HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կառավարությունը թաքցնում է կորոնավիրուսի օրերին ընկերություններին տրամադրված աջակցության չափերը

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին ծրագրի շրջանակներում պետական բյուջեից հատկացվել է 5.3 մլրդ դրամ: Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան դեռևս այս տարվա սեպտեմբերին հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը՝ հղում անելով Կենտրոնական բանկին և Էկոնոմիկայի նախարարությանը: Սակայն, թե ինչպես է բաշխվել այս գումարը՝ որ տնտեսվարողը որքան է ստացել, Կառավարությունը չի հայտնում: 

Առաջին ծրագրով տնտեսվարողներին օժանդակություն է տրամադրվել բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից նրանց տրամադրված վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման ու տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:

Կառավարությանը խնդրել էինք տրամադրել աջակցություն ստացած ընկերությունների ցանկն ու յուրաքանչյուր ընկերության ստացած աջակցության չափը, որի համար փոխվարչապետի գրասենյակը 30 օր ժամանակ էր պահանջել: Նոյեմբերի սկզբին գրասենյակից բանավոր, իսկ ավելի ուշ գրավոր պատասխանեցին, որ հրապարակվում է միայն աջակցություն ստացած ընկերությունների ցանկը: Իսկ աջակցության չափը կառավարությունը բանկային ու առևտրային գաղտնիք է համարում: Սա վերաբերում է ոչ միայն առաջին ծրագրին, այլև՝ մնացած բոլոր ծրագրերին: Այսինքն՝ պետական բյուջեից տնտեսվարողներին գումար է տրամադրել աջակցության տեսքով, սակայն Կառավարությունը փակ է պահում տեղեկություններն՝ ըստ ընկերությունների ստացած աջակցության չափերի՝ այն համարելով գաղտնիք:

«Էկոնոմիկայի նախարարությունն ու Կենտրոնական բանկը տեղեկացրել են, որ այդ տեղեկատվությունը, համաձայն ՀՀ օրենսդրության, հանդիսանում է բանկային և առևտրային գաղտնիք պարունակող տեղեկատվություն և առանց տնտեսվարող սուբյեկտի կամ ֆիզիկական անձի համաձայնության չի կարող հրապարակվել կամ տրամադրվել այլ անձանց»,- նշված է մեր հարցման պատասխանում:

Ի դեպ, թեև պատասխանում հղում է արվում ՀՀ օրենսդրությանը, սակայն չի հիմնավորվում, թե կոնկրետ որ օրենքով ու դրույթով է դա գաղտնիք համարվում:

Էկոնոմիկայի նախարարության կայքում, ըստ առանձին ծրագրերի, հրապարկված են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում աջակցություն ստացած տնտեսվարողների ցանկերը՝ առանց աջակցության չափերի: Տնտեսական աջակցության ծրագրերը 12-ն են: Սա չի ներառում սոցիալական ծրագրերը, որի շրջանակներում անհատներին տրամադրվել է միանվագ դրամական օգնություն:

Միայն առաջին ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 1000-ը: Ընդ որում՝ հրապարակվել են միայն այն ընկերությունների անունները, որոնք գրավոր համաձայնություն են տվել, որ իրենց անունները հրապարակվեն որպես աջակցության այս ծրագրից օգտվող տնտեսվարողներ:

Հատկանշական է, որ այս ցանկում կան և՛ հայտնի խոշոր տնտեսվարողներ, և՛ փոքր շրջանառություն ունեցող: Մասնավորապես, այս ցանկում են ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունների մի մասը՝ «Ալեքս տեքստիլ», «Ալեքս հոլդինգ», «Ալեքս ընդ հոլդինգ», «Սիթի» ՍՊԸ-ները: Ընդ որում՝ այս ընկերությունների անունները ցանկում հանդիպում են երեք անգամ: Եվ պարզ չէ՝ այս ցանկը կազմողների ու հրապարակողների անփութության արդյու՞նքն է, թե՞ այդ ընկերությունները երեք անգամ են օգտվել ծրագրից:

Առաջին ծրագրի շրջանակներում խոշոր և առավել հայտնի ընկերությունների շարքում են SAS սուպերմարկետների ցանցը շահագործող «Սաս-գրուպ» ՍՊԸ-ն, «Զիգզագ» ՍՊԸ-ն, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն, «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ-ն, Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն և բազմաթիվ այլ ընկերություններ:

Մենք առաջիկայում կփորձենք Կառավարությունից ստանալ կոնկրետ նշված ընկերություններին տրամադրված աջակցության չափերի մասին տեղեկատվություն, որոնց պարագայում Մհեր Գրիգորյանի գրասենյակը կարող է առանձին թույլտվություն ստանալ այդ ընկերություններից՝ չխախտելով, ինչպես իրենք են մատնանշում, առևտրային ու բանկային գաղտնիքը, ու տրամադրել տեղեկությունները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter