HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունեցիների բողոքի ակցիան ավարտվել է, սակայն նրանք վերապահումով են մոտենում տրված խոստումներին

Այսօր ուշ երեկոյան սյունեցիները բացել են Երևան-Կապան-Մեղրի միջպետական ճանապարհի՝ Կապանի օդանավակայանի մոտ գտնվող հատվածը։ Բողոքի ակցիայի մասնակիցները ճանապարհը փակել էին եւ իշխանություններից երաշխիքներ պահանջել սահմանների անվտանգության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ չնայած նոյեմբերյան եռակողմ հայտարարության մեջ խոսք չկա Ղուբաթլուի եւ Զանգելանի շրջանների մասին, քիչ ավելի ուշ գործընթաց է սկսվել դրանցից (այն հատվածներից, որոնք դեռեւս վերահսկում էին մեր ուժերը) հայկական ուժերի դուրսբերման մասով: Այս առումով հատկապես մտահոգիչ է Կապան քաղաքի եւ դրան հարակից գյուղերի անվտանգության հարցը: Համաձայն Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի՝ 13 գյուղերի ու Կապանի պաշտպանական դիրքերը վաղը մինչեւ ժամը 17։00-ը հանձնվելու են Ադրբեջանին։ Նրա փոխանցմամբ՝ դա ՊՆ-ի  հրահանգն է։

Բողոքի ակցիայի մասնակից, Կապանի «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանի փոխանցմամբ՝ բողոքի ակցիան ավարտվել է, քանի որ իրենց պահանջը կատարվել է։ Սյունիքի համայնքների ղեկավարները հանդիպում են ունեցել ՊՆ բարձրաստիճան կազմի, ինչպես նաեւ ռուսական կողմի հետ։ Վերջիններս խոստացել ու երաշխիքներ տվել, որ ցուցարարների պահանջը կատարելու են։ Ըստ այդմ՝ հարցը լուծվելու է ի շահ սյունեցիների։ Չնայած դրան, ըստ Խ. Հարությունյանի, ներկա իշխանություններն այնքան են խաբել, որ իրենք չեն հավատում տրված խոստումներին։

Խ․ Հարությունյանի փոխանցմամբ՝ Կապանի պաշտպանական դիրքերում իրենք խրամատներ, ճանապարհներ, «բլինդաժներ» էին սարքել, եւ հիմա դրանք կմնան Ադրբեջանին։ Նրա համոզմամբ՝ Սյունիքին անհրաժեշտ է անվտանգության գոտի։

Բողոքի ակցիայի մասնակիցների փոխանցմամբ՝ եթե իշխանությունները չկատարեն իրենց խոստումը, բողոքի ալիքն ավելի լայն թափ է առնելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter