HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Խաչի զինվորները». 19-ամյա ընկերները մարտի դաշտում բազմաթիվ վիրավորների կյանք են փրկել

Նախասրահի լրագրասեղանի մոտ նստած երկու բուժակ ընկերները մերթ լուռ են, մերթ իրար պատմածն են լրացնում։ Նրանք պատերազմի դեմքը շատ մոտիկից են տեսել։ Մարտի դաշտում կրակահերթերի, անօդաչու թռչող սարքերի հարվածների տակ վիրավորների կյանքեր են փրկել շտապօգնության մեքենայով՝ «ՈւԱԶ»-ներով։ Օգնությունը ցուցաբերել են հենց ճանապարհին՝ ընթացքի մեջ։ Զինվորները նրանց մեքենան անվանում էին «խաչի ավտո»։ Հիմա, երբ հրանոթները լռել են, պատերազմի ստվերներն արթնացել ու լցվել են նրանց ներկա։ Եվ որքան էլ փորձում են մոռանալ տեսածը, պատերազմի երկաթյա դեմքը սառն ու անողոք հիշեցնում է անցած օրերի մասին։

-Փաստորեն, ուսանողական ընկերներ էիք,- զրույցը սկսում եմ ես։

-Հիմա նաեւ մարտական,- ժպիտ է հայտնվում Հակոբի դեմքին ու նաեւ հպարտություն։ Հետո ժպիտը վերափոխվում է մի տեսակ ծանր լրջության։ Տիգրանի ձեռքը դեռ վիրակապի մեջ է։ Պատերազմի հետեւանքներն անընդհատ նրա աչքի առաջ են։

19-ամյա Հակոբ Գասպարյանն ու Տիգրան Բաբայանը սովորել են Երեւանի պետական բժշկական համալսարանի քոլեջում: 4 տարի սովորելուց հետո՝ 2020 թ., ծառայության են անցել Արցախի պաշտպանության բանակում որպես բուժակներ: Տիգրանն ասում է՝ թեեւ հնարավորություն ուներ 6 ամիս ուշ զորակոչվելու, անձամբ էր դիմել զինկոմիսարիատ, որ զորակոչվեր։ Երկուսով ուզում էին միասին անցնել ծառայությունը, որը 3 տարով է (տղաները համապատասխան պայմանագիր են ստորագրել ՊՆ-ի հետ)։

Ծառայության մեկնարկից 16 օր անց սկսվել է պատերազմը։ Սեպտեմբերի 25-ին Տիգրանը դիրքերից իջել էր, իսկ Հակոբը նույն օրը բարձրացել էր դիրքեր: «Պատերազմը, որ սկսվեց, մենք արդեն դիրքերում էինք։ Առավոտ էր։ Ձայներ էինք լսում։ Տղաներից մեկը մտավ, ասաց՝ պատերազմ է սկսվել։ Մեր պատկերացումները պատերազմի մասին լրիվ ուրիշ էին։ Հեռվում տեսա ինչ-որ պայթյուններ։ Արագ հագնվեցինք, հետո ստացանք առաջին լուրը վիրավորի մասին։ Մեր հետեւից անմիջապես շտապօգնության մեքենան շարժվեց, չգիտեմ ԱԹՍ-ի, թե հրետանու հարվածից էր, մեքենայի հետեւից պայթուն լսվեց»,- պատմում է Հակոբը: Տիգրանն ավելացնում է՝ այդ օրն իրենց կապ տվեցին, որ վիրավոր պետք է վերցնեն, ու ասացին, որ թշնամին շտապօգնութան մեքենան պայթեցրել է: Ինքը, մյուս բուժակը՝ Համլետը, եւ վարորդը պատրաստվում էին մեքենա նստել, երբ մոտեցել էր Հակոբենց մեքենան, եւ Հակոբը միջից դուրս էր եկել։ Տղաներն անակնկալի էին եկել՝ տեսնելով, որ բուժական անձնակազմը ողջ-առողջ է։

Երբ պատերազմը սկսվեց, Տիգրանն ասում է՝ սկզբից չէր պատկերացնում, թե ինչ է կատարվում։

-Ես մեր երկու բուժակներից մեկի հետ մեր տանն էի։ Հայկոն քնից հանեց, ասեց՝ էս ինչ ձեներ են, ես էլ որ մի շաբաթ եղել էի պոստերում, ասեցի՝ նորմալ ա, քնի։ Ինքն էլ քնեց: Հետո ուժեղ պայթյունից ենք արթնացել, մոտեցա պատուհանին, զորամասի տագնապի ազդանշանն էր միացել։ Ճանապարհին կիսատ-պռատ հագնվելով, վազելով՝ հասա զորամաս, 2-3 րոպե հետո նստել ենք շտապօգնության մեքենան եւ գնացել դիրքեր,- հիշում է Տիգրանը:

Պատերազմի մասին պատկերացումները միանգամից փոխվել են ռազմի դաշտում։ Դա այլեւս իրար վրա կրակելը չէր. մի կողմից՝ հրետանու, մյուս կողմից՝ ԱԹՍ-ների հարվածներ էին։ Հադրութն արկակոծվում էր։ Առաջին վիրավորներին օգնություն ցույց տալը դարձավ պատերազմի շոկային դրվագ նորակոչիկ բուժակների համար։

-Առաջին դրվագներից մեկը, որ տպավորվել է, այն էր, երբ իմ ու մյուս բուժակի ձեռքերում մարդ մահացավ։ Երկուսիս համար էլ ծանր էր։ Երկուսս էլ լացում էինք։ Չգիտեմ՝ էդ պահին ինչ համոզմունք ունես, ասում ես՝ ինչի՞ պիտի մենք տուն գնանք, ինքը՝ չէ,- ասում է Տիգրանը։ Նրա դեմքին հայտնվում է անկշիռ ծանրություն, կարծես, պատմելու պահին էլ վերապրում է նույնը։

Պատերազմի առաջին օրը կամավորագրվել էր Հակոբի հայրը՝ որդու կողքին լինելու համար։ Այդ օրն այնքան հոգնած ու զբաղված են եղել, որ երբ հայրը բացել էր Հակոբի շտապօգնության մեքենայի դուռը, որդին չէր ճանաչել հորը։ Միայն ուշ երեկոյան են հանդիպել իրար, ու հայրը պատմել է դրվագի մասին։ «Հորս երրորդ պատերազմն էր։ Ամսի 27-ի գիշերը տեսանք իրար։ Ասաց՝ հավաքիր քեզ, քո գլխավոր գործն էստեղ էդ տղաներին օգնելն է, եթե դու էս ամեն ինչի մեջ շուտ կոտրվես, մտածի՝ էդքան մարդ քեզ է նայում»,- հիշում է Հակոբը: Այդ օրը հոր հետ պայման էր կապել, որ եթե ինքը զոհվի, հայրը վերադառնալու է տուն, եւ հակառակը:

Տիգրանն ասում է՝ ի տարբերություն ընկերոջ, ինքը չթողեց տնեցիներից ոչ մեկին գալ. «Նույնիսկ որ Հակոբի պապան էր եկել, ես գժվում էի Հակոբի տեղը: Օրինակս կոպիտ ա, բայց մի իրավիճակից կարաս դու փրկվես, բայց մյուսը...»: Հակոբն ասում է, որ մի կողմից՝ հոր ներկայությունն ուժ էր տալիս, բայց մյուս կողմից՝ խանգարում էր, քանի որ պատասխանատվություն էր կրում երկուսի համար։

Տղաները հիշեցնում են, որ ընդհանրապես պատերազմների ժամանակ չի թույլատրվում խոցել շտապօգնության մեքենաները, բայց իրենք նախապես գիտեին թշնամու էության մասին։ Ռազմաճակատում ամենախոցելին հենց «խաչի ավտոն» էր։ Եթե զինվորները կարող էին պատսպարվել խրամատներում, ապա իրենք կրակահերթի տակ էին գնում, որովհետեւ այնտեղ իրենց սպասողներ կային։

-Վիրավորներին տեղափոխում էինք մեքենայի մեջ, մեծամասամբ ճանապարհին էինք օգնություն ցույց տալիս։ Դա էր դժվարը։ Մի կողմից՝ վարորդին ասում էինք՝ մի քիչ դանդաղ քշի, ուղղություն էինք ցույց տալիս, մյուս կողմից՝ պիտի ուշադիր լինեինք ԱԹՍ-ների հարվածներից, որ կարողանայինք գոնե մեզ դուր շպրտել մեքենայից,- ասում է Հակոբը։

Օրեր են եղել, որ վիրավորները շատ են եղել։ Այդ ժամանակ միայն գիշերներն էին կարողանում հաց ուտել։ Ընկերներն ասում են՝ ամեն անգամ, երբ օգնում էին զինվորներին ապրել, ուժ էին ստանում դրանից։

-Ամեն անգամ երբ օգնության էիք գնում, կա՞ր մի միտք, որի մասին միշտ մտածում էիք,- հարցնում եմ նրանց։

-Ինձ համար՝ որ վիրավորին դուրս բերեինք, ու գոնե թիկունք հասնելուց հետո կարողանայի զանգել տուն ու ասեի՝ նորմալ ա։ Ամեն անգամ էն միտքն էր, որ էս ամեն ինչը վերջանալու ա, գոնե տուն գնանք , մեր ծնողներին տեսնենք,- պատասխանում է Տիգրանը։ Հետո լռում ենք, բայց լռությունն առաջին հերթին ասելիքի շատ լինելուց է։

-Ես ամեն անգամ մեքենա նստելուց առաջինն աղոթում էի, հույսս դնում էի աստծու վրա։ Ուզում էի վայրկյան շուտ տեղ հասնեինք, որ էդ տղային էլ կարողանանք հասցնել հիվանդանոց, որ իրեն օգնություն ցույց տային,- նշում է Հակոբը։

-Վախ չկա՞ր:

-Վախը հետո էր, որ մտածում էիր՝ էս ոնց եղավ, էս ինչի միջով անցար,- ասում է Հակոբը։

-Էդ դեպքերում, եթե ճիշտն ասեմ, վախը կխանգարեր։ Դու պիտի տրամադրվես,- ավելացնում է Տիգրանը։

Հոկտեմբերի 25-ին վիրավոր դուրս հանելիս Տիգրանենց մեքենան թիրախավորել էր հարվածային ԱԹՍ-ն։ Ասում է՝ հարվածը մեքենայի վրա էր։

-Ճնշումն ինձ դուրս շպրտեց։ Էդ պահին մատս եմ կորցրել։ Էնպես ստացվեց, որ ինձ օգնություն ցույց տվեց մյուս բուժակը։ Ծունկս բացվել էր, արյունը կանգնեցնում ա, օգնություն ցույց տալիս։ Էդ պահին էլ, բախտի բերմամբ, Ջաբրայիլից շտապօգնության մեքենա էին ուղարկել։ Ու մենակ վարորդն էր, բժիշկ չկար հետը։ Համլետն ինձ քարշ տալով տանում է մեքենայի մեջ ու տեղափոխում են Մարտունի,- պատմում է Տիգրանը։ Բարեբախտաբար, մեքենայում եղածներից ոչ մեկ չի զոհվել:

Մարտունուց Տիգրանին տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց։ Այդտեղ 2-3 ժամ վիրահատելուց հետո հոկտեմբերի 26-ի լուսադեմին քաղաքացիական շտապօգնության մեքենայով բերել են Երեւան՝ համալսարանական հիվանդանոց։ Տիգրանն ասում է, որ վիրահատողը եղել է բժշիկ Արտավազդ Բագրատիչը։ Չնայած Ստեփանակերտից եզրակացություն էին գրել, որ եւս երկու մատ պիտի ամպուտացվի, Երեւանում բժիշկն ու նրա թիմը կարողացել են պահել դրանք։

Հակոբն ասում է՝ Տիգրանի վիրավորվելուց հետո իրենց նահանջի հրաման տվեցին։ Այդ ժամանակ թշնամին արդեն վերցրել էր Ջաբրայիլը, Ֆիզուլին, Հադրութը։ Նահանջի ժամանակ էլ տեսել են Տիգրանենց խոցված մեքենան, որից, ըստ Հակոբի, ոչինչ չէր մնացել։

Հադրութից հետո Հակոբենք Ճարտարում են եղել։ Այստեղ էլ դեմ առ դեմ փոխհրաձգության մեջ են հայտնվել։

-Ես ու վարորդս գնում էինք վիրավորների հետեւից։ Գյուղացիները կանգնեցին, ասացին՝ էս ուր եք գնում, սրանից առաջ թուրքերն են, վարորդս ասում ա՝ ոնց չգնանք, էստեղից առաջ տղերքը վիրավոր պառկած են, հո չենք թողնելու թուրքին: Հասնում ենք, մեքենայի դռները բացում ենք, տեսնում ենք՝ կենդանի իրենք են: Ես ու վարորդս փոխհրաձգության մեջ ենք ընկնում: Գնդակը կպնում է իրան, մատը կտրվում է։ Էդ ժամանակ ես եմ թեթեւ վիրավորում ստանում: Վարորդս ի վիճակի չէր քշելու։ Վիրավոր բերողներն էլ մինչեւ ավտոյին հասան, երկու հոգով վիրավորվեցին։ Շրջափակման մեջ հայտնվեցինք։ Տղաները մեզ օգնության եկան։ Էդպես կարողացանք մի հոգու գտնել, որ մեքենան քշի։ Ակերը լրիվ ծակվել էին։ Մի կերպ կարողացանք ավտոն հանել էդտեղից,- պատմում է Հակոբը։

Հակոբն ասում է՝ ավտոմատի պահեստատուփի մեջ փամփուշտները վերջացել էին, երբ կռացել էր, որ լիցքավորի, թշնամու դիպուկահարի գնդակը գլխի վրայով անցել էր՝ ընդամենը վայրկյանների հարց էր։ Վիրավոր վիճակում Հակոբը բոլորին բուժօգնություն էր ցույց տվել։ Վերադարձին էլ հայ գյուղացիներին թվացել էր, թե իրենց ուղղությամբ եկող մեքենան հակառակորդի բանակից է, սկսել էին կրակել։ Հակոբն ասում է՝ բարակ թիթեղից մեքենան ոչ մի գնդակից չէր կարող պաշտպանել. իրենց ողջ մնալը համարում է հրաշք։

Բոլոր վիրավորներին, այդ թվում՝ Հակոբին, Ստեփանակերտի հիվանդանոց էին տարել  ճանապարհին հանդիպած գյուղացիներից մեկի մեքենայով։ Բայց այստեղ նա երկար չի մնացել։ Հորը խնդրել էր իրեն նորից դիրքեր տանել։ Այդպես էլ արել էին։ Հրադադարից հետո Հակոբն ու հայրը մի քանի օր էլ են մնացել մարտական դիրքերում։

Տիգրանն ասում է՝ այս պատերազմը պարտություն չէր իր համար։ Եթե այնտեղ մարդիկ կային, ովքեր գիտակցաբար զոհվեցին, դա պարտություն չէր։ Ըստ նրա՝ պարտությունն այլ տեղ պետք է փնտրել։ Հակոբը շարունակում է Տիգրանի խոսքը։ Ասում է՝ թշնամու զինվորները պարտված էին գալիս իրենց ուղղությամբ։ Երբ դեռ Հադրութում էին, թշնամուց հաջողվել էր մի ռացիա վերցնել, որը, ըստ տղաների, կյանքեր է փրկել, քանի որ հաջողվել էր լսել հակառակորդի տեղաշարժի մասին խոսակցությունները։ Ասում են՝ այն կողմից խուճապ կար, խոսում էին, որ հայերը թիրախավորել են իրենց։ Թշնամու զորքի հետեւում կանգնած յուրային ռազմական ոստիկանությունը նահանջողներին սպառնում էր գնդակահարել։ «Եթե չլիներ այդ ռացիան, կարող ա մենք էլ չլինեինք։ Շատ տեղերում փոքր բանը մեծ օգուտ է տվել։ Իրենց ռացիայի կապով մենք լիքը բան իմացանք»,- ասում է Հակոբը։ Ռացիան հիմա Բժշկական համալսարանի թանգարանում է։

Մի անգամ էլ կեղծ ահազանգ էին ստացել։ Այնպիսի վայրում էին «խաչի ավտո» ուզել, որ անհավատալի էր։ Հրամանատարը հասկացել էր, որ խոսողն ադրբեջանցի է, միանգամից ասել էր, թե երեք մեքենա կուղարկի։ Խոսողն այնքան էր ուրախացել, որ պատահաբար ադրբեջաներեն բառ էլ ասել։ Ըստ Հակոբի՝ այդ տեղանքում գտնվող թշնամու կենդանի ուժերին մերոնք ոչնչացրին։

Հակոբն ու Տիգրանն առանձացնում են հատկապես 18 տարեկան ժամկետային զինծառայողներին։ Ասում են՝ նրանց ոգեւորելու կարիք էլ չկար։ Նույնիսկ դեպքեր են եղել, երբ վիրավոր վիճակում չեն ցանկացել լքել դիրքը՝ ասելով, թե չեն կարող թողնել տղաներին։ Հակոբն ասում է՝ համոզելով էին տանում հոսպիտալ։ Տիգրանն էլ ավելացնում է, թե շատ դեպքեր են եղել, երբ նահանջի հրամանից հետո էլ ժամկետային զինծառայողները մնացել են մարտական դիրքերում՝ հասկանալով հնարավոր վտանգը։

Հետահայաց նայելով պատերազմի անցած օրերին՝ տղաներն ասում են, որ չեն ուզում վերհիշել այդ ամենը։ «Տղաներ կային, որոնց հետ մի ժամ առաջ խոսում էինք նպատակների մասին։ Ասում էին՝ էս ամեն ինչը վերջանա, էս եմ անելու, էն եմ անելու։ Մեկ էլ մի ժամ հետո գնում ես ու իր դին է էնտեղ։ Էդ ամեն ինչն էդ պահին հոգեբանական էդքան մեծ ճնշում չի, ինչքան որ ամեն ինչը վերջանալուց հետո ես զգում։ Մտածում ես՝ ինչ եղավ։ Էն մարդը, ում հետ նստած հաց էիր ուտում, էսօր չկա՝ անհետ կորած է, զոհված։ Ու մտածում ես, որ ամեն մեկի տեղը կարայիր դու լինեիր»,- նկատում է Հակոբը։

Մեր զրույցից օրեր անց Հակոբը պետք է վերադառնար Արցախ՝ շարունակելու բուժակի ծառայությունը։ Տիգրանն ասում է, որ այլեւս չի կարող մնալ ռազմական բժշկության մեջ, սակայն կշարունակի կրթությունը բժշկության ոլորտում։ Մեր զրույցից հետո տղաների հետ նայում ենք պատերազմից առաջ ու հետո արված լուսանկարները։ Հակոբը ցույց է տալիս դրանցից մեկը, որտեղ ինքն ու Տիգրանն են ծիծաղելիս։ Ասում են՝ անհոգ օրերի նկար է։ Պատերազմը դարձավ այն թանկ փորձը, որը երկու ընկերները չէին էլ կարող պատկերացնել ուսանողական նստարանից վեր կենալուց հետո։

Տեսանյութը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter