HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Փաշինյանը խուսափում է Արցախի պաշտպանության բանակի մասին հարցերին ուղիղ պատասխանելուց

սկիզբը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նոյեմբերի 9-ին հրադադարի վերաբերյալ համաձայնության է եկել Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հետ, խուսափում է կոնկրետ պատասխան տալ Արցախի բանակին վերաբերող հարցերին:

Դեկտեմբերի 16-ին, երբ ադրբեջանցիներն արդեն (դեկտեմբերի 11-ին) գրոհել ու գրավել էին Հադրութի շրջանի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող վերջին գոտին՝ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածը, ու ինչպես հետո պարզվեց, սպանել էին 9 հոգու եւ գերի վերցրել 64-ին, վարչապետին մի քանի հարց էինք ուղղել Արցախի շուրջ իրավիճակի եւ Հայաստանի սահմաններին վերաբերող խնդրի մասին:

Թե անցած դեկտեմբերին իրար հակասող ինչ հայտարարություններ են արել պետական մարմինները նույն Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում կատարվածի վերաբերյալ, անդրադարձել ենք նախորդ հոդվածում:

Այս անգամ կանդրադառնանք երկու հարցի, որոնք, ի թիվ մյուսների, ուղղել էինք վարչապետին:

Հարցերից առաջինի համար հիմք էին ծառայել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում իրականացրած սադրանքից հետո ադրբեջանական կողմի հայտարարությունները: Չնայած նոյեմբերյան եռակողմ հայտարարության 1-ին կետով ամրագրվել էր, որ «Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում», Ադրբեջանը դեկտեմբերի 11-ին խախտեց այդ կետն ու գրոհ ձեռնարկեց Խծաբերդի եւ Հին Թաղերի հայկական դիրքերի ուղղությամբ: Դրանից հետո ադրբեջանցի պաշտոնյաների արդարացում-հիմնավորումն այն էր, թե իբր այդտեղ գտնվում էին ոչ մեկին չենթարկվող զինյալներ, ինչը թշնամուն բնորոշ ակնհայտ կեղծիք էր, մյուս կողմից էլ՝ հակասելով իրենք իրենց, ադրբեջանցիները շեշտը դրեցին եռակողմ հայտարարության 4-րդ կետի վրա՝ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»: Այսինքն՝ թշնամին նաեւ այս կերպ էր արդարացնում իր կողմից էսկալացիան՝ հայկական զորքը պիտի դուրս բերվի ԼՂ-ից:

Փաշինյանը ստորագրել է մի թղթի տակ, որը շատ մեծ խնդիրներ է ստեղծում ոչ միայն ներկայի, այլեւ ապագայի համար: Ի՞նչ է նշանակում դուրս բերվող «հայկական զինված ուժեր». արդյո՞ք խոսքը ՀՀ զինուժի մասին է, թե՞ (նաեւ) Արցախի պաշտպանության բանակի: Սա մի կետ է, որն արդեն շահարկվում է թշնամու կողմից: Երկրորդ՝ հայտարարության մեջ կողմեր են համարվել Ադրբեջանն ու ՀՀ-ն, եւ թղթի վրա նշվել է, որ նրանք կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում. այսինքն՝ միմյանց դեմ կռվել են Հայաստանն ու Ադրբեջա՞նը, եւ վերջինիս միջազգայնորեն ճանաչված տարածքներում եղել է մեկ այլ պետության՝ Հայաստանի Հանրապետության բանա՞կը: Սեփական ձեռքով էլ ինչպե՞ս կարելի է ամրապնդել թշնամական պրոպագանդայի կողմից տարիներ շարունակ մատուցվող թեզն այն մասին, թե իբր սա տարածքային հակամարտություն է, ու Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի մի մասը: Փաշինյանի ստորագրությամբ այս հայտարարությունը հետագայում ադրբեջանցիներն անընդհատ կարող են իբրեւ ՀՀ իշխանությունների «խոստովանություն» մատուցել, եթե, իհարկե, արդեն չեն անում:

Եվ այսպես՝ մեր հարցերից մեկը վարչապետին հետեւյալն էր:

-Ադրբեջանական կողմը եռակողմ հայտարարությունը մեկնաբանում է 4-րդ կետի տրամաբանությամբ, այն է՝ ՌԴ խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Արդյոք սա նշանակում է, որ ԼՂՀ-ում հայկական ուժեր չպիտի լինեն: Ընդհանրապես, ի՞նչ է նշանակում այս կետը, որը նման մեկնաբանության տեղիք է տվել: Ինչպիսի՞ եռակողմ «ըմբռնում» է եղել հայտարարությունը ստորագրելիս ըմբռնում» տերմինը շրջանառության մեջ դրեց հենց ինքը՝ Փաշինյանը, դեկտեմբերի 13-ին կայացած անվտանգության խորհրդի նիստում, երբ հայտարարեց, թե Ղուբաթլուի ու Զանգելանի շրջանների վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա, որովհետեւ ստորագրման պահին այդ տարածքերը մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, իսկ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող փոքր հատվածների մասով, ըստ նրա, բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այդտեղ պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում. ինչպես շուտով պարզվեց, խոսքը, պարզ լեզվով ասած, այդ հատվածները թշնամուն հանձնելու մասին էր, ինչն էլ արվեց դեկտեմբերին):

Ահա, թե դեկտեմբերի 30-ին ինչ է պատասխանել Ն. Փաշինյանի աշխատակազմը մեր հարցին:

-Ինչպես բազմիցս արդեն նշել է ՀՀ վարչապետը, եռակողմ հայտարարությունը պարունակում է ինչպես հստակ գործողություններ եւ պարտավորություններ ենթադրող, այնպես էլ որոշակի նրբություններ պարունակող եւ հետագա հստակեցման կարիք ունեցող կետեր: ՌԴ խաղաղապահ ուժերը շարունակում են խաղաղապահական առաքելության պատասխանատվության գոտում իրենց տեղակայումը, եւ դրան զուգահեռ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են իրականացնել մարտական ծառայություն:

Այստեղից կարող ենք հետեւություն անել, որ Արցախի ՊԲ-ի վերաբերյալ կոնկրետություն չկա, ու վարչապետի աշխատակազմն էլ խոստովանում է, որ կան «որոշակի նրբություններ պարունակող եւ հետագա հստակեցման կարիք ունեցող կետեր»:

-Ինչպիսի՞ն է լինելու ԼՂՀ պաշտպանության բանակի ապագան: ԼՂՀ-ն բանակ ունենալու՞ է: Ի՞նչ եք պայմանավորվել այս ուղղությամբ Պուտինի եւ Ալիեւի հետ թեկուզ բանավոր: Ինչպիսի՞ եռակողմ «ըմբռնում» է եղել այս հարցով:

-Արցախի պաշտպանության բանակն իրականացնում է Արցախի պաշտպանությանն ուղղված իր գործառույթները:

Սա էլ ոչինչ չասող պատասխան է, որն ապացուցում է ՊԲ-ի շուրջ առկա անորոշությունը:

Շարունակելի

Մեկնաբանություններ (1)

ned
plaese be realistic and understand NKB is recognazed internationally as part of Azarbayjan... Following latest agreement there will be only Azeri army and russion peace keepers...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter