HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն քննարկեց երաշխավորության համակարգի բարեփոխման նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որի նպատակը երաշխավորության համակարգի բարեփոխումն է: Այն ներկայացրեց խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

«Հիմնական նպատակը ֆիզիակական անձ հանդիսացող երաշխավորների իրավական պաշտպանվածության բարձրացումն է»,-ասաց Խաչատրյանը:

Վերջինս հիշեցրեց, որ բանկերի և վարկային կազմակերպությունների հետ վարկային պայմանագրեր կնքելիս, երբ պահանջվում է երաշխավորություն, այդ պայմանագրերում սահմանված չէ երաշխավորի համար առավելագույն պատասխանատվության չափ: Երբեմն այդ պայմանագրերում դրույթ է լինում, ըստ որի՝ երաշխավորը նախապես համաձայնություն է տալիս ապագայում ծագելիք պարտավորություններին:

«Դրա հետևանքով քաղաքացին փաստի առաջ է կանգնում, տալիս է երաշխավորություն մեկ միլիոն դրամ գումարի համար, բայց ստացվում է՝ պատասխանատվություն է կրում չորս, հինգ միլիոնի համար, քանի որ կուտակվում են տույժ ու տուգանքներ, որոնք կանխատեսելի ու հաշվարկելի չեն եղել տվյալ քաղաքացու կողմից»,-ասաց Արկադի Խաչատրյանը:

Պատգամավորի խոսքով` գործող կարգավորմամբ երաշխավորները համապարտ պարտավորություն են ստանձնում, ինչը նշանակում է, որ վերջինիս նկատմամբ վարկառուի հետ միաժամանակ պահանջ է ներկայացվում, միաժամանակ բռնագանձում է կատարվում գույքի նկատմամբ:

Նախագծով ամրագրվում է, որ ֆիզիկական անձ երաշխավորների հետ երաշխավորության պայմանագրեր կնքելիս պետք է սահմանվի պատասխանատվության առավելագույն չափ:

Առաջարկվող փոփոխությունների համաձայն` երաշխավորները կկրեն սուբսիդիար (լրացուցիչ) պատասխանատվություն, ինչը նշանակում է, որ երաշխավորին պահանջ կարող է ներկայացվել միայն հիմնական պարտապանին ներկայացնելուց հետո, նույն կերպ գույքի բռնագանձումն էլ կարող է իրականացվել միայն հիմնական պարտապանի գույքի բռնագանձումից հետո:

Նախագծի հարակից զեկուցող, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը նշեց, որ հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն է տվել նախագծին` կոչ անելով կողմ քվերարկել արդիական նախագծին:

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն էլ նշեց, որ Կառավարությունը դրական է արտահայտվել նախագծի վերաբերյալ, բայց որոշակի վերապահումներ է ունեցել: Փոխնախարարի խոսքով` քննարկումների արդյունքում վիճելի դրույթները հստակեցվել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter