HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ադրբեջանական ու լիբիական ինքնաթիռները՝ Ստամբուլի օդանավակայանում պատերազմից առաջ եւ դրա ընթացքում

Թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սեպտեմբերի 27-ին Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում պարբերաբար անդրադարձել ենք պատերազմի օրերին Թուրքիայից, Իսրայելից ու այլ երկրներից Ադրբեջանի փոխադրումներին թե՛ բեռնատար, թե՛ ուղեւորատար օդանավերով։ 

Այս անգամ կհրապարակենք մի քանի լուսանկար, որոնք առնչվում են այդ փոխադրումներին կամ առնվազն կարող են կապ ունենալ դրանց հետ։ 

Ինչպես արդեն գրել էինք, ադրբեջանական «Silk Way West Airlines» ավիաընկերության ինքնաթիռներից «Boeing 747» տիպի բեռնատարը, որը գրանցված է օֆշորային Բերմուդներում որպես VP-BCV, համաձայն թռիչքներին առցանց հետեւող flightradar24.com կայքի, հոկտեմբերի 4-ին Բաքվից թռել էր Վիեննա, ապա Բաքու վերադարձել՝ միջանկյալ վայրէջք կատարելով Ստամբուլում: 

Նկատենք, որ այս օդանավը պատերազմի օրերին թռիչքներ է կատարել ոչ միայն դեպի Թուրքիա, այլեւ, մասնավորապես, իսրայելական Թել Ավիվ եւ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ։

Jetphotos.com մասնագիտական կայքում առկա է Բաքու վերադառնալու ճանապարհին Ստամբուլում վայրէջք կատարած VP-BCV-ի մի քանի լուսանկար, որոնք արվել են հոկտեմբերի 4-ին Ստամբուլի օդանավակայանում (IST)։ Ահա դրանք (տես նաեւ գլխավոր լուսանկարը)։

Եվս 3 նկար ընտրել ենք լիբիական փոխադրողներից՝ «Air Libya»-ի «BAe RJ100» օդանավից (լիբիական գրանցումը՝ 5A-FLE), «Buraq Air»-ի «Boeing 737» ինքնաթիռից (5A-DMG) եւ Թուրքիայի աջակցությունը վայելող Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության օդուժի «Իլ-76»-ից (5A-POL)։

Մենք չենք պնդում, որ լիբիական այս 3 օդանավերը, որոնք հայտնվել են Ստամբուլի օդանավակայանում, միանշանակ առնչություն ունեն Արցախի ճակատում ընթացող պատերազմի հետ, սակայն այդ առնչությամբ կասկածներ ունենք՝ հաշվի առնելով, որ Թուրքիան դեպի Լիբիա վարձկաններ տեղափոխելու հարուստ փորձ ունի, բացի դրանից, ինչպես արդեն գրել ենք, սեպտեմբերի 30-ի լույս գիշերը «Buraq Air»-ի այս նույն «Boeing 737»-ն էր հենց Տրիպոլիից թռել Բաքու՝ գրեթե վստահաբար թշնամուն մատակարարելով վարձկան-ահաբեկիչներով, որոնց համակարգում է Թուրքիան (տես ստորեւ)։

«Buraq Air»-ի 5A-DMG գրանցումով օդանավը Ստամբուլի օդանավակայանի երկնքում լուսանկարվել է սեպտեմբերի 26-ին՝ վարձկան-ահաբեկիչների մասնակցությամբ պատերազմի սանձազերծումից ժամեր առաջ։

Flightradar24.com կայքում կարող ենք տեսնել, որ այս օդանավը Լիբիայից Ստամբուլ է թռել նաեւ հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-ին ու 2-ին։

Մյուս կողմից՝ եթե «Buraq Air»-ը իր չվացուցակում, ի տարբերություն Բաքվի, թռիչքներ ունի դեպի Ստամբուլ, նույնը չենք կարող ասել «Air Libya»-ի մասին, որի «BAe RJ100» ինքնաթիռը (5A-FLE) Ստամբուլում ֆիքսվել է սեպտեմբերի 24-ին։ Թե ինչ կամ ում է Թուրքիա տեղափոխել այս օդանավը, հայտնի չէ։ 

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ռազմական «Իլ-76» բեռնատարն էլ Ստամբուլի օդանավակայանում վայրէջք է կատարել հոկտեմբերի 6-ին՝ պատերազմի օրերին, սակայն պարզ չէ, թե որն է եղել թռիչքի նպատակը։ 

Մեկնաբանություններ (1)

vartan
Maybe : To take out these azerbaidjanese aircrafts by military satellites...? Hmmm...,?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter