HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Կավասակի` կորոնավիրուսից. ինչպե՞ս է զարգանում հիվանդությունն, ու ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այն չբուժելը

Դեռևս 2020թ. մայիսի կեսերին Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը հայտնել էր, որ տարբեր երկրներից բժիշկներն ահազանգում են` կորոնավիրուսը կարող է հետևանքներ ունենալ մանկահասակ երեխաների համար։ Մասնավորապես, նշվում էր, որ COVID-19-ը կարող է երեխաների մոտ մինչև վերջ չուսումնասիրված Կավասակիի սինդրոմի առաջացման պատճառ դառնալ. նման դեպքեր էին գրանցվել Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։ Հետագայում այդ կասկածները հաստատվեցին. կորոնավիրուսից երեխաների մոտ Կավասակի հիվանդություն էր զարգանում։

ԱՄՆ-ում և Արևմուտքում Կավասակի հիվանդություն ունի 10,000 երեխաներից 1-ը: Հիվանդությունը 10-20 անգամ ավելի տարածված է Արևելյան Ասիայում, Ճապոնիայում, Կորեայում և Թայվանում:

Հայաստանում մինչ օրս գրանցվել է Կավասակիի 19 դեպք, ինչը կազմում է գրանցված դեպքերի 0,01 %-ը, և կավասակիանման համախտանիշի՝ 66 դեպք՝ ընդհանուր դեպքերի 0,04 %-ը։

Թեև բուժումը թանկ էսակայն պետությունը 2020թ. ընթացքում հաստատված դեպքերի համար կարողացել է ապահովել անհրաժեշտ քանակությամբ դեղորայք՝ անվճար, պետպատվերի շրջանակներում։ Հիմնական վարակվածները եղել են 1-14 տարեկան, իսկ առավել հաճախ սինդրոմը դրսևորվել է տղաների մոտ։

Հիվանդության ախտորոշման, ընթացքի և բուժման վերաբերյալ «Հետք»-ը զրուցել է մանկաբույժ, մանկական ալերգոլոգ Լիլիթ Ավետյանի հետ։

 

Հայաստանում Կավասակի հիվանդության առաջին դեպքը գրանցվել է հունիսի 3-ին 4 տարեկան երեխայի մոտ. վերջինս կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ չի ունեցել։ Հունիսի 10-ին արդեն Հայաստանում գրանցվել է Կավասակիի երկրորդ դեպքը։

Դեռևս մայիս ամսին Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ, հաշվի առնելով միջազգային վիճակագրությունը, «իրենք կանխավ պահեստավորել են հատուկ այդ սինդրոմի բուժման համար նախատեսված թանկարժեք իմունոգլոբուլինային դեղորայքը»:

Հուլիսի 17-ի դրությամբ՝ «Արաբկիր» ԲԿ-ում արդեն բուժում էր ստանում Կավասակիի սինդրոմով 8 երեխա, որոնցից 5-ի մոտ հիվանդությունն ասոցացված է եղել կորոնավիրուսի հետ8 երեխայից 7-ը ստացել էր ներերակային իմունոգլոբուլին, իսկ 1-ի մոտ, ըստ «Արաբկիր» ԲԿ-ի հայտարարության, ինքնալավացում է եղել, և նա իմունոգլոբուլին չի ստացել:

 Կավասակի սինդրոմը (համախտանիշը) (ԿՍ) մանկական սուր տենդային հիվանդություն է, որն ուղեկցվում է սրտանոթային և այլ անոթների վնասմամբ , ինչպես նաև՝ հնարավոր անևրիզմայի առաջացմամբ, թրոմբոզով և անոթային պատի պատռմամբ: ԿՍ առաջացման հստակ պատճառն անհայտ է, բայց որոշ հետազոտողներ նշում են, որ դրա առաջացման մեջ մեծ դեր ունեն վիրուսը կամ այլ վարակիչ գործոններ: Սովորաբար, ԿՍ -ն զարգանում է 2 ամսականից 5 տարեկան երեխաների մոտ, չնայած որ դեպքեր են գրանցվել նաև դեռահասների շրջանում:

Հիվանդությունը կոչվում է այն առաջին անգամ հայտնաբերած ճապոնացի մանկաբույժ Տոմիսակու Կավասակիի անունով։

 

Առողջապահության նախարարության՝ «Հետք»-ին տրամադրած տեղեկությունների համաձայն՝ 2020թ. հունվարից մինչև դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է Կավասակի հիվանդության 19 դեպք 1-14 տարեկան երեխաների մոտ, որից 13-ը՝ տղա, 6-ը՝ աղջիկ։

Իսկ կավասակիանման համախտանիշ գրանցվել է 66 մարդու մոտ։ Այդ երկու դեպքում էլ մահացության դեպքեր չեն գրանցվել։

Կավասակին առավել բնորոշ է մինչև 5 տարեկան երեխաներին, իսկ երբ արդեն զարգանում է բազմաօրգան իմունային բորբոքում, դա արդեն կավասակիի համախտանիշ կամ կավասակիանման հիվանդությունն է, որն ավելի բնորոշ է 8-12 տարեկան երեխաներին։

Կավասակի և կավասակիանման հիվանդության տարբերություներից մեկն այն է, որ առաջինի դեպքում կարևոր պայման է երեխայի 5 օր և ավելի ջերմություն ունենալը, բայց կավասակիանման համախտանիշի դեպքում 3 օրն էլ կարող է բավարար լինել հիվանդությունն ախտորոշելու համար։

Այս երկու հիվանդության ժամանակ էլ կարող է լինել ցանավորում, վերջույթների այտուց, ավշահանգույցների մեծացում, ինչը փոքր-ինչ դժվարացնում է դրանց տարբերակումը։

Ինչ վերաբերում է այդ երկու հիվանդությունների ընթացքի ծանրություններին, ապա կավասակիի դեպքում առավել հաճախ հանդիպում է հենց սիրտը սնուցող պսակաձև անոթների բորբոքում ու լայնացում, ինչն ավելի մեծ տարիքում կարող է ինֆարկտների զագացման վտանգ առաջացնել, իսկ Կավասակիանման համախտանիշի դեպքում սրտային ախտահարումներն ավելի տարաբնույթ կարող են լինել, այսինքն՝ կարող է զարգանալ միոկարդիտ, սրտի ֆունկցիոնալ խանգարում և այլն։

Նախքան կորոնավիրուսը Հայաստանում գրանցված Կավասակի հիվանդության դեպքերի թվի մասին ԱՆ-ում չգիտեն, քանի որ դրանք քիչ են եղել, և «հաշվետվության կարիք չի եղել»։

«Հաշվի առնելով, որ նախկինում Կավասակի հիվանդության դեպքերը քիչ են եղել կամ չեն արձանագրվել, և առանձին ծածկագրով հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտություն չի եղել, այդ դեպքերն ընդգրկվել են ՀՄԴ 10-ի M դասի մեջ և ներկայացվել են ընդհանրական»,- հայտնել են նախարարությունից։

Կավասակի հիվանդության բուժումը Հայաստանում իրականացվում է 4 բուժհաստատություններում ՝ «Արաբկիր» ԲԿ-ում, «Մուրացան» ՀՀ-ում, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում և «Ուիգմոր Քլինիք»-ում։

Վերջին բուժհաստատությունում այս ընթացքում բուժվել է Կավասակի ունեցող 12 երեխա՝ հիմնականում՝ 8-10 տարեկան, ամենափոքրը եղել է 1,5 տարեկան. այս պահին կլինիկայում բուժում է ստանում մեկ երեխա։

«Ուիգմոր»-ի մանկաբույժ, մանկական ալերգոլոգ Լուսինե Ավետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աշխարհում չկա որևէ մի թեստ, որով կարելի է հաստատել կամ բացառել Կավասակիի առկայությունը. ախտորոշումն արվում է հիվանդության պատմությունից ելնելով, գանգատները հաշվի առնելով, օրգան համակարգի վիճակը գնահատելով և լաբորատոր տվյալների շեղումներն ուսումնասիրելով։

«Ունեցել ենք դեպք, երբ արդեն առաջացել է սրտի ախտահարում, բայց բուժման ֆոնին դինամիկան շատ լավ է եղել. բոլորն էլ լավացումով դուրս են գրվել։ Իհարկե, իրենց մի մասը դեռ հսկողության տակ է, մեկ ամիսը դեռ չի լրացել, գալիս են նորից կրկնակի այցի, բայց բոլորի մոտ էլ ընթացքը լավ է եղել»,- ասում է Լ. Ավետյանը։

Մանկաբույժն ասում է, որ այդ երեխաների մոտ Կավասակին զարգացել է կորոնավիրուսից հետո, որը երբեմն կարող է այնքան թեթև ընթացք ունենալ, որ ծնողները նույնիսկ չպատկերացնեն, որ երեխան կորոնավիրուսով է վարակվել, բայց վարակվելուց 4-6 շաբաթ հետո հիվանդությունն արդեն սկսում է դրսևորվել։

«Առաջին դրսևորումը լինում է ջերմության բարձրացումը։ Սովորաբար 3 օր և ավելի պահպանվող ջերմության դեպքում և արդեն կովիդ պատմությունից ելնելով՝ նոր սկսում ենք բալիկին հետազոտել։ Ջերմությունից բացի, իհարկե, հաշվի են առնվում, թե որ օրգան համակարգն է ընդգրկված, որտեղ են գանգատները։ Ցանավորում լինում է, բայց պարտադիր պայման չէ։ Կարող է լինել փսխում, լուծ, աչքերի կարմրություն, ավշահանգույցների մեծացում ՝ կախված, թե որ օրգան համակարգի բորբոքում է զարգանում»,- պատմում է Լ. Ավետյանը։

Այն հարցին՝ արդյոք կա որևէ ռիսկային խումբ հենց երեխաների շրջանում, մանկաբույժն ասում է, որ, թեև բոլորի մոտ էլ հնարավոր է հիվանդությունն առաջանա, սակայն ճարպակալում ու գերքաշ ունեցող երեխաները կարող են լինել ռիսկային խմբում, բայց դա վերաբերում է հիվանդության ծանր ընթացքին, ոչ թե վարակվելուն։

Բուժումն իրականացվում է այս հիվանդության համար խորհուրդ տրվող «Օկտագամ» դեղորայքով, որը թեև բավականին թանկ է (երեխայի մեկ կգ քաշին` մեկ գրամ` 35 000 դրամ, օրինակ, 28-29 կգ երեխայի մեկ ներարկումը կարժենա 1 մլն ՀՀ դրամ): Պետությունը կորոնավիրուսի համավարակի ընթացքում դեղորայքը երեխաներին տրամադրել է անվճար՝ պետպատվերի շրջանակներում։

«Պետությանը, երբ որ դիմում ենք, այնպես չի, որ անմիջապես շատ հեշտ հասանելի դեղ է, հատկապես՝ գինն էլ բավականին թանկ է, բայց բոլոր դեպքերում էլ կարողացել ենք դեղը գտնել և ներարկումն անել,- ասում է ԼԱվետյանը։- Եղել են դեպքեր, երբ տվյալ պահին պահեստում վերջացած է եղել, բայց, միևնույն է, այլ կլինիկաներից հնարավոր է եղել ձեռք բերել (պետության միջոցով, հեղ.), այդպես կարողացել ենք դեղը ներարկել»,- պատմում է մանկաբույժը։

Հիմնականում մեկ ներարկումը բավարար է բուժումն իրականացելու համար. ծանր դեպքերում է անհրաժեշտություն լինում կրկնակի ներարկումներ անելու, սակայն «Ուիգմոր Քլինիք»-ում նման դեպքեր չեն գրանցվել։

Բուժման հաջորդ փուլերից մեկն էլ սրտի հետազոտությունն է. Կավասակի ունեցող երեխաների սիրտը դեղորայքային բուժումից պարտադիր մեկ ամիս և մեկ տարի հետո վերստուգում են։ Բժշկուհու խոսքով՝ այդ բուժման շնորհիվ հետագայում նվազում են սրտի հետ կապված խնդիրներ ունենալու ռիսկերը։

Լ. Ավետյանն ասում է, որ մինչև կորոնավիրուսի տարածումը Կավասակի հիվանդություն Հայաստանում ևս գրանցվել է՝ հիմնականում մինչև 5 տարեկան երեխաների մոտ, թեև՝ հազվադեպ։ Սակայն այդ ժամանակ պետությունը չէր ապահովում դեղորայքով, և քանի որ դեղորայքը բավականին թանկ է եղել, երեխաներին առաջարկվել է այլընտրանքային՝ հորմոնային բուժում, բայց, իհարկե, «Օկտագամ»-ն առաջնային ընտրության դեղորայք է, որը Հայաստանում գրանցված է մինչև 2023թ. օգոստոսը։

Գլխավոր լուսանկարը՝  © РИА Новости / Եվգենի Բիյատով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter