առաջին փուլը:
«Շարունակական աշխատանքներ են տեղի ունենում գերիների տվյալների ճշտման և հետագա փոխանակման քայլերի հետ կապված: Այս առումով բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ Կարմիր խաչի և ռուսական կողմի ներգարվվածությամբ»,- ասաց նա:
Խծաբերդում տեղի ունեցած միջադեպի և գերեվարված անձանց հետ կապված Ավինյանը հայտնեց, որ նրանց մասին տվյալներն այս պահին ճշտվում են:
«Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այսօր գնվում է Արցախում այս և այլ հարցերի կապակցությամբ տեղում լուծումները հասկանալու և քննարկումներ իրականացնելու համար: Մոտակա ժամանակներում ակնկալում ենք հանգուցալուծում»,- նշեց նա:
Փոխվարչապետի խոսքով՝ որոշակի լարվածություն եղել է նաև Հին Շեն համայնքում.
«Այս պահի դրությամբ միջդիրքային հաղորդակցությունը առկա է, խնդիրն ամբողջապես հանգուցալուծված չէ, բայց այդ հատվածում տեղակայված են նաև ռուս խաղաղապահ զորքերը: Ակնկալում ենք, որ մոտակա ժամանակներում Հին Շենի հետ կապված ևս կունենանք վերջնական հանգուցալուծում»:
Վերջինս տեղեկացրեց նաև, որ պաշտպանության նախարարը գտնվում է Սյունիքում:
«Սյունիքի սահմանների երկայնքով սահմանապահ զորքերը արդեն իրականացնում են տեղակայման աշխատանքներ»,- հայտնեց փոխվարչապետը:
Տարածքային կառվարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ տեղեկացրեց, որ մշտական կապի մեջ է Սյունիքի մարզի իր գործընկերների հետ:
«Իմ ստացած տեղեկատվության համաձայն այս պահին սահմանապահ զորքերի ուժերը տեղաբաշխվում են Հայաստանի սահմանի երկայնքով: Տարբեր մեկնաբանություններից և ապատեղեկատվությունից խուսափելու համար պետք է նշել Հայասատանի Հանրապետության սահմանները, բնականաբար, ամուր են և մեր զինված ուժերի կողմից վերահսկելի են»,- ասաց նախարար Պապիկյանը:
Լուսանկարը՝ կառավարության մամուլի ծառայության
Մեկնաբանել