
Նաիրա Զոհրաբյանն ազատվեց ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից. լրացված
Լրացված 14:50
78 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ Նաիրա Զոհրաբյանն ազատվեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Քվեարկությունը տեղի է ունեցել փակ-գաղտնի ընթացակարգով։
11:25
Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվում է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները դադարեցնելու հարցը: Նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցությունը, այն ներկայացրեց խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: Պատգամավորը մինչ հիմնավորումները ներկայացնելն ասաց, որ հանձնաժողովների նախագահների թեկնածությունները խմբակցությունների քաղաքական որոշումների կայացման և կազմակերպման տիրույթում են, և չկան առանձին պահանջներ, որոնց պետք է բավարարի թեկնածուն:
Այնուհետև Հովհաննիսյանը սկսեց ընթերցել Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումներից, օրինակ դեկտեմբերի 17-ի գրառումը, որում մասնավորապես ասված է` «Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»:
Հովհաննիսյանի խոսքով` Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահը, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է:
Տեղեկացնենք, որ քննարկմանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկա չէ: ԲՀԿ-ական պատգամավորները դեկտեմբերի 28-ին հրավիրված ասուլիսին հայտնել են, որ նոր թեկնածու չեն առաջադրելու, եթե նրանք երկշաբաթյա ժամկետում թեկնածու չառաջադրեն, հանձնաժողովի նախագահի քվոտան անցնելու է իշխող մեծամասնությանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գրանցվելուց հետո լքել է նիստերի դահլիճը:
Մեկնաբանել