HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Թուրքիայից ու Իսրայելից հետո ադրբեջանցիները նոր «երակ» են բացել Աֆղանստանից

Ադրբեջանական «Silk Way»-ի բեռնատար օդանավերը սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական ագրեսիայի մեկնարկից մինչեւ հիմա շարունակում են փոխադրումներ կատարել դեպի Բաքու այնպիսի երկրներից, ինչպիսիք են Թուրքիան, Իսրայելը, Աֆղանստանը:

Այն, որ ռազմատեխնիկական գործընկերները ոչ միայն զենք-զինամթերք են մատակարարում ագրեսոր Ադրբեջանին, այլ նաեւ ահաբեկիչներ, որոնց «առաքումը» վերահսկում է Թուրքիան, հայտնի դարձավ պատերազմի հենց առաջին օրերին, ինչի մասին բարձրաձայնեցին նաեւ մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, օրինակ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

Ռուսական աղբյուրներ. թուրքերը ղեկավարել են Ադրբեջանի ռազմական գործողությունները

Ռուսական «Կոմերսանտը», հղում անելով ռազմադիվանագիտական իր աղբյուրներին, օրերս գրեց, որ սեպտեմբեր-հոկտեմբերին կտրուկ աճել է Վրաստանի երկնքով Թուրքիայից դեպի Ադրբեջան ռազմատրանսպորտային թռիչքների քանակը: Ըստ այդմ՝ սեպտեմբերի 4-ին թուրքական օդուժի «C-130» տրանսպորտային օդանավը մարդ եւ ռազմամթերք է տեղափոխել Ադրբեջան, նույնն արվել է սեպտեմբերի 18-ին «CN-235» ինքնաթիռով, իսկ ամսի 25-ին՝ «Airbus A400»-ով:

Արդեն պատերազմի ընթացքում՝ սեպտեմբերի 28-30-ին, «Կոմերսանտի» փոխանցմամբ, մինչ այդ Ադրբեջան ժամանած թուրք հրահանգիչներին միացել են Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարն ու ցամաքային զորքերի հրամանատար Յումիթ Դյունդարը: Ռուսական թերթի աղբյուրները հայտնել են, որ բարձրաստիճան թուրք զինվորականները տեղում իրականացրել են ղարաբաղյան ճակատում ընթացող մարտական գործողությունների ընդհանուր ղեկավարումը: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ ադրբեջանական զինուժն անցել է թուրքերի վերահսկողության տակ, եւ այս պայմաններում այդ երկրի ՊՆ Զաքիր Հասանովն, ըստ էության, մարիոնետ կատարածու է թուրքերի համար: Հայ վերլուծաբանները պնդում են, որ նույն վիճակում է նաեւ Ադրբեջանի ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ սկսած Ալիեւից:

«Կոմերսանտի» ստացած տեղեկություններով՝ սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին ու 3-ին թուրքական «CN-235» տրանսպորտային օդանավն Անկարայի հարեւանությամբ գտնվող Էթիմեսգութի ավիաբազայից (ռազմական օդանավակայան) թռել է Սումգայիթի հարեւան «Նասոսնայա» ավիաբազա՝ տեղափոխելով դեղամիջոցներ եւ հրաձգային զենք:    

Հոկտեմբերի 7-ին թուրքական «C-130» ինքնաթիռը կրկին անձնակազմ ու զինամթերք է փոխադրել Ադրբեջան (թռիչքի համարը՝ TUAF737): Իսկ ամսի 9-ին ադրբեջանական օդուժի «Իլ-76»-ն է Հորդանանի մայրաքաղաք Ամմանից, ըստ «Կոմերսանտի» աղբյուրների, Վրաստանի երկնքով Ադրբեջան տեղափոխել (թռիչքի համարը՝ AZAF002) «ԴՇԿ» տիպի 200 հատ գնդացիր՝ լրակազմով: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Վրաստանի անվտանգության խորհրդի նիստից հետո մեր հյուսիսային հարեւանի կառավարությունը հայտարարել էր, թե իբր արգելելու է իր օդային տարածքով ռազմական բեռի տեղափոխումը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի գոտի:

Ռուսական թերթը նշել է, որ թուրքական կողմը Վրաստանի երկնքով տարանցիկ չվերթներ կատարելու հայտեր է ուղարկել նաեւ հոկտեմբերի 14-ի, 21-ի ու 28-ի վերաբերյալ, որոնք բոլորն էլ, ըստ թերթի աղբյուրների, վրացիները բավարարել են:

Հաջիեւը շնորհավորում է իսրայելցի ինժեներներին

Իսրայելից դեպի Ադրբեջան ռազմական փոխադրումներին է անդրադարձել axios.com կայքը, որի հեղինակ Բարաք Ռավիդը (Թել Ավիվից) ներկայացրել է իրավիճակն ընդհանուր գծերով: Ըստ իսրայելցի հեղինակի՝ Ադրբեջանի ռազմական գնումների 60 տոկոսը իսրայելական արտադրանք է, ինչին զուգահեռ Իսրայել մտնող նավթի մի մեծ մաս առաքում է Ադրբեջանը: Սեպտեմբերի 30-ին հրապարակած հոդվածում Ռավիդը նշել է, որ վերջին օրերին Իսրայելից դեպի Ադրբեջան է մեկնել այդ երկրի ՊՆ-ին փոխկապակցված բեռնատար օդանավերի շարասյուն (թերեւս նկատի է ունեցել օդուժի եւ «Silk Way Airlines»-ի ինքնաթիռները): Ըստ այդմ՝ Իսրայելում օդանավերը վայրէջք են կատարել երկրի հարավային «Օվդա» ավիաբազայում, որը գտնվում է Էյլաթ քաղաքի հարեւանությամբ եւ նախկինում ծառայել է թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական նպատակների: «Հետքն» արդեն մի քանի անգամ գրել է ադրբեջանական ինքնաթիռների՝ դեպի Էյլաթ եւ Թել Ավիվ թռիչքների մասին:   

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը Ռավիդին տված հարցազրույցում հայտնել է, թե իբր չի կարող ասել՝ որն է նշված շարասյան թռիչքների կոնկրետ նպատակը, բայց հավելել է, որ Ադրբեջան-Իսրայել ռազմատեխնիկական համագործակցությունը գաղտնիք չէ:

Պատերազմի օրերին եւ ընդհանրապես իր կեղծ գրառումներով ու հայտարարություններով աչք ծակող Հաջիեւն ասել է, թե օդանավերը կարող էին տեղափոխել միրգ ու բանջարեղեն: Երբ Ռավիդը պնդել է, որ դրանք ավիաբազայում են իջել, Հաջիեւը խոստովանել է, թե կարող էին նաեւ ռազմական ապրանք վերցնել՝ հավելելով, թե փոխադրումները եղել են Իսրայելի հետ երկարաժամկետ համագործակցության մաս եւ Հայաստանի հետ պատերազմին անմիջականորեն չեն առնչվում: Այդուհանդերձ, Հաջիեւն ասել է, որ իսրայելական «Harop» ԱԹՍ-ները («կամիկաձե» տեսակի) իրենց շատ արդյունավետ են դրսեւորել մարտերի ժամանակ:

Ռավիդը հոդվածում հավելել է, որ Իսրայելը պաշտոնապես հրապարակային որեւէ հայտարարություն չի արել Ղարաբաղի ճակատում ընթացող պատերազմի մասին, իսկ այդ երկրի ԱԳՆ-ն հրաժարվել է լրագրողին մեկնաբանություն տալուց: «Բերանբաց» Հաջիեւը, սակայն, իսրայելցի լրագրողին հայտնել է, որ այդ երկրի տեխնոլոգիաներն օգնում են Ադրբեջանին ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, եւ իսրայելցի ինժեներներին պետք է շնորհավորել:

Ադրբեջանական բեռնատարները թռչում են Թուրքիա, Իսրայել, Ուկրաինա, Աֆղանստան

Հոկտեմբերի 7-ին Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ հետախուզության տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը պայմանավորվածություն է ձեռք բերել Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդդին Հիքմեթիյարի հետ Արցախի դեմ պատերազմում ահաբեկչական նոր խմբավորումների ներգրավման մասին: Հիքմեթիյարը, ով 1990-ականներին երկու անգամ կարճ ժամանակով եղել է Աֆղանստանի վարչապետ, 2003-ից ԱՄՆ-ի կողմից համարվում է ահաբեկիչ: Ահա այսպիսի գործընկեր ունեն Թուրքիան եւ Ադրբեջանը:

Հոկտեմբերի 5-ին «Հետքը» գրել էր ադրբեջանական «Silk Way West Airlines» ավիաընկերության Բաքու-Դուբայ-Բաղրամ-Դուբայ-Բաքու չվերթի մասին: Աֆղանստանի Բաղրամի ավիաբազան այդ երկրում ամերիկյան զորքերի գլխավոր հենակայանն է, բայց թե կոնկրետ ինչ կամ ում է այնտեղից Ադրբեջան տեղափոխել քաղաքացիական բորտի անվան տակ շահագործվող բեռնատարը, դժվար է ասել:

Առավել ուշագրավ էր ՀՀ ԱԱԾ-ի հաղորդագրությունը հոկտեմբերի 17-ին: ԱԱԾ-ի տրամադրության տակ գտնվող կոնկրետ տվյալներով՝ ադրբեջանական կողմը զբաղվում է դեպի իր տարածք զգալի քանակությամբ ռազմամթերք եւ վարձկան-ահաբեկիչներ տեղափոխելու գործով, ինչի մասին վկայում են «Silk Way»-ի «Boeing 747» եւ «Իլ-76» բեռնատարների թռիչքները Բաքվից դեպի տարբեր երկրների ավիաբազաներ եւ հետադարձ ուղղությամբ: Ըստ ԱԱԾ-ի՝ հոկտեմբերի 16-ին արձանագրվել է Բաքու-Բաղրամ չվերթը, հոկտեմբերի 17-ին՝ Բաղրամ-Լաշկարգահ (ԱԱԾ-ն նշել է որպես պակիստանյան, բայց իրականում Աֆղանստանում է)-Բաքու չվերթը: ԱԱԾ-ն հայտնել էր, որ այս նույն երթուղին ծրագրված էր նաեւ հոկտեմբերի 18-ին, բացի դրանից՝ նախատեսվել էին Բաքվից միջանկյալ օդանավակայանով դեպի աֆղանական Կանդաhար եւ հետադարձ չվերթներ: Ավելին՝ նմանատիպ չվերթներ, համաձայն ԱԱԾ-ի, կատարվելու են նաեւ հոկտեմբերի 19-ից հետո:

Քանի որ արդեն անդրադարձել ենք մինչեւ հոկտեմբերի 12-ը դեպի Բաքու իրականացվող հատկանշական չվերթներին, այս հոդվածում կներկայացնենք դրանից հետո տեղի ունեցած ուշագրավ թռիչքները՝ համաձայն flightradar24.com կայքի:

Այսպես՝ «Silk Way Airlines»-ի «Իլ-76» օդանավը (գրանցումը՝ 4K-AZ41) հոկտեմբերի 13-ից մինչեւ այսօր առնվազն 8 անգամ Թուրքիայից (այդ թվում՝ Անկարայից եւ Թեքիրդաղից) թռել է Ադրբեջան:

Իր հերթին «Silk Way West Airlines»-ի «Boeing 747» բեռնատարներից VP-BCV-ն (գրանցված է Բերմուդներում) հոկտեմբերի 14-ին կատարել է Բաքու-Թել Ավիվ-Բաքու չվերթը (տես նկարում):

Նույն ընկերության մեկ այլ «Boeing 747» (բերմուդյան գրանցումը՝ VP-BCR) հոկտեմբերի 15-ին թռել է Բաքու-Ստամբուլ-Բաքու ուղեգծով, ինչից հետո՝ նույն օրը, կատարել է Բաքու-Կիեւ-Ստամբուլ-Բաքու չվերթը: Հոկտեմբերի 17-ին այս ինքնաթիռը թռել է Բաքու-Դուբայ-Բաղրամ ուղղությամբ եւ նույն օրն էլ նույն ճանապարհով վերադարձել: Հոկտեմբերի 18-ին VP-BCR-ն իրականացրել է Բաքու-Ամստերդամ-Ստամբուլ-Բաքու, իսկ 18-19-ին՝ Բաքու-Կիեւ-Բաքու թռիչքները (տես նկարում): 

Հոկտեմբերի 13-ին «Silk Way West Airlines»-ի ադրբեջանական 4K-SW008 գրանցումով «Boeing 747»-ը Բաքվից թռել է թուրքական Թեքիրդաղ ու վերադարձել: Հոկտեմբերի 16-17-ին նույն բորտը կատարել է Բաքու-Թել Ավիվ-Բաքու, իսկ ամսի 18-ին՝ Բաքու-Ստամբուլ-Բաքու չվերթները: Հոկտեմբերի 18-19-ին էլ 4K-SW008-ը թռել է Բաքու-Դուբայ-Բաղրամ-Բաքու ուղղությամբ:

Տես նաեւ՝

Առաջին նկարում՝ «Silk Way West Airlines»-ի «Boeing 747» օդանավը (4K-SW008) Բաղրամի ավիաբազայից վերադառնում է Բաքու

Մեկնաբանություններ (1)

Rose
Israel is money driven. They don't supply weapons to Turkey or Azerbaijan for love or loyalty but for oil and cash. They have no morality inspire of the Holocaust.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter