HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սերգեյ Լավրով․ «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը գաղտնի հավելվածներ չի պարունակում»

Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները դադարեցնելու մասին նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կնքած համատեղ հայտարարությունը գաղտնի հավելվածներ չի պարունակում։ Այս մասին հունվարի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Չեմ պատկերացնում, թե ինչը պետք է քննարկման առարկա դառնար այդ «գաղտնիք» անվան տակ»,- նշել է Լավրովը։

Նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ տարբեր հարթակներում պարբերաբար տարածվող խոսակցություններին։ Լավրովը դրանք բնութագրել է որպես «էկզոտիկ առաջարկներ»։

«Ինչ վերաբերում է այդ էկզոտիկ առաջարկներին, որ Լեռնային Ղարաբաղը մտցվի Ռուսաստանի կազմի մեջ․ ինչպես ես հասկանում եմ, Ղարաբաղի անկախությունը ոչ ոք չի ճանաչել, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը, մենք նույնպես այդպիսի միտք չունենք։ Մենք կարծում ենք, որ այս տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների միջև, տվյալ դեպքում առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի»,- նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը կօգնի գտնել այնպիսի որոշում, որը խաղաղություն, կայունություն և անվտանգություն կապահովի այս տարածաշրջանում։

***

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնեց Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։

Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնաց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter