
Փաստաբանները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին պետական դավաճանության վերաբերյալ
Գլխավոր դատախազն ընդունել է Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով Դատախազության դիմաց հավաքված փաստաբաններից երեքին՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին, Արթուր Ղազինյանին և Արամ Վարդևանյանին:
Նշենք, որ այսօր առավոտից երթ իրականացնող փաստաբանները մոտ մեկ ժամ առաջ են հասել դատախազության շենք: Երբ նրանք արդեն շենքի դիմաց էին, Արա Զոհրաբյանն ընթերցեց հանցագործության մասին հաղորդումից հատվածներ:
Այսպես, ըստ փաստաբանների՝ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով փակուղի է մտցրել Ադրբեջանի հետ բանակցությունները, նրա անմիջական հրահանգների արդյունքում ձեռք է բերվել այնպիսի զինտեխնիկա, որը սպասվելիք պատերազմում կիրառվել և բարձր օգտակար գործողության գործակից ունենալ չէր կարող:
Բացի այդ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունը Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշում է կայացրել, և ի թիվս այլ սահմանափակումների, սահմանափակվել է նաև հրապարակային խոսքը, քննադատությունը ռազմական գործողությունների վերաբերյալ: Այս ամենը նպաստել է, որ հասարակությունը պատերազմի զոհերի և գերիների թվի վերաբերյալ իրական ինֆորմացիա չի ստացել: Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում, ըստ փաստաբանների, զորահավաքը թերի է կազմակերպվել, բազմաթիվ մարդիկ, ծանուցված լինելով, այդպես էլ մասնակից չեն դարձել սահմանների պաշտպանությանը:
Ըստ փաստաբանների՝ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով դադարեցվել է լրահամալրումը, նա հրապարակային այնպիսի տեղեկություններ է հայտնել, որոնք հայտնելու իրավունք չուներ, հնարավորություն ունենալով՝ չի դադարեցրել պատերազմը, իսկ նոյեմբերի 9-ին ստորագրել է մի հայտարարություն, որով վտանգի տակ է դրել պետականությունն ու տարածքային ամբողջականությունը:
Նշենք, որ նմանատիպ հաղորդում ավելի վաղ ներկայացրել է նաև Արթուր Ղազինյանը: Վերջինս ելույթ ունենալիս պահանջեց, որ գլխավոր դատախազը գա և շենքի դիմաց բազմաթիվ լրագրողների ներկայությամբ պատասխանի իր գործընկեր իրավաբանների հարցերին, սակայն քիչ անց դատախազությունից հայտնեցին, որ Արթուր Դավթյանը պատրաստ է ընդունել մի քանի փաստաբանի:
Մեկնաբանել