HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ադրբեջանը քաղաքացիական օդանավերով բեռնափոխադրումներ է կատարում Թուրքիայից եւ Իսրայելից՝ օգտագործելով Վրաստանի երկինքը

Պատերազմի ընթացքում ադրբեջանական բեռնափոխադրող օդանավերը, որոնք համարվում են քաղաքացիական բորտեր, շարունակում են Ադրբեջանից թռիչքներ կատարել դեպի Թուրքիա եւ Իսրայել: Խոսքն առաջին հերթին «Silk Way Airlines» ավիաընկերության մասին է, որի ինքնաթիռներին անդրադարձել էինք հոկտեմբերի 1-ին: 

Գրել էինք, որ ժամանակին զենքի տեղափոխման միջազգային սկանդալների մեջ հայտնված այս ավիաընկերության «Իլ-76» բեռնատար ինքնաթիռները թռիչքներ են կատարում դեպի Թուրքիա եւ Իսրայել: Այդ թռիչքներն իրականացվում են նաեւ հիմա: 

Շեշտենք, որ բոլոր թռիչքների համար ադրբեջանցիներն օգտագործում են Վրաստանի օդային տարածքը:

Այսպես՝ հոկտեմբերի 3-ին «Silk Way Arlines»-ի «Իլ-76»-երից մեկը (գրանցումը՝ 4K-AZ41) Ադրբեջանից Վրաստանի երկնքով թռել է Անկարա (թռիչքի համարը՝ ZP6505), ապա նույն ուղեգծով վերադարձել (թռիչքի համարը՝ ZP6506): Այսօր էլ նույն օդանավը կրկին Վրաստանի տարածքով ուղեւորվել է Թուրքիա՝ Միջերկրականի ափին գտնվող Դալաման քաղաքի օդանավակայան (չվերթի համարը՝ ZP6501): Այս պահին օդանավը վերադառնում է (թռիչքի համարը՝ ZP6502):

«Silk Way Arlines»-ի մեկ այլ «Իլ-76» (գրանցումը՝ 4K-AZ40), ինչպես հոկտեմբերի 1-ին, այնպես էլ այսօր ուղղություն է վերցրել դեպի Թուրքիա (թռիչքի համարը՝ ZP6507): Այս պահին ինքնաթիռը գտնվում է օդում: 

«Silk Way Arlines»-ի քույր ավիաընկերությունը՝ «Silk Way West Airlines»-ը, որը հիմնականում «Boeing 747» տիպի բեռնատարներով հեռահար թռիչքներ է կատարում տարբեր ուղղություններով, այդ թվում՝ խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, այսօր թռիչք է կատարել դեպի Իսրայել: Նկատենք, որ այս ավիաընկերության օդանավերը գրանցված են ոչ միայն Ադրբեջանում, այլեւ Բերմուդներում: 

Եվ այսպես՝ այսօր «Silk Way West Airlines»-ի «Boeing 747-400» տիպի բեռնատարներից մեկը (ադրբեջանական գրանցումը՝ 4K-SW008) Բաքվից թռել է Թել Ավիվ (թռիչքի համարը՝ 7L216): Այս պահին օդանավը Թուրքիայի եւ Վրաստանի երկնքով վերադառնում է Ադրբեջան (թռիչքը՝ 7L217):

Հիշեցնենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմական գործողություններից թե՛ առաջ, թե՛ հետո Իսրայելի Էյլաթ քաղաք են թռել «Silk Way Arlines»-ի օդանավերը: 

Նախորդ հոդվածում գրել էինք նաեւ Ադրբեջանի օդուժի «Իլ-76»-ի մասին (գրանցումը՝ 4K-78131), որը թռել էր դեպի Թուրքիա, Իսրայել եւ Ուկրաինա, սակայն սեպտեմբերի 30-ից հետո flightradar24.com կայքում այս օդանավի կատարմամբ թռիչքներ չեն երեւում: 

Հավելենք, որ պատերազմական գործողությունների ֆոնին Բաքվից դեպի Թուրքիա եւ Իսրայել թռչող եւ այնտեղ վերադարձող ինքնաթիռները շրջանցում են Գյանջայի երկինքը եւ Վրաստան-Ադրբեջան սահմանը հատում Շաքիի կողմից, ինչը կարելի է պարզ տեսնել նաեւ այս պահին Թել Ավիվից Բաքու թռչող «Boeing 747-400»-ի կատարմամբ:  

Վերը նշվածը նշանակում է, որ Ադրբեջանը, օգտագործելով Վրաստանի օդային տարածքը, պատերազմից առաջ ու ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական բեռնատարներով կարեւոր ավիաբեռնափոխադրումներ է իրականացնում Թուրքիայից եւ Իսրայելից, որոնք մեր հակառակորդի ռազմատեխնիկական գլխավոր գործընկերներից են:

Հետաքրքիր եւս մի փաստ. այս պահին օդում է գտնվում Ադրբեջանի կառավարական «Gulfstream G450» բիզնես դասի ինքնաթիռը (գրանցումը՝ 4K-AZ888), որը Ադրբեջանից Վրաստանի երկնքով ուղղություն է վերցրել դեպի Թուրքիա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter