HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վարդան Այվազյանի խափանման միջոցի գործով բողոքները մակագրվել են դատավոր Արմեն Դանիելյանին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Այվազյանին չկալանավորելու որոշման դեմ Դատախազության բողոքը մակագրվել է վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։ Որոշման դեմ բողոք է ներկայացրել նաև Այվազյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

«Ինչպես գիտեք, դատարանը ձերբակալման որոշման դեմ իմ բողոքը բավարարել էր, ինչպես նաև մերժել քննիչի միջնորդությունը՝ Վարդան Այվազյանին կալանավորելու վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ՝ դատարանի որոշումից գոհ ենք, սակայն դրանում կան իրավական ձևակերպումներ, որոնց հետ համաձայն չենք, այս հիմքով ենք բողոքարկել, արձանագրել ենք նաև դատարանի ձևավորման կարգի հետ կապված խնդիրներ»,-  մեզ հետ զրույցում ասաց Միհրան Պողոսյանը։ Նշենք, որ պաշտպանի բողոքը ևս մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին։

Այվազյանը մեղադրվում է իշխանությունը յուրացնելու փորձը կազմակերպելու և ապօրինի ռազմամթերք պահելու մեջ։

Ըստ գործի վերաբերյալ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ քաղաքացի Հ․Ծ․-ն համաձայության է եկել Վարդան Այվազյանի և ինքնությունը չպարզված այլ անձանց հետ և, տեղեկանալով, որ նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու և Արցախի վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու մասին Հայաստանի,  Ռուսաստանի և Ադրբեջանի  միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունից հետո Հայաստանի տարբեր տարածքներում, հատկապես մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում զանգվածային անկարգությունների մասին, գիտակցելով, որ իշխանությունը յուրացնելու համար ստեղծվել են նպաստավոր պայմաններ, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ձեռնամուխ է եղել բռնություն գործադրելու միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների անմիջական կատարմանը։

Միհրան Պողոսյանն ասաց, որ դատախազության բողոքի գործով դատական նիստ է նշանակված եղել հունվարի 8-ին, սակայն նիստը հետաձգվել է։

Քրեական գործով Վարդան Այվազյանի բնակարանում խուզարկություն է իրականացվել, պաշտպանը նաև խուզարկության թույլտվություն տալու որոշումն է բողոքարկել։ Վերաքննիչ դատարանից տեղեկացանք, որ բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին։

«Այստեղ իրավաբանություն չկա, այս մեկ ամսվա ընթացքում բացարձակ որևէ քննչական գործողություն չի կատարվել, ակնհայտ էր, որ չէր կատարվելու, ու եթե այս հրապարակումը տեսնելուց հետո կորոշեն քննչական գործողություն կատարել, միանշանակ ձևական ինչ-որ գործողություն է լինելու»,- գործի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց Միհրան Պողոսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter