HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Թուրքական օդանավակայանները՝ վարձկան-ահաբեկիչների ցատկահարթակ

Սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմում Ադրբեջանի կողմից կռվող վարձկան-ահաբեկիչները, որոնց հավաքագրում է Թուրքիան, որպես ցատկահարթակ օգտագործում են թուրքական օդանավակայանները: Այս մասին խոստովանել են նաեւ հայկական ուժերի կողմից գերի վերցված 2 սիրիացիները (տես այստեղ եւ այստեղ):

Վերջիններիս պատմածները համադրելով՝ գալիս ենք այն հետեւության, որ երկուսն էլ, ի թիվս այլ վարձկանների, Սիրիա-Թուրքիա սահմանը հատել են Ազազ-Քիլիս հատվածում: Երկուսն էլ նշել են, որ թուրքական Քիլիսի անցակետում իրենց՝ վարձկաններին, չեն ստուգել, եւ սահմանն անցնելուց հետո իրենք ավտոբուսներով տեղափոխվել են քաղաքացիական օդանավակայան:

Վարձկաններից Յուսեֆ Ալ Հաջին նշել է, որ սահմանն անցնելուց հետո իրենք 2,5 ժամ ճանապարհ են գնացել մինչեւ օդանավակայան: Քիլիսից այդքան հեռավորության վրա է Ուրֆայի (թուրքերեն՝ Շանլիուրֆա) օդանավակայանը, բայց չի բացառվում, որ սիրիացի վարձկանը ճշգրիտ չի ներկայացրել տվյալները: Սա նշում ենք՝ հաշվի առնելով, որ Քիլիսի անցակետին ամենամոտը Գազիանթեփ քաղաքի օդանավակայանն է, որը մոտ 1 ժամվա հեռավորության վրա: Բացի դրանից՝ վարձկանների մասին պատմող արտասահմանյան մամուլը եւս գրել է, որ Սիրիայից Թուրքիա տեղափոխված գրոհայինները օգտվել են հենց Գազիանթեփի օդանավակայանից: Այդուհանդերձ, ռուսական «Կոմերսանտն», օրինակ, իր ռազմադիվանագիտական աղբյուրներին հղում տալով, հոկտեմբերի կեսերին գրել էր, որ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող սիրիական տարածքներից հավաքագրված վարձկանները սահմանը հատելուց հետո տեղափոխվում են Շանլիուրֆա, որտեղից էլ «SADAT» մասնավոր ռազմական ընկերության վարձակալած օդանավերով եւ սիրիացի դաշտային հրամանատարների հետ համագործակցությամբ կազմակերպվում է գրոհայինների տեղափոխումը կոնֆլիկտի գոտի: 

Հայկական զինուժի կողմից գերեվարված երկու վարձկաններն իրենց հերթին հայտնել են, որ նախ թուրքական ինքնաթիռով առաջին օդանավակայանից տեղափոխվել են երկրորդը, որը նույնպես Թուրքիայի տարածքում էր, որտեղ էլ նստել են ադրբեջանական ինքնաթիռ եւ մեկնել Ադրբեջան: Ըստ էության, տեղափոխման նման սխեման մշակվել է նրա համար, որ ադրբեջանական բեռնատար կամ ուղեւորատար ինքնաթիռները չերեւան թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող օդանավակայաններում եւ այդպիսով չմատնեն վարձկաններ տեղափոխելու իրողությունը: Սակայն դրանից մեծ հաշվով բան չի փոխվում, քանի որ հենց իրենք՝ վարձկաններն են միջազգային տարբեր լրատվամիջոցների պատմել, թե ինչպես են հայտնվել Ադրբեջանում: Եվ հիմա հայկական կողմի տրամադրության տակ կա երկու վարձկանի ցուցմունք, որոնք, փաստորեն, հաստատում են մինչ այդ մամուլում հայտնված պատմությունները Սիրիա-Թուրքիա-Ադրբեջան փոխադրումների վերաբերյալ:

Ինչպես արդեն գրել ենք, բեռնատար եւ ուղեւորատար ադրբեջանական օդանավերը հիմնականում մեկնում են թուրքական 3 ուղղությամբ՝ Ստամբուլ, Անկարա, Թեքիրդաղ: Մյուս կողմից՝ Գազիանթեփից քաղաքացիական չվերթների մեծ մասը Ստամբուլի ուղղությամբ է, ինչը կարող ենք տեսնել flightradar24.com կայքում: Օրինակ՝ վարձկան Յուսեֆ Ալ Հաջին պատմել է, որ իրենք մոտ 500 հոգով թուրք-սիրիական սահմանը հատելուց եւ օդանավակայան տեղափոխվելուց հետո երկրորդ օդանավակայան են փոխադրվել քաղաքացիական 2 ինքնաթիռով: Բայց, բնականաբար, պարտադիր չէ, որ վարձկանների փոխադրումը Թուրքիայի ներսում կամ դեպի Ադրբեջան կատարվի քաղաքացիական օդանավով, դրա համար կարող է կիրառվել նաեւ ռազմատրանսպորտային ինքնաթիռ: Հոկտեմբերին, հղում տալով ռուսական «Կոմերսանտին», գրել էինք, որ թուրքական ռազմական «C-130», «CN-235» եւ «Airbus A400M» տրանսպորտային ինքնաթիռները պատերազմից առաջ եւ դրա ընթացքում անձնակազմ ու զինամթերք են փոխադրել Ադրբեջան: Բնականաբար, թե՛ այսպիսի ռազմական, թե՛ քաղաքացիական եւ թե՛ քաղաքացիականի տակ քողարկված, բայց իրականում ռազմական թռիչքները կատարվում են Վրաստանի տարածքով:

Գազիանթեփ-Ստամբուլ թռիչքը. սահմանից՝ հանգուցային օդանավակայան

Նոյեմբերի 3-ի լույս գիշերը՝ տեղական ժամանակով 00:15-ի սահմաններում (Երեւանի ժամանակով՝ 01:15-ին), թուրքական օդուժի «Airbus A400M» ռազմատրանսպորտային ինքնաթիռը (թուրքական ռազմական գրանցումը՝ 18-0093) Գազիանթեփից թռել է (թռիչքի համարը՝ ESEN01) Ստամբուլի օդանավակայան (հայտնի է նաեւ որպես Ստամբուլի նոր օդանավակայան, կոդը՝ IST): Վերջինս տարածաշրջանի խոշորագույն «հաբ» է՝ ճանապարհային հանգույց: Թե ինչ կամ ավելի ճիշտ ում է տեղափոխել ռազմական օդանավը թուրք-սիրիական սահմանից ոչ հեռու գտնվող Գազիանթեփից դեպի Ստամբուլ, կարող ենք ենթադրել:

Ինքնաթիռը Ստամբուլում վայրէջք է կատարել տեղական ժամանակով 01:45-ի սահմաններում (Երեւանի ժամանակով՝ 02:45-ին): Այսինքն՝ թռիչքը տեւել է 1,5 ժամ: Հայկական ուժերի կողմից գերեվարված սիրիացի Մուհհռաբ Ալ Շխերը, ով Թուրքիայից Ադրբեջան է տեղափոխվել հոկտեմբերի 18-ի լույս գիշերը, իր հերթին հայտնել է, որ իրենց թռիչքը թուրքական մի օդանավակայանից մյուսը տեւել է մոտ 1 ժամ: Նկատենք, որ «Airbus A400M»-ը կարող է տեղափոխել շուրջ 120 զինծառայող/դեսանտային: Ըստ Ալ Շխերի՝ իրենց թիվը եղել է 250, ինչից կարող ենք ենթադրել, որ նա եւ մյուսները տեղափոխվել են ոչ թե «Airbus A400M»-ով, այլ ուրիշ օդանավով (ամենայն հավանականությամբ՝ քաղաքացիական):

Վերադառնալով նոյեմբերի 3-ին Գազիանթեփից Ստամբուլ թռած թուրքական ռազմատրանսպորտային ինքնաթիռին՝ նշենք, որ այն Ստամբուլում երկար չի մնացել եւ տեղական ժամանակով 02:30-ի սահմաններում (Երեւանի ժամանակով՝ 03:30-ին) հետադարձ ուղղություն է վերցրել դեպի Գազիանթեփ (թռիչքի համարը չի փոխվել՝ ESEN01), ուր հասել է 04:00-ի կողմերը (Երեւանի ժամանակով լույս գիշերվա ժամը 5-ին):

Վայրէջքից կես ժամ անց թուրքական օդուժի ինքնաթիռը նորից երկինք է բարձրացել ու մեկնել Կայսերի (թռիչքի համարը՝ կրկին ESEN01), որտեղ վայրէջք է կատարել 05:15-ին: Նշենք, որ Կայսերիի օդանավակայանն օգտագործվում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական կարիքների համար:

Ստամբուլ-Բաքու չվերթը

Ինչպես ասվեց, թուրքական օդուժի ռազմատրանսպորտային ինքնաթիռը Ստամբուլում վայրէջք է կատարել տեղական ժամանակով նոյեմբերի 3-ի 01:45-ին: Հետաքրքիր է, որ դրանից շատ չանցած՝ 02:30-ին, Ստամբուլի նույն օդանավակայանից դեպի Բաքու ուղղություն է վերցրել «Turkish Airlines»-ի «Airbus A330-300» ուղեւորատար օդանավը (գրանցումը՝ TC-JOF), որը տեղ է հասել 2,5 ժամ անց:

Ընդհանրապես, «Airbus A330-300» տիպի ինքնաթիռները, կախված նստարանների խտությունից, կարող են տեղավորել 300-440 ուղեւոր:   

«Turkish Airlines»-ը Ստամբուլից Բաքու 2 թռիչք ունի. մեկը (համարը՝ TK338) իրականացվում է լույս գիշերը, մյուսը (TK332)՝ առավոտյան: Գիշերվա թռիչքները կատարվում են ավելի տարողունակ «Airbus A330»-ներով, իսկ առավոտյան չվերթները՝ «Airbus A321»-երով: Երեկոյան էլ Ստամբուլ-Բաքու չվերթներ ունի (J2176) «Azerbaijan Airlines»-ը: Դրանք իրականացվում են թե՛ «Boeing», թե՛ «Airbus» օդանավերով:     

Լիբիական ավիաընկերությունների թռիչքները դեպի Ստամբուլ

Պատերազմի առաջին օրերին միջազգային մամուլը գրեց, որ Թուրքիան Արցախի ճակատ է տեղափոխում ոչ միայն Սիրիայից, այլեւ այդ երկրից Լիբիա տեղափոխված վարձկանների մի մասին:

Այս ֆոնին առավել հետաքրքիր են դառնում Լիբիայից թռիչքները դեպի Թուրքիա, չնայած առիթ ունեցել ենք գրելու, որ սեպտեմբերի 30-ի լույս գիշերը Բաքվում վայրէջք է կատարել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից ուղիղ չվերթով ժամանած «Buraq Air» ավիաընկերության ինքնաթիռը: Ընդ որում՝ լիբիական այս օպերատորը իր չվացուցակում դեպի Ադրբեջան թռիչքներ չունի: Դժվար չէ հասկանալ, թե պատերազմի մեկնարկային օրերին ինչ նպատակով էր լիբիական ուղեւորատար օդանավը մեկնում Բաքու:  

Ներկայացնենք լիբիական այն ավիաընկերությունները, որոնք չվերթներ ունեն դեպի Թուրքիա:

«Afriqiyah Airways»

Տրիպոլիում բազավորվող «Afriqiyah Airways» ընկերությունը իրականացնում է Տրիպոլի-Ստամբուլ (չվերթի համարը՝ 8U974) եւ Միսրատա-Ստամբուլ (8U970) թռիչքներ: Թե՛ Տրիպոլին, թե՛ Միսրատան գտնվում են Թուրքիայի աջակցությունը վայելող Լիբիայի ազգային համաձայնության կառավարության վերահսկողության տակ, որն իշխում է երկիշխանության ճգնաժամի մեջ գտնվող երկրի արեւմուտքում: Այդուհանդերձ, համաձայն flightradar24.com-ի, Միսրատայից թռիչքները ներկայում եւս իրականացվում են Տրիպոլիից: Երկու չվերթների դեպքում էլ Ստամբուլում վայրէջքը չվացուցակով նախատեսված է կեսօրին մոտ, սակայն դրանք կատարվում են ուշացումներով:

Ստամբուլ ժամանելու ժամերը նշում ենք՝ ցույց տալու համար, թե Լիբիայից Ստամբուլ եկող թռիչքները ինչպես կարող են համակցվել Ստամբուլից դեպի Ադրբեջան մեկնող չվերթների հետ:

«Libyan Wings»

Այս ընկերությունը եւս բազավորվում է Տրիպոլիում, որտեղից էլ թռիչքներ է կատարում դեպի Ստամբուլ. YL100 համարով չվերթը իրականացվում է լույս գիշերը, YL102-ը՝ առավոտյան (Ստամբուլում օդանավերը վայրէջք են կատարում կեսօրից հետո), իսկ YL300-ը՝ ցերեկը:

Չվացուցակով YL100 չվերթի ժամանումը Ստամբուլ գրեթե համընկնում է «Turkish Airlines»-ի Ստամբուլ-Բաքու TK338 չվերթի մեկնմանը: Փաստացի վերջինս իրականացվում է լիբիական օդանավի ժամանումից 20-30 րոպե անց, այսինքն՝ ականատես ենք չվերթների բավականին հարմար համակցման: Այստեղ հաշվի չենք առնում, մասնավորապես, ժամանող չվերթից հետո ուղեբեռի ստացման, մեկնելիս ուղեւորների գրանցման ժամանակները, քանի որ վարձկանների դեպքում տեղափոխումն, ըստ էության, այլ կերպ է իրականացվում: Ինչպես պատմել է գերեվարված Մուհհռաբ Ալ Շխերը, Թուրքիայի երկրորդ օդանավակայանում իրենց դիմավորել են ավելի քան 50 թուրք զինվորականներ, որոնք կանգնած են եղել երկու օդանավերի միջնամասում, իսկ վարձկանները նրանց միջով թուրքական ինքնաթիռից անցել են ադրբեջանական օդանավ, այսինքն՝ նրանք թուրքական օդանավակայանի ժամանման գոտի չեն մտել:        

«Buraq Air»

Ըստ flightradar24.com-ի՝ Տրիպոլիում բազավորվող այս ավիաընկերությունը դեպի Ստամբուլ չվերթներ ունի Տրիպոլիից եւ Միսրատայից, սակայն փաստացի տեսնում ենք միայն Տրիպոլի-Ստամբուլ թռիչքներ (համարը՝ UZ115): Չվացուցակով Թուրքիայում վայրէջքը նախատեսված է լույս գիշերը, բայց փաստացի «Buraq Air»-ի վայրէջքները Ստամբուլում կատարվել են ժամը 21-ի սահմաններում:

«Libyan Airlines»   

Լիբիայի ազգային ավիափոխադրող «Libyan Airlines»-ը, որը եւս բազավորվում է Տրիպոլիում, այստեղից թռիչքներ է կատարում դեպի Ստամբուլ (LN192): Վերջինիս օդանավակայանում վայրէջքները նախատեսված են ժամը 14-ին:      

Բնականաբար, վերը նշված թռիչքներից բացի՝ վարձկանները կարող են Թուրքիա տեղափոխվել ոչ կանոնավոր (չարտերային) չվերթներով, իսկ դրանց իրականացման համար կարող են օգտագործվել նաեւ բեռնափոխադրող-տրանսպորտային օդանավեր:

Տես նաեւ՝ 

Առաջին լուսանկարում՝ Ստամբուլի օդանավակայանը

Մեկնաբանություններ (1)

simon
even georgia "helps" the satanics by let them flying over it's territory for bringing mercenaries and wappons -- shame on you, georgia ! you'll be cursed and punished by GOD , like TR (earthquake , 114 dead ) , D.Trump by loosing elections and putin by getting the deasese og prkinson BECAUSE ALL THESE DIDN'T HELP KARABAKH-ARMENIANS !!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter