HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Իմ քայլ»-ի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը տուժող է ճանաչվել ԱԺ-ի դիմաց տեղի ունեցած միջադեպի գործով

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը  2020 թվականի դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցած միջադեպի գործով տուժողի կարգավիճակ ունի։ Այս մասին տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հայտնելով նաև, որ գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Նշենք, որ գործով մեղադրյալը միջադեպից հետո ձերբակալված, ապա ազատ արձակված ՀՅԴ ԳՄ անդամ, Արագածոտնի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանն է։ Նրա պաշտպան Վահե Եփրիկյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Սիմոնյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով։

Սիմոնյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ «Հետք»-ի հետ զրույցում Վահե Եփրիկյանը պնդեց, որ եթե ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպի գործով որևէ անձի պետք է խուլիգանության մեղադրանք առաջադրվեր, ապա դա  պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը պիտի լիներ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցում, միջադեպ է տեղի ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների միջև։

Բողոքի ակցիայի մասնակիցները հավկիթներ են նետել պատգամավորների ուղղությամբ։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են քաղաքացիները Սիսակ Գաբրիելյանի մեքենայի դիմացը փակել։ «Պողոսն ա, ո՞վ ա», «Գնում ա պարգևավճարը ստանալու», «էթում ես պարգևավճարը ստանա՞ս» և նմանատիպ այլ արտահայտություններ էին անում քաղաքացիները, երբ Գաբրիելյանը բարկացած դուրս է գալիս մեքենայից, ու սկսվում է հրմշտոց, որի ընթացքում հնչում են փոխադարձ հայհոյանքներ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Գաբրիելյանը հարվածում ու քաշքշում քաղաքացիներից մեկին, հետո տվյալ քաղաքացին երևում է գետնին պառկած վիճակում։

Գաբրիելյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, խոսելով միջադեպի մասին, ասել է, թե ակցիայի 3-4 մասնակիցներ ծաղրական ու խուլիգանական արտահայտություններ են արել:

«Ես մեքենայի պատուհանները բարձրացրեցի, մտածեցի, որ ոստիկանները կգան ու թույլ չեն տա միջադեպ տեղի ունենա, երբ պատուհանը փակեցի, 1-2  հարված  հասցվեց մեքենայիս, հարցրեցի՝ ո՞վ հարվածեց, կոպիտ պատասխան եղավ: Դուրս եմ գալիս ու հարցնում եմ, թե ով հարվածեց, մնացածը, կարծում եմ, քաղաքացիները տեսել են: Այո, այնտեղ՝ այդ հատվածից հետո, կա մի հատված, որտեղ քաղաքացի է գետնին ընկած, և ես իրեն՝ չգիտեմ, ինչ-որ հարվածում եմ: Ասեմ, որ այդ քաղաքացին մոտեցավ ինձ, իր դեմքն այդպես լավ չեմ հիշում, նա պիջակիցս էր բռնել: Հենց այդ նույն հատվածում նոյեմբերի 9-ի գիշերը ծեծել են ԱԺ նախագահին: Դու գալիս ես աշխատանքի ու տեսնում ես՝ 15 ագրեսիվ երիտասարդներ վազում են քո վրա, և արձագանքն այն է, որ ասում ես՝ ինչ էլ լինի, գոնե պետք է ինքնապաշտպանվես, որովհետև ո՛չ փախնելու եմ, ո՛չ էլ կփախնեմ: Ասեմ՝ գուցե այդ հատվածը սառած էր, ու այդ քաղաքացին ընկավ, չեմ կարող ասել՝ խառը պահ էր, որովհետև 10-15 հոգով ու ես՝ միայնակ, հարձակվել էին, ես համարժեք ինքնապաշտպանվել եմ՝ իմ հասցեին հնչել են հայհոյանքներ, ու ես դրանց պատասխանել եմ»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Աշոտ Սիմոնյանը ձերբակալվել է, ապա Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչել հիմնավոր կասկածի բացակայությամբ։

Վահե Եփրիկյանը մեզ զրույցում ասաց, որ այն բանից հետո, երբ Աշոտ Սիմոնյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է ճանաչվել, նա փաստացի, այլևս կասկածյալի կարգավիճակ չի ունեցել, բայց նրան որպես կասկածյալ կանչել են Հատուկ քննչական ծառայություն, ապա՝ մեղադրանք առաջադրել։

«Կասկածյալն այն անձն է, ով ձերբակալված է կամ ում նկատմամբ ընտրված է խափանման միջոց»,- ասաց Եփրիկյանը և նշեց, որ տվյալ դեպքում Աշոտ Սիմոնյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է ճանաչվել, և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չի եղել։ Այսինքն՝ ձերբակալումից ազատ արձակվելուց մինչև որպես մեղադրյալ ներգրավվելու պահը Սիմոնյանը կարգավիճակ չի ունեցել։

Նշենք, որ անձի արարքը կարող է որակվել խուլիգանություն, եթե հասարակական կարգը կոպիտ կերպով խախտվել է, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով։ Պաշտպան Եփրիկյանն ասում է, որ մինչև այս պահն իրեն հայտնի չէ, թե Աշոտ Սիմոնյանի կատարած ո՞ր արարքն է վարույթն իրականացնող մարմինը որակել որպես խուլիգանություն։

«Խուլիգանությունը կատարվել է Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից, որովհետև տարածված տեսանյութերի զննությամբ էլ առավել, քան պարզ է դառնում, որ Սիսակ Գաբրիելյանը դուրս է գալիս մեքենայից, վերացական, առանց հասցեատիրոջ հասարակությանն ուղղված վտանգավոր գործողություններ է անում, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում։ Գաբրիելյանի այդ պահվածքն ամբողջությամբ տեղավորվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի տրամաբանության մեջ, իսկ թե Աշոտ Սիմոնյանն ինչպես է խուլիգանություն արել, պարզ չէ»,- ասաց Վահե Եփրիկյանը։

Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ Աշոտ Սիմոնյանն այդ օրը մասնակցել է Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցող ակցիային։ Եփրիկյանի խոսքով՝ նրան հարց է տրվել՝ արդյոք ճանաչո՞ւմ է Սիսակ Գաբրիելյանին, ինչին ի պատասխան՝ Սիմոնյանը պատասխանել է, որ նրան ճանաչում է պահվածքի հետևանքով։ Սիմոնյանը, ըստ պաշտպանի, դրանք որակել է լկտի և խուլիգանական։

Մեր հարցին՝ իսկ ինչպե՞ս է պաշտպանը որակում ցուցարարների պահվածքը, որոնք փակել էին Գաբրիելյանի մեքենայի դիմացն ու նրա հասցեին ծաղրական արտահայտություններ էին անում, Եփրիկյանը պատասխանեց, որ թեև չգիտի՝ կոնկրետ որ դրվագի և որ քաղաքացիների մասին է խոսքը, բայց հարցի ձևակերպումից արդեն երևում է, որ ենթադրյալ գործողություններ եղել են ոչ թե հասարակության, այլ կոնկրետ անձի նկատմամբ, իսկ, ինչպես արդեն վերը նշեցինք, խուլիգանությունը հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքն է։

Պաշտպանը համոզված է, որ վարույթն իրականացնողի գերխնդիրը ոչ թե այն է, որ Աշոտ Սիմոնյանը դատվի, այլ որ Սիսակ Գաբրիելյանը չդատվի։

Եփրիկյանը նաև նշեց, որ Աշոտ Սիմոնյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը բողոքարկել են դատախազին և դիրքորոշում հայտնեց, որ հաշվի առնելով գործի բնույթը, մինչև այս պահը թույլ տրված խախտումները, կարելի է եզրահանգել, որ նրա նկատմամբ քաղաքական պատվեր է իրականացվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter