HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զբոսավարներ. «2021-ին էլ զբոսաշրջություն չի լինի համավարակի պատճառով»

2020-ի սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտում արցախցի եւ հայաստանցի զբոսավար ընկերներով տոնում էին Արցախի մայրաքաղաքի օրը: Խաղաղության կենացներ էին հնչում: Հաջորդ օրը վաղ առավոտյան քաղաքում պայթեցին առաջին արկերը: Արկերից մեկն ընկել էր հենց այն հյուրանոցի մոտ, որտեղ իջեւանել էին Հայաստանից Արցախ գնացած զբոսավարները: Նրանք այդ օրերին Արցախի կառավարության հետ իրականացնում էին արցախցի զբոսավարների վերապատրաստման ծրագիր: Դրա ավարտին մնացել էր երկու օր:

«Կարծես, ֆիլմից դրվագներ լինեին մտքիս մեջ: Երբ առաջին պայթյունները եղան, մտածեցի՝ հրավառություն է, նույնիսկ մտածում էի՝ էս ժամին ի՞նչ հրավառություն: Հետո պատուհանից տեսա գործընկերոջս, որ կիսահագնված վազում էր բակում: Մի քանի անգամ շենքը ցնցվեց, մտածում էի՝ երկրաշարժ է: Չնայած երկու տարի ծառայել եմ Արցախում, չէի հասկանում՝ ինչ է կատարվում»,- ասում է Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը: Իսկ երբ արդեն հասկացել էին, թե ինչ է տեղի ունեցել, այդուհանդերձ, չէին ընկալել պահի լրջությունը:

Հայաստան վերադառնալուց հետո Յաշան ներկայացել էր զինկոմիսարիատ՝ կամավորագրվելու համար: Այդտեղ ասել էին, որ կզանգահարեն: Երկու օր անց տեսնելով, որ չեն զանգում՝ զբոսավարը դիմել էր արտգործնախարարություն՝ որպես թարգմանիչ իր աշխատանքով օգտակար լինելու համար: ԱԳՆ-ից առաջարկել էին ուղեկցել օտարերկրացի լրագրողներին Արցախում: Խոսքը գերմանական «Բիլդ» պարբերականի խմբագրի ու լուսանկարչի մասին էր: Հոկտեմբերի 3-ին ճանապարհ էին ընկել Արցախ: Մյուս զբոսավարները, որոնք նույնպես չէին կանչվել զինկոմիսարիատի կողմից, եւս կամավորությամբ աշխատել են որպես «ֆիքսերներ»: Նրանք ուղեկցում էին օտարերկրացի լրագրողներին «ԲիԲիՍի», «Ալ Ջազիրա», «Լիբերասիոն», «Ֆիգարո» եւ այլ լրատվամիջոցներից: «Եվ այդպես դարձանք պատերազմի զբոսավարներ»,- ասում է Յաշան:

Իսկ այն զբոսավարները, ովքեր Արցախում չէին, կամավորություն էին անում թիկունքում:

«2020 թվականը բացառապես կամավորության տարի էր»

2020 թ. կորոնովիրուսի հարվածներից մեկն ստացավ զբոսաշրջության ոլորտը: Տարվա ընթացքում զբոսաշրջիկների խմբերն սկսել էին չեղարկել իրենց այցելությունները Հայաստան եւ Արցախ: Իսկ չեղարկումներից տուժած զբոսավարները մի ամբողջ տարի կամավորություն են արել: Յաշա Սոլոմոնյանի խոսքով՝ 2020 թվականը բացառապես կամավորության տարի էր իրենց համար: Ամեն դեպքում, անցյալ տարի հույս կար, որ գոնե աշնանը զբոսաշրջային թեթեւ շարժ կլիներ: Տուրիստական որոշ խմբեր պատրաստվում էին Հայաստան գալ: Յաշայի պարագայում դա շվեյցարացիների խումբն էր, որը մինչեւ պատերազմը դեռ չէր չեղարկել իր այցելությունը: Սակայն պատերազմը հուժկու հարված հասցրեց զբոսաշրջային ոլորտին՝ արմատապես քարուքանդ անելով այն: «Մոտավորապես էն պահն է, երբ անկյուն ես քաշվում, որտեղից երեւում են դրական եւ բացասական բաները: Եվ սկսում ես ելքեր փնտրել: Այդ ժամանակ միանում է կրեատիվը: Գոյատեւելու պայքարի մեջ սկսում են ի հայտ գալ նոր որակներ»,- ասում է Յաշան:

Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Զարուհի Օրբելյանի կարծիքով՝ 2020-ի բացասական կողմերն ակնհայտ են բոլորին: Զբոսաշրջության ոլորտի մարդիկ, ովքեր սովոր են գրասենյակից դուրս աշխատել, շփվել մարդկանց հետ, կորցրեցին աշխատանքը եւ, բնականաբար, ֆինանսապես տուժեցին: Ստեղծված իրավիճակում նրանք սկսեցին ելքեր փնտրել: Ըստ Զարուհու՝ արդյունքում զբոսավարներն սկսեցին ավելի լավ -ճանաչել միմյանց: Աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով շփումները շատ գործընկերների միջեւ հաճախ սահմանափակվում էին հավաքույթներով: Իսկ համավարակի պատճառով ստեղծված ազատ ժամանակը ոչ միայն ասոցիացիայի, այլեւ մյուս զբոսավարներին հնարավորություն ընձեռեց մտերմանալ, համախմբվել գաղափարների շուրջ: Եվ դա, ըստ Զարուհու, 2020 թվականին այս ոլորտի ամենադրական կողմն էր:

Ելքեր փնտրելուց մեկը Հայաստանի բոլոր մարզերում հուշարձանների շրջակայքի աղբահանությունն էր: Չնայած մինչեւ համավարակն էլ զբոսավարները հաճախ են կազմակերպել շաբաթօրյակներ: 2020-ի ամռանը ասոցիացիան մի քանի նախագծեր է իրականացրել միջազգային տարբեր կազմակերպությունների ֆինանսավորմամբ: Մասնավորապես՝ մոտ 290 զբոսավար 200 տոննա աղբ է հավաքել Հայաստանի բոլոր մարզերում: «Սա էլի կամավորության սկզբունքով էր, ուղղակի պետք էր տեսնել աղբի վիճակն ու քանակը: Եթե չլիներ նվիրվածությունն ու կամավորության սկզբունքը, ապա, այսպես ասած, ոչ մի գումարի դիմաց չարժեր անել»,- նկատում է Յաշան:

Իսկ երբ պատերազմն սկսվեց, զբոսավարներից շատերն անցան կամավորական աշխատանքի: Ասոցիացիայի վարչության անդամ Կատար Թասլակյանն ասում է՝ պահեստներում չոր սնունդ էին փաթեթավորում, պաշտպանիչ-քողարկող ցանցեր էին գործում, Արցախից տեղահանված ընտանիքների համար ժամանակավոր կացարան էին գտնում, մի խոսքով՝ այդ պահին անհրաժեշտ աշխատանքն էին անում: Կատարը մատնացույց է անում Զարուհուն՝ նշելով, որ վերջինս իր ընտանիքի հետ պատերազմի առաջին օրվանից անձնվեր կամավորություն էր անում: Մինչեւ այս պահն էլ զբոսավարները շարունակում են աջակցություն ցուցաբերել արցախցիներին: Կատարի խոսքով՝ 50 երեխայի Ձմեռ պապն են դարձել: Երեխաներից յուրաքանչյուրին զբոսավար-Ձմեռ պապը նվերներ է հանձնելու:

«Չնայած այս շատ դժվար իրավիճակներին, այս ամբողջ ողբերգությանը՝ նաեւ շատ դրական բաներ կային: Եվ դա մարդիկ են: Այս ամբողջ ընթացքում ծանոթացա շատ մարդկանց, մտերմացանք շատ գործընկերների հետ, երբ նախկինում միայն բարեւ էինք տալիս իրար: Սերն ու ջերմությունն այնքան շատ է այս կարճ ժամանակում: Մեր շուրջը գտնվող մարդիկ այն անգին գանձերն են, որոնց պետք է փայփայենք: Այս մռայլ անորոշության մեջ իրենք այն լույսերն են, որոնց պետք է փայփայենք»,- ասում է Կատարը:

Զբոսավարները 2021 թվականին տուրիզմի ոլորտից առանձնապես ակնկալիքներ չունեն: Զարուհու խոսքով՝ զբոսաշրջություն չի լինի, եւ պատճառը կլինի համավարակը: Ըստ նրա՝ այս առումով պատերազմական իրավիճակն էլ որեւէ ազդեցություն չունի: «Համավարակով պատված լրատվական դաշտ գոյություն ունի, որը չի թողնում, որպեսզի այլ լրատվություն մտնի այդ դաշտ: Շատ երկրներում կցկտուր տեղեկություններ ունեն այս պատերազմի մասին, իրենց թվում է, թե կոնֆլիկտ եղավ երկու երկրների միջեւ, հետո անցավ»,- նկատում է զբոսավարը:

Յաշա Սոլոմոնյանի խոսքով՝ զբոսաշրջությունն առհասարակ ձեւափոխվել է աշխարհում: Եվ ստեղծված իրավիճակում դժվար է ասել, թե ինչ կլինի 2021-ին: «Հուսամ, որ պատկան մարմինները, որոնք պատասխանատու են զբոսաշրջության համար, գոնե այս պահից սկսած (չնայած արդեն ուշ է) կսկսեն աշխատել այդ տրանսֆորմացիայի վրա, որ հետ չմնանք: Այո, բան է փոխվել, բայց փոփոխվող աշխարհում կենսունակ են նրանք, ովքեր կարողանում են համահունչ փոփոխվել»,- նշում է Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի ղեկավարը:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter