HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Մեր լեռները պատերազմի թիկունք չեն». Շվեյցարիայում բողոքի ակցիա են արել Արցախի դեմ պատերազմում ներգրավված տեղական ընկերությունների դեմ

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել շվեյցարական Լա Շո դե Ֆոն քաղաքում գործող «Faulhaber Precistep SA» ընկերության դիմաց, որի պատճառը եղել է իսրայելական մահապարտ (կամիկաձե) ԱԹՍ-ների մեջ շվեյցարական արտադրության դետալների կիրառումը: Այդ ԱԹՍ-ները կիրառվել են Ադրբեջանի կողմից Արցախի եւ հայերի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում:    

Ակցիան «Հետքի» բացահայտման եւ դրան հաջորդած շվեյցարական հրապարակումների արձագանքն է: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում, «Հետքի» գլխավոր խմբագիրն ու լուսանկարիչն ուսումնասիրել էին այդ ժամանակ դեռեւս հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող Շուշիի մերձակայքում մեր հակաօդայինների խոցած թշնամական ԱԹՍ-ն, որը, ինչպես հետո պարզել էինք, իսրայելական «Harop» տեսակի կամիկաձե դրոն էր: Պարզել էինք նաեւ, որ դրանում օգտագործվել են շվեյցարական եւ ֆրանսիական արտադրության դետալներ՝ էլեկտրաշարժիչ եւ ռեոստատ:

Մեր հոդվածին արձագանքել էր շվեյցարական «SRF» հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը, որը հարցումներ էր ուղարկել Շվեյցարիայի էկոնոմիկայի պետքարտուղարությանը (SECO) եւ դրոնի էլեկտրաշարժիչն արտադրած «Faulhaber Minimotor SA» ընկերության մայր կազմակերպությանը՝ գերմանական «Faulhaber» խմբին: Պետքարտուղարությունը շվեյցարական լրատվամիջոցին հայտնել էր, որ նման էլեկտրական սարքերի (էլեկտրաշարժիչների) վրա ապրանքների վերահսկման օրենսդրությունը չի տարածվում, եւ դրանք կարող են արտահանվել առանց թույլտվության։ Ըստ պատասխանի՝ այդպիսի սարքերը կարող են լայնորեն օգտագործվել արդյունաբերության մեջ։ Միաժամանակ էկոնոմիկայի պետքարտուղարությունը հայտարարել էր, որ խնդրո առարկա էլեկտրաշարժիչը կիրառվում է ոչ թե դրոնը վարելու, այլ, թերեւս, դրա թեւերի ծալվող մեխանիզմը գործարկելու համար։ Խոսքը արձակումից առաջ «Harop»-ի ծալված թեւերի բացման մեխանիզմի մասին է:  

Գերմանական խումբն էլ հայտարարել էր, թե ամբողջ աշխարհում իր ապրանքների շարժը կարգավորվում է արտահանման վերահսկողության միջազգային կանոններով, ու կարծիք հայտնել, որ այդ կանոնները գործել են նաեւ իսրայելական ԱԹՍ-ի վրա հայտնված իր դետալի տեղափոխման պարագայում։ «Faulhaber»-ը հաստատել էր, որ էլեկտրաշարժիչն արտադրվել է Շվեյցարիայում՝ նկատելով, որ սարքն իրենից ներկայացնում է փոխանցման տուփ («Faulhaber Minimotor SA»-ի արտադրանքը քայլային էլեկտրաշարժիչ էր), որը կարող է արտահանվել առանց թույլտվության։ Ըստ գերմանական կազմակերպության՝ ինքն արտադրում է նման սարքեր արդյունաբերության տարբեր ճյուղերի համար եւ արտահանում աշխարհով մեկ։ «Մենք սովորաբար նման բաղադրիչները մատակարարում ենք որպես էլեկտրամեխանիկական հանգույցների մաս, որոնք իրենց հերթին տեղադրվում են վերջնական համակարգերում»,- «SRF»-ի լրագրողին հայտնել էր «Faulhaber»-ը։

«Հետքի» հոդվածին արձագանքել էր նաեւ Շվեյցարիայի գերմանալեզու «Die Wochenzeitung» (WOZ) շաբաթաթերթը: Վերջինս գրել էր, որ «Faulhaber Minimotor SA»-ի նման ընկերություններն օգուտ են քաղում վերահսկվող ապրանքների ցուցակներում չներառված արտադրանքի իրացումից։ Թերթի փոխանցմամբ՝ գերմանական «Faulhaber» խումբն ընդհանուր առմամբ 17 դուստր ձեռնարկություն ունի, որոնցից 6-ը գործում են Շվեյցարիայում։ «WOZ»-ը նախկինում անդրադարձել է այս 6-ից երեքին («Faulhaber Precistep SA», «Faulhaber Minimotor SA» եւ «MPS Micro Precision Systems AG»), որոնք չնայած մատակարարում են ռազմական նշանակություն ունեցող ապրանքներ, դրանք որպես այդպիսին զենք չեն համարվում։ 

Ըստ «WOZ»-ի ունեցած տվյալների՝ 2017-ին «Faulhaber»-ի շվեյցարական դուստր ընկերություններն ստացել են ընդհանուր մոտ 4 մլն շվեյցարական ֆրանկ (շուրջ 4,5 մլն դոլար) արժեքով ռազմական նշանակության հատուկ ապրանքներ արտահանելու լիցենզիա։ Ուշագրավ է եղել հատկապես «MPS Micro Precision Systems AG»-ի ստացած պատվերը։ Խոսքը «ռումբեր, տորպեդներ եւ այլ հրթիռներ» կատեգորիայի ավելի քան 850.000 ֆրանկ (մոտ 960.000 դոլար) արժեքով բաղադրիչներ դեպի Իսրայել մատակարարելու մասին է։ Հայտնի չէ, թե կոնկրետ ինչ բաղադրիչների մասին է խոսքը։

Ինչպես ասվեց վերեւում, քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել գերմանական խմբի դուստր ձեռնարկություններից «Faulhaber Precistep SA»-ի դիմաց: Ի տարբերություն «Faulhaber Minimotor SA»-ի, որը գործում է Շվեյցարիայի իտալախոս հատվածում՝ «Faulhaber Precistep SA»-ն գտնվում է ֆրանսախոս Շվեյցարիայում (այս երկիրն ունի 4 պետական լեզու՝ գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն եւ ռոմանշերեն), որը հայտնի է իր ժամագործությամբ, եւ այստեղ գործող շատ ընկերություններ մասնագիտացած են միկրոտեխնոլոգիաների արտադրության մեջ: Կոնկրետ «Faulhaber Precistep SA»-ն արտադրում է ճշգրիտ եւ փոքր քայլային էլեկտրաշարժիչներ:

Բողոքի ակցիայի գլխավոր ասելիքը հետեւյալն էր՝ «պատերազմը բիզնես չէ, աշխատանքից ազատեք ձեր համագործակցող ղեկավարներին»: Քաղաքացիները պաստառներով մտել են նաեւ «Faulhaber Precistep SA»-ի գրասենյակ: Նրանք դատապարտել են «Faulhaber»-ի մասնակցությունն Արցախում հայերի դեմ պատերազմին՝ հղում անելով «Հետքի» լուսանկարներին, որոնք, ըստ ակցիայի մասնակիցների, «մերկացնում են մահվան վաճառականներին»:

«Արտահանման ոչ մի սահմանափակում չի տարածվում «երկակի նշանակության» դետալների վրա, քանի որ դրանք ունեն նաեւ ոչ ռազմական կիրառություն: Այս իրավիճակը մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ ռազմական տեխնիկայի արտահանումն ընդամենը այն շահույթի այսբերգի գագաթն է, որը Շվեյցարիան ստանում է զինված հակամարտություններից: Հանուն շուկայի ազատականության՝ շվեյցարական կառարությունը պաշտպանում է բոսերին, որոնք հարստանում են արյունոտ առեւտրով,- ասվում է ակցիայի մասնակիցների տարածած հաղորդագրության մեջ:- Մեզ ստիպում են մտածել, թե դա անխուսափելի է, բայց մենք գիտենք, որ ձեռնարկություններում, որոնք կառավարում են աշխատողները, մենք կքննարկենք միկրոշարժիչների օգտակարությունն ընթացիկ համավարակի դեմ պայքարում, այլ ոչ թե նրանց պոտենցիալը որպես պատերազմի զենք»:

Հաղորդագրությունն, ըստ էության, կոչ է նաեւ շվեյցարական ձեռնարկություններին, որոնց վերջում դիմել են հաղորդագրության հեղինակները՝ «այն ընկերությունների համար, որոնք ծառայում են ընդհանուր բարօրությանը», «պատերազմն սկսվում է այստեղ, այստեղ էլ մենք այն կդադարեցնենք», «մեր լեռները պատերազմի թիկունք չեն»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter