HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Samsung-ի ղեկավար Լի Ջոն Յոն դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման

Սեուլի կենտրոնական շրջանի դատարանը երկուշաբթի՝ հունվարի 18-ին, Samsung Electronics-ի փոխնախագահ և կորպորացիայի փաստացի ղեկավար Լի Ջոն Յոնին դատապարտել է 2,5 տարվա ազատազրկման։ Այդ մասին գրում է BBC-ն։ 52-ամյա գործարարը մեղավոր է ճանաչվել Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեին կաշառելու մեջ, որն ավելի վաղ հեռացվել էր իշխանությունից և դատապարտվել 22 տարվա ազատազրկման։

Լսումների ընթացքում պարզվել է, որ Samsung Electronics-ի ղեկավարը սպորտային երկու հիմնադրամներին փոխանցել է 43 միլիարդ վոն (37,7 միլիոն դոլար), որոնք ղեկավարել է երկրի նախկին նախագահի ընկերուհին՝ Չհվե Սուն Սիլը և «խնդրել երկրի նախագահին օգտագործել իր իշխանությունը, որպեսզի ընկերության կառավարման փոխանցումը հարթ ընթանա»։

1938 թվականին Samsung ընկերության հիմնադրումից հետո այն ղեկավարվել է միայն մեկ ընտանիքի կողմից։ 1987 թվականին ընկերության հիմնադիր Լի Բյոն Չհոլի մահվանից հետո այն սկսել է ղեկավարել նրա որդին՝ Լի Գոն Հին, որը 27 տարվա ընթացքում ընկերությունը վեր է ածել միջազգային հսկայի և դարձրել աշխարհի ամենահայտնի ապրանքանիշներից մեկը։ 2014 թվականին Լի Գոն Հին սրտի կաթված էր ստացել, և ընկերության ղեկավարումը փաստացի անցել էր որդուն՝ Լի Ջոն Յոնին, որը, սակայն, դեռևս պաշտոնապես չի ստանձնել ընկերության ղեկավարումը՝ 2020 թվականի հոկտեմբերի 25-ին Լի Գոն Հինի մահվանից հետո։

Ֆինանսական վերլուծաբանները կանխատեսել էին, որ Լի Ջոն Յոն, հնարավոր է, ստիպված լինի վաճառել իր բաժնետոմսերի մի մասը և կիսի ընկերության ղեկավարումը, որպեսզի կարողանա վճարել ժառանգության ստացման պետական ահռելի հարկը։ Դրանից հնարավոր էր խուսափել միայն պետական կենսաթոշակային հիմնադրամից ստացված օգնությամբ։

Լի Ջոն Յոն չի ընդունում մեղադրանքը և հայտարարում, որ բոլոր նվիրաբերությունները կատարվել են անշահախնդրորեն։ Սակայն դատավճռում նշված է, որ նա «ակտիվորեն զբաղվել է կաշառք բաժանելով»։ «Միանգամայն ցավալի է, որ երկրի առաջատար ընկերությունը՝ Samsung-ը, որը հպարտանում է միջազգային մակարդակում իր նորարարություններով, առաջին անգամ չէ, որը մեղադրվում է օրինախախտման մեջ»,- նշվում է դատավճռում։ 

2008 թվականին Լի Գոն Հին, կոռուպցիոն հետաքննության ֆոնին, հրաժարական էր տվել և ընկերություն վերադարձել միայն երկու տարի անց։ Նրա որդու գործը ձգվում է 2017 թվականից, երբ Լի Ջոն Յոն դատապարտվել էր 5 տարվա պայմանական ազատազրկման, որը, սակայն, Կորեայի բարձրագույն դատարանը վերադարձրել էր՝  վերանայման։ Արդյունքում պայմանական ազատազրկումը փոխարինվել է իրական ազատազրկմամբ։  

Եթե կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկները ողջունել են դատավճիռը, ապա տնտեսագետները և գործարարները ահազանգում են, որ Samsung-ի ղեկավար կազմում առաջացած վակուումը կարող է մեծ վնաս հասցնել երկրի խոշորագույն ընկերությանը։ «Սա իրականում ծանր հարված և մեծ ճգնաժամ է Samsung ընկերության համար»,- AFP-ին հայտարարել է Սեուլի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Կիմ Տե Չժունը։ Լի Ջոն Յոնի դատավճռի հրապարակումից հետո Samsung-ի բաժնետոմսերն ընկել են 4 %-ով, սակայն, ավելի ուշ, մասամբ վերականգնվել։ 

Շատերը Samsung-ը համարում են Հարավային Կորեայի խորհրդանիշը։ Նրան բաժին է հասնում երկրի ողջ ՀՆԱ-ի մոտ 20 %-ը։ 2020 թվականի չորրորդ եռամսյակում ընկերությունը գրանցել է շահույթի 25 % աճ՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում համակարգչային գաջեթների պահանջարկի բարձրացման արդյունքում։

Լուսանկարը՝ Jung Yeon-je / AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter