HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տեղահանված արցախցիները հույս չունեն, որ խաղաղություն կլինի

Մանվել Դավթյանը որդու եւ դստեր ընտանիքների հետ արդեն մեկ ամիս է բնակվում է Արմավիրի մարզի Արշալույս համայնքի մանկապարտեզի շենքում: Երկու առանձին ընտանիքներն Արցախում թողել են իրեն տներն ու ունեցվածքը և պատերազմի հետեւանքով հարկադրված տեղափոխվել Հայաստան:

Դավթյանները Հադրութ քաղաքից են: Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվել է Ադրբեջանի հարձակումը, կարծել են, թե հերթական կարճատև կրակոցներն են: Հարսի ու 4 թոռների Մանվելի կինը՝ Անուշիկ Դավթյանը, իջել է նկուղ՝ հուսալով, որ շուտով կհանդարտվի: 4 օր ապրել են նկուղում: Տեսնելով, որ կրակոցներն ու պայթյունի ձայները չեն դադարում, տեղափոխվել են Արցախի այլ բնակավայր՝ նորից տուն դառնալու մտադրությամբ:

Օրեր անց ստիպված են եղել լքել նաև այդ բնակավայրը, քանի որ պատերազմական գոտին ընդլայնվում էր: Հոկտեմբերի 8-ից տեղափոխվել են Հայաստան. Արցախում արդեն անվտանգ չէր: Սկզբում ապրել են Էջմիածին քաղաքում, այժմ էլ՝ Արշալույսի մանկապարտեզի շենքում են տեղավորվել:

Մանկապարտեզի շենքում է ապրում նաև տիկին Անուշիկի դստեր ընտանիքը՝ 4 անչափահաս երեխաներով: Մոտ մեկ ամսից ծնվելու է նրանց 5-րդ երեխան: Նրանք էլ ապրել են Հադրութի շրջանի Տող գյուղում: Այնտեղ ունեցել են երկու տուն, զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով, սակայն այսօր անելանելի վիճակում են: Չգիտեն, թե մանկապարտեզից դուրս գալուց հետո անչափահաս երեխաների հետ ուր են տեղափոխվելու:

Թե’ աղջիկը, թե’ նրա ամուսինը ամաչեցին խոսել իրենց դժվարությունների մասին: Հույս չունեն, որ իրենց որևէ մեկը կօգնի, որ սեփական տանիք կունենան:

«Այստեղ մեզ շատ լավ են վերաբերվում, ուտելիք, հագուստ, ամեն ինչ տալիս են, բայց սա հիմնական չէ: Ինչքա՞ն կարող ենք ապրել մանկապարտեզում: Շորերով քնում ու վեր ենք կենում, քանի որ նույն սենյակում այլ ընտանիքներ էլ կան»,-ասում է տիկին Անուշիկը:

Մինչ նա պատմում էր, որ Հադրութում թողել են երկհարկանի տուն, գոմում՝ 30 խոզ, մառանում՝ 15 տոննա գարի, իսկ բակում կայանված են մնացել ավտոմեքենաները, ամուսինը՝ Մանվել Դավթյանը, գլուխն ափերի մեջ առած՝ խնդրում էր իրեն թույլ տալ կես ժամով գնալ Հադրութ:

«Իմ աչքին ոչ մի բան չի գալիս: Միայն ինձ թույլ տան Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ գնամ Հադրութ ու մի բուռ հող բերեմ իմ տղու գերեզմանից: Ես քունս կորցրել եմ, ամեն օր երազ եմ տեսնում, մահացած տղես երազիս գալիս ու ասում ա, որ իրեն մենակ ու անտեր ենք թողել: Նույնիսկ տղուս նկարը չեմ բերել, պատից կախված մնաց»,-երեխայի պես հեկեկում էր Մանվել Դավթյանը:

Դավթյանների որդիներից մեկը 8 տարի առաջ հիվանդությունից մահացել է Հադրութում: Այս տարիների ընթացքում խնամքով պահել են մահացած որդու «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան: Պարբերաբար հայտնվել են գնորդներ, սակայն չեն վաճառել, քանի որ թոռը խնդրել է հոր ավտոմեքենան չվաճառել: Այս պատերազմի ժամանակ չեն հասցրել ավտոմեքենան հանել բակից և հիմա մեղքի զգացում ունեն:

«Թոռս ասում ա՝ բաբո, խի՞ պապայի մեքենան դուրս չեք հանել, անընդհատ մեքենայի մասին ա խոսում, որ իր հորն էր: Հիմա ինձ մեղավոր եմ զգում»,-ասում է Ա. Դավթյանը:

Մանվել Դավթյանը որոշել էր մինչև վերջ մնալ Հադրութում և այնտեղ էլ մահանալ: Սկզբում հրաժարվել է Հադրութը լքել, սակայն հետո ստիպված է եղել, քանի որ մյուս որդին՝ Վիգենը, ռազմի դաշտում վիրավորվել է ոտքից և ստիպված են եղել տեղափոխել Երևան:

Տիկին Անուշիկը պատմեց, որ արդեն 11 տարի Վիգենը պայմանագրային զինծառայող է: Նորմալ աշխատել, ապրել են, մի բան էլ ավելին՝ կարողացել են աջակցել իրենց մահացած որդու՝ Երևանում ապրող զավակներին: Այժմ վատ վիճակում են ու չգիտեն, թե ինչպես են ոտքի կանգնելու: Տեղեկություններ ունեն, որ ադրբեջանական զորքն ամբողջությամբ այրել է Հադրութի իրենց տները, եթե նույնիսկ հրաշքով վերադառնալու տարբերակ լինի, դարձյալ տուն չեն ունենա: Բայց նույնիսկ վրանի տակ քնելու պայմանով համաձայն են վերադառնալ Հադրութ:

«Եթե ես իմանամ խաղաղություն կլինի, իմանամ՝ ամեն ինչ նորմալ ա, կգնամ: Բայց ես գիտեմ, որ խաղաղություն չկա: Ապագա չունենք մեզ: Հլը ես վախենում եմ, որ Հայաստանի վրա կհարձկվեն:  Էսքան կորուստ են տվել մարդիկ, ուր գնում եմ՝ սև լենտերը գրած, կպցրած ա, անունների կողքին 19, 20 տարեկան ա գրած: Իմանում ես իմ համար հե՞շտ ա: Ես երեք պատերազմ եմ տեսել, բայց այս մեկը ահավոր էր: Մենք չէինք սպասում, որ նման բան ենք տեսնելու»,-ասում է Ա. Դավթյանը:

Ընտանիքին հանգիստ չի տալիս նաև լուրը, որ իրենց հարևան 84-ամյա Միշա Մելքումյանին ադրբեջանցիները գերեվարել, ապա սպանել են: «Ես չգիտեմ, թե ով ինչ է արել, բայց ինչ արել են, թող Եռաբլուրի առաջ պատասխան տան: Սերունդներ կորցրինք»,-ասում է Մանվել Դավթյանն ու սրբում արցունքները:

Արմավիրի մարզում 3561 տեղահանված արցախցի է ապրում

Դեկտեմբերի 24-ի դրությամբ Արմավիրի մարզի 78 համայնքում ապրում է 3561 տեղահանված արցախցի: Համայնքների ցանկին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Արմավիրի մարզպետարանից «Հետք»-ին տեղեկացնում են, որ մարզ տեղափոխված արցախցիները հիմնականում Ստեփանակերտ, Շուշի, Հադրութ քաղաքներից են, Հադրութի շրջանի Տումի, Շահումյանի շրջանի Եղեգնուտ, Նոր Կարաչինար, Քաշաթաղի շրջանի Բերձոր, Ասկերանի շրջանի Կարմիր գյուղ, Խնածախ, Աստղաշեն, Մարտակերտի շրջանի Վաղահաս, Նոր Ղազանչ, Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքներից:

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանում կամ Արցախում գտնվող քաղաքացիները, որոնք ունեն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի համայնքի հաշվառում, որպես օժանդակություն կստանան միանվագ դրամական օգնություն յուրաքանչյուր շահառուի համար 300 հազար դրամ:

Մանվել Դավթյանի ընտանիքը դեկտեմբերի 26-ի դրությամբ դեռ չէր ստացել աջակցության գումարը:

Արմավիրի մարզում արցախցիներն ապրում են դատարկ տներում, ընտանիքների հետ, ինչպես նաև մանկապարտեզների, հյուրանոցների շենքերում:

Ըստ մարզպետարանի՝ սկզբից ևեթ արցախցի ընտանիքների համար մանկապարտեզի շենքերը որպես կացարան են ծառայել 7՝ Արշալույս, Արտիմետ, Գեղակերտ, Լուսագյուղ, Մուսալեռ, Պտղունք, Քարակերտ համայնքներում:

Գլխավոր լուսանկարում՝ Մանվել Դավթյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter