HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ադրբեջանական բեռնատար օդանավերը պատերազմի օրերին թռչում են Իսրայել ու Թուրքիա

Սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից Արցախի եւ Հայաստանի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների ֆոնին ուշագրավ տեղաշարժեր են արձանագրվում երկնքում: Ադրբեջանական բեռնատար օդանավերն այս օրերին թռիչքներ են կատարում տարբեր ուղղություններով: Սակայն խոսքը միայն նրանց մասին չէ:

Երեկ գրել էինք Տրիպոլիից Բաքու ժամանած լիբիական մարդատար ինքնաթիռի մասին, որը, հաշվի առնելով Թուրքիայի կողմից վարձատրվող եւ Լիբիայում ու Սիրիայում կռվող գրոհայինների, այդ թվում՝ միջազգային հանրության կողմից որպես ահաբեկչական ճանաչված խմբավորումների մարտիկների գործոնը, շատ հավանական է, որ Ադրբեջան է տեղափոխել այդպիսի վարձկանների:

Վարձկանների՝ Ադրբեջան մեկնելու մասին արդեն իսկ գրել են նաեւ արտասահմանյան հայտնի պարբերականները՝ հարցազրույցներ անցկացնելով գրոհայինների հետ:

Քանի որ վարձկանների «արտահանումն» իրականացվում է Թուրքիայի համակարգմամբ, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանը ռազմատեխնիկական ակտիվ համագործակցության մեջ է մի շարք գործընկերների հետ, այս հոդվածում ուշադրություն կդարձնենք ադրբեջանական եւ թուրքական օդանավերի թռիչքներին, որոնք կատարվում են պատերազմի օրերին:

«Silk Way Airlines»-ի թռիչքները Իսրայել, Թուրքիա, Ուկրաինա

Ադրբեջանական «Silk Way Airlines» բեռնափոխադրող ավիաընկերությունը, որի անունը տարբեր առիթներով շոշափվել է զենքի փոխադրման միջազգային սկանդալներում, վերջին օրերին Բաքվից ակտիվ թռիչքներ է կատարում դեպի իսրայելական Էյլաթ քաղաք:

Flightradar24.com կայքում կարող ենք տեսնել, որ, օրինակ, սեպտեմբերի 24-ին «Silk Way»-ի «Իլ-76» բեռնատարը (գրանցման համարը՝ 4K-AZ101) Էյլաթից թռել է Բաքու: Ավիաընկերության Էյլաթ-Բաքու թռիչքների համարն է ZP4612 կամ AZQ4612: Թե ինչ է տեղափոխել օդանավը Իսրայելից Ադրբեջան, կարող ենք ենթադրել: Սեպտեմբերի 29-ին նույն ինքնաթիռը կրկին թռել է Բաքու-Էյլաթ-Բաքու ուղղությամբ: Իսկ երեկ՝ սեպտեմբերի 30-ին, 4K-AZ101-ը կատարել է Բաքու-Անկարա-Բաքու չվերթը (թռիչքների ցանկը՝ ստորեւ):

«Silk Way»-ի մեկ այլ «Իլ-76»՝ 4K-AZ41 համարով, սեպտեմբերի 26-ին եւ 27-ին հավանաբար Բաքվից թռել է Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայան ու հետ վերադարձել:

Նույն ավիաընկերության մեկ ուրիշ «Իլ-76» (4K-AZ40) սեպտեմբերի 30-ին թռել է Բաքու-Էյլաթ-Բաքու ուղղությամբ:

Նույն օրը Ստամբուլից Բաքու է թռել «Silk Way West Airlines»-ի («Silk Way Group»-ի ընկերություններից է) «Boeing 747» բեռնատար ինքնաթիռներից մեկը:

Ադրբեջանական բանակի «Իլ-76»-ը թռել է Թուրքիա, Իսրայել, Ուկրաինա

Ադրբեջանական ռազմաօդային ուժերի բեռնատար «Իլ-76»-ը (գրանցման համարը՝ 4K-78131) այս օրերին պարբերական թռիչքներ է իրականացրել դեպի Թուրքիա (Բաքու-Անկարա-Թեքիրդաղի ավիաբազա), ինչպես նաեւ իսրայելական Էյլաթ եւ ուկրաինական Լվով (տես ստորեւ):

Նկատենք, որ ադրբեջանական ինքնաթիռները Թուրքիա, Իսրայել եւ Ուկրաինա հասնելու համար օգտագործում են Վրաստանի օդային տարածքը:

Թուրքական ինքնաթիռներ

Այս օրերին Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ ավիահաղորդակցությունը շարունակվում է «Azerbaijan Airlines»-ի եւ «Turkish Airlines»-ի ուղեւորատար օդանավերի միջոցով, որոնք իրար են կապում, մասնավորապես, Բաքուն եւ Ստամբուլը, Անկարան, Անթալիան:

Բացի դրանից՝ թուրքական օդուժին պատկանող «Cessna 650» մարդատար ինքնաթիռը (գրանցմանը համարը՝ 004) սեպտեմբերի 29-ին Անկարայից մեկնել է Բաքու, իսկ ամսի 30-ին՝ հակառակ ուղղությամբ (թռիչքի համարը՝ TUAF129, տես ստորեւ):

Բիզնես դասի նման օդանավերի թռիչքներ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ վերջին օրերին էլի են գրանցվել: Թե ովքեր են եղել ուղեւորները, դժվար է ասել: Օրինակ՝ սեպտեմբերի 29-ին «Turkish Airlines General Aviation»-ի «Airbus A319» օդանավը (ըստ ավիացիոն ռեգիստրների՝ պատկանում է Թուրքիայի օդուժին) Անկարայից մեկնել է Բաքու, վերադարձել՝ ամսի 30-ին (թռիչքի համարը՝ TRK8):

Առաջին լուսանկարում՝ «Silk Way Airlines»-ի 4K-AZ40 համարով ինքնաթիռը Էյլաթից վերադառնում է Բաքու (30.09.2020)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter