HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Առուշ Առուշանյանին տեղափոխում են Երևան․ պաշտպանը այլ մանրամասների չի տիրապետում

«Մեզ ասում են, որ մոտ երեսուն րոպեի ընթացքում Առուշ Առուշանյանը կբերվի Քննչական կոմիտե կենտրոնական մասնաշենք, այս պահին իրենց մոտ չէ»,-  այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։ Փաստաբանն այս պահին Առուշանյանի կարգավիճակի վերաբերյալ տեղեկություն չունի, անգամ տեղյակ չէ, թե ինչ գործի շրջանակներում է նա զրկված ազատությունից։

«Իմ մոտ տպավորություն է, որ առևանգել են Առուշանյանին, որովհետև ժամը 06:00-ից մինչև այս պահը մենք որևէ տեղեկություն չունենք իր վերաբերյալ՝ ի՞նչ կարգավիճակ ունի, որտեղ է,  ի՞նչ գործողություններ են արել նրա մասնակցությամբ, ինչո՞ւ այդ մասին տեղյակ չեն պահել»,- նշեց Արմեն Մելքոնյանը՝ ասելով, որ ինքը ոչ միայն Առուշ Առուշանյանի փաստաբանն է, այլ նաև պատերազմի օրերին միասին են կռվել։

«Ինքն իմ հրամանատարն էր, ինձնից բացի ոչ մեկին չէր պահանջի՝ որպես փաստաբան։ Առուշ Առուշանյանն այն տեսակը չէ, որ հեշտ հանձնվի ու տա Սյունիքը»,- վստահություն հայտնեց Արմեն Մելքոնյանը։

Նշենք, որ Առուշ Առուշանյանի անունը շրջանառվում է Քննչական կոմիտեում հարուցված մի քանի քրեական գործորով, սակայն որևէ մեկով նա չունի մեղադրյալի կարգավիճակ, դրանցով հարցաքննվել է որպես վկա։ Նկատի ունենալով, որ այս գործը նոր է փոխանցվում Քննչական կոմիտե՝ կարելի է ենթադրել, որ այն նոր է հարուցվել ոստիկանությունում։ Արմեն Մելքոնյանը նշեց, որ վերջին օրերի ընթացքում Առուշ Առուշանյանը որևէ քրեական գործի շրջանակներում չի հրավիրվել ոստիկանություն՝ բացատրություն տալու։

Հիշեցնենք, որ Առուշանյանը տարվել է ոստիկանություն այսօր առավոտյան։ Ապա, ոստիկանության փոխանցմամբ, տեղափոխվել Քննչական կոմիտե։ Քաղաքապետին բերման ենթարկելու և իրավաբանների աշխատանքի մասին քիչ առաջ գրառում էր կատարել Գորիսի փոխքաղաքապետը: Նա երեկ հայտարարել էր, որ պատրաստվում են փակել Գորիսի դարպասներն ու թույլ չտալ, որպեսզի այսօր Սյունիք այցելած Նիկոլ Փաշինյանը մուտք գործի քաղաք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter