HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վարձկանության մեջ մեղադրվող սիրիացիները Հայաստանում են․ նրանց կալանավորման ժամկետը երկարացնելու որոշումները բողոքարկվել են

Ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որի ժամկետը երկարացվել է երկու ամսով։

Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում վերը նշված սիրիացիները մեղադրվում են վարձկանություն, միջազգային ահաբեկչություն, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու մեջ։ Քրեական գործի շրջանակներում նրանք ցուցմունքներ են տվել ու հայտնել, որ ի թիվս այլ վարձկանների՝ իրենք նախ Սիրիա-Թուրքիա սահմանը հատելով՝ հայտնվել են Թուրքիայում։ Երկու մեղադրյալներն էլ հայտնել են, որ թուրքական Քիլիսի անցակետում իրենց՝ չեն ստուգել, և սահմանն անցնելուց հետո իրենք ավտոբուսներով տեղափոխվել են քաղաքացիական օդանավակայան,  թուրքական ինքնաթիռով այս օդանավակայանից տեղափոխվել Թուրքիայի տարածքում գտնվող մեկ այլ օդանավակայան, որտեղ նստել են ադրբեջանական ինքնաթիռ և մեկնել Ադրբեջան:

Մեր հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնել են նաև, որ քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել Սիրիայի ևս երեք քաղաքացու նկատմամբ։

Մուհռռաբ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալների կալանավորման ժամկետները երկարացվել են 2020 թվականի դեկտեմբերի վերջին, և ինքն առաջին ատյանի դատարանների որոշումների դեմ բողոքներ է ներկայացրել Վերաքննիչ դատարան։ Այս պահին պաշտպանին հայտնի չեն բողոքների գործերով նիստերի օրերը:

Նշենք, որ Մուհռռաբ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին իրենց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նոյեմբերին կայացած դատական նիստերին մասնակցել են, սակայն այժմ՝ կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ նիստերին նրանք ներկա չեն եղել։ Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ նրանք դիմում են գրել ու խնդրել նիստն անցկացնել իրենց բացակայությամբ։ Վերը նշված մեղադրյալների մասնակցությամբ 2020-ի տարեվերջին քննչական գործողություն է կատարվել, նրանք ծանոթացել են գործով ստացված փորձաքննությունների եզրակացությունների։ Աղաջանյանը նշեց, որ իր պաշտպանյալները որևէ դժգոհություն չեն հայտնել իրենց նկատմամբ վերաբերմունքի կամ այլ հանգամանքների վերաբերյալ։

Լուսանկարում՝ աջից՝ Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter