HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայրենիքի համար զոհվում են, չեն մեռնում». եղբոր հիշատակին նվիրված բանաստեղծական տողերում գրել է քույրը

«Անընդհատ ասում էինք` ամուսնացիր, ընտանիք կազմիր, ասում էր՝ մամ ջան, հունվարին ամուսնանալու եմ, ինքդ էլ չես հասկանա, էնքան արագ ա ստացվելու ամուսնանալս, նպատակ ուներ 30-ամյակին ընտանիք կազմել»,-արցունքները սրբելով` պատմում է Մարո Շահբազյանը՝ զոհված պայմանագրային զինծառայող Արտակ Սողոմոնյանի մայրը։

Արտակ Սողոմոնյանը Արարատի մարզի Եղեգնավան գյուղից էր։ 5 տարվա պայմանագրային զինծառայող էր։ Հունվարի 30-ին կլրանար Արտակի 30-ամյակը։ Արտակը ծառայությունն անց էր կացնում Արարատի զորամասում, պատերազմը սկսվելուց հետո Արտակին տեղափոխել են Ջաբրայիլ (Ջրական)։ Հոկտեմբերի 16-ին նա 10-օրյա արձակուրդ է եկել, ապա՝ հոկտեմբերի 26-ին, մեկնել Որոտան (Ղուբաթլու)։ Զոհվել է հոկտեմբերի 29-ին` բեկորային հարվածի պատճառով սկսված ներքին արյունահոսությունից Որոտանում։  

Արտակի ընտանիքը 5 հոգանոց է։ Տանն ապրում են եղբայրը՝ Արմանը, քույրը՝ Էլենը, մայրը՝ Մարո Շահբազյանը և հայրը՝ Սողոմոն Սողոմոնյանը։

Մարոյի մյուս տղան՝ Արմանը, ևս մասնակցել է պատերազմին, կամավորագրվել է, ծառայել է որպես վարորդ։ Մայրն ասում է՝ Արմանն ավելի ակտիվ ու աշխույժ է։ Արտակը զուսպ էր, երբեք ոչնչից չէր բողոքում։ 

Արտակի համար ծնողները նույն գյուղում տուն էին գնել, որպեսզի ամուսնանալուց հետո տեղափոխվի առանձին ապրելու։ Նա ընկերուհի ուներ։ Մայրն Արտակի ընտրյալի հետ ծանոթանալ չի հասցրել։ Տղան շատ բան չի պատմել ընկերուհու մասին, ասել է, որ Ստեփանակերտից է, անունը՝ Անի, նկարներն է ցույց տվել, ասել, որ աշխարհի ամենասիրուն ու բարի աղջիկն է, և որ մորը Արտակի ընտրությունը հաստատ դուր կգա։ Մայրն ասում է, որ մինչ օրս չի կարողացել կապ հաստատել աղջկա հետ, Անին սոցցանցերում գրանցված չէ։ 

Արտակի հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 29-ի կեսօրին, ասել է, թե ամեն ինչ լավ է։ Երեկոյան գյուղում խոսակցություն է տարածվել, որ նա զոհվել է։ «Էն, որ երեխային հանգստացնում ասում են՝ մի քանի օրից կգամ, մի քանի օրից կբերեմ, ինքն էլ էդպես էր ինձ հանգստացնում, թե իբր 5 օրից վերադառնալու է, մինչև հիմա իրեն եմ սպասում»,-ասում է մայրը։ 

Որդու մասին պատմելիս Մարոն առանձնացնում է նրա մարդկային հատկանիշները՝ բարի էր, համեստ, չէր սիրում, երբ իր մասին էին խոսում։ 

Արտակի զոհվելուց հետո նրա մարտական ընկերներն այցելել են ընտանիքին։ Բերել են այն ամենը, ինչ մնացել էր Արտակից՝ ուսապարկ, հեռախոս, հագուստ, անձնական իրեր, որոնք նա դիրքեր բարձրանալիս իր հետ տարել էր։ 

«Արտակը շատ ընկերասեր էր, տղաներից մեկն ասեց՝ տիկին Մարո, գիտե՞ք, եթե մի բան ուտեր, որ դիրքերում գտնելը դժվար է, ասենք՝ քաղցրավենիք, 14 մասի էր բաժանում (դիրքի տղաների թվով) ու ստիպում, որ բոլորն ուտեն, որ ինքը հանգիստ լինի»,-պատմում է մայրը։ 

Արտակի համար գնած տան այգում խաղողի վազեր կան, վերջին օրը՝ հոկտեմբերի 25-ին, Արտակն ընտանիքի հետ հավաքել է բերքը։ Հետո զանգել հորն ասել է, որ ամբողջ խաղողից գինի պատրաստեն։ 

Արտակը նկարչական կրթություն չուներ, բայց սիրում էր նկարել, դիմանկարներ էր անում։ Մարոն Արտակի նկարի մոտ դրված անձնական իրերից առանձնացնում է որդու արած երկու դիմանկար ու ցույց տալիս։  Նկարներից մեկում Անին է՝  Արտակի ընտրյալը։ 

Մայրն ասում է, որ Արտակը ուշադիր էր բոլորի նկատմամբ, հատկապես քրոջ՝ Էլենի, որից 15 տարով մեծ էր։ Էլենը գերազանց առաջադիմությամբ է սովորում։ Եղբոր հիշատակին նա բանաստեղծություններ է գրել։ Դրանցից մեկը Մարոն ընթերցում է մեզ համար։ Բանաստեղծության տողերից մեկում ասվում է՝ հայրենիքի համար զոհվում են, չեն մեռնում։ Ընթերցելուց հետո Մարոն ասում է. «Եվ իրոք, իմ տղան չի մեռել, զոհվել է, ինչքան էլ դժվար լինի հավատալ, իրականությունը սա է»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter