HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ադրբեջանական բեռնատար օդանավերը մեկ շաբաթից քիչ ժամկետում 33 անգամ Թուրքիա ու Իսրայել են թռել

Սեպտեմբերի 27-ին Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայից առաջ եւ դրա ընթացքում կատարվող օդային բեռնափոխադրումներին մի քանի անգամ անդրադարձել ենք։

Մասնավորապես՝ ադրբեջանական «Silk Way Airlines» եւ դրան փոխկապակցված «Silk Way West Airlines» ավիաընկերության ինքնաթիռները ստանձնել են ագրեսոր բանակի մատակարարման գործը պատերազմի նախապատրաստական փուլում եւ այս օրերին։ Գրել ենք, օրինակ, Իսրայելի Թել Ավիվ եւ Էյլաթ, ինչպես նաեւ թուրքական Անկարա, Ստամբուլ, Թեքիրդաղ, Դալաման քաղաքներից դեպի Ադրբեջան (Բաքու) կատարվող փոխադրումների մասին։

Քանի որ վերջին հոդվածը հրապարակել էինք հոկտեմբերի 5-ին, այժմ տեսնենք, թե դրանից հետո ադրբեջանական բեռնատար օդանավերը քանի անգամ են ռազմատեխնիկական գործընկեր Թուրքիայից ու Իսրայելից թռիչքներ կատարել իրենց երկիր։ Բնականաբար, սա չի նշանակում, թե այլ երկրներից Ադրբեջանը չի կարող զենք բերել։ Պարզապես հայկական կողմի հետ պատերազմի մեջ գտնվող այս երկրի սկանդալային «Silk Way Airlines» օպերատորի ինքնաթիռները, որոնք նախկինում հայտնվել են զենքի փոխադրման մութ պատմությունների կիզակետում, վերջին օրերին մեծածավալ չվերթներ են իրականացնում հենց Թուրքիա եւ Իսրայել, իսկ մյուս կողմից՝ գաղտնիք չէ, որ այս երկուսն Ադրբեջանի զենք-զինամթերքի մատակարարման հիմնական աղբյուրներից են։  

Համաձայն aerotransport.org տեղեկատվական բազայի՝ «Silk Way Airlines»-ի ավիապարկում կա 9 բեռնատար օդանավ՝ 8 հատ «Իլ-76» եւ 1 հատ «Ան-12», որոնցից ներկայում ակտիվ են 5 հատ «Իլ-76»-եր։

Քանի որ այդ 5 ինքնաթիռներից ոչ բոլորն են Թուրքիա ու Իսրայել թռել հոկտեմբերի 6-ից մինչ օրս, ստորեւ կանդրադառնանք միայն այն բորտերին, որոնք մեկնել են այդ ուղղություններով։

Նորից նշենք, որ բոլոր թռիչքները կատարվել են Վրաստանի երկնքով, որի կառավարությունը հայտարարել է, թե իբր թույլ չի տալու իր երկնքով ռազմական բեռի փոխադրումը կոնֆլիկտի գոտի։ Նկատենք, սակայն, որ դրանից հետո Ադրբեջանի ռազմաօդային ուժերի «Իլ-76» բեռնատարը (գրանցումը՝ 4K-78131) փոխադրումներ չի կատարել, ինչը, թերեւս, պայմանավորված է նրանով, որ այն համարվում է ռազմական ինքնաթիռ, հետեւաբար առժամանակ զրկվել է Վրաստանի երկնքով թռիչքներ կատարելու հնարավորությունից։ Սակայն նույն «Silk Way Airlines»-ը շարունակում է իր ակտիվ ներգրավվածությունը բեռնափոխադրումներին։

Եվ այսպես՝ այս ընկերության 4K-AZ101 գրանցումով «Իլ-76»-ը հոկտեմբերի 5-ին, ըստ ամենայնի, Բաքվից թռել է Ստամբուլից ոչ հեռու գտնվող Թեքիրդաղ քաղաքի օդանավակայան, որն օգտագործվում է թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական նպատակներով։ Հոկտեմբերի 6-ին ադրբեջանական բորտը վերադարձել է հայրենիք։

4K-AZ40 գրանցումով բորտը հոկտեմբերի 6-ից մինչեւ այսօր 10 անգամ թռել է Թուրքիա եւ վերադարձել։ Այս ընթացքում չի եղել օր, որ 4K-AZ40-ը Թուրքիա չթռչի։ «Մեծ եղբոր» տարածքում ինքնաթիռի հասցեակետերը եղել են Թեքիրդաղն ու, թերեւս, Անկարան։

4K-AZ41 գրանցումով «Իլ-76»-ը եւս 10 անգամ թռել է Թուրքիա ու վերադարձել։ Սրա պարագայում եւս «թիրախային» են եղել Թեքիրդաղն ու, ըստ ամենայնի, Անկարան։

Այսպիսով՝ «Silk Way Airlines»-ի 3 հատ «Իլ-76»-երը 6 օրում 21 անգամ թռել են Թուրքիա։

Հիմա անդրադառնանք դրա քույր ավիաընկերությանը՝ «Silk Way West Airlines»-ին, որը, ըստ aerotransport.org-ի, շահագործում է 10 հատ «Boeing 747» տիպի բեռնատար։ Սրանցից 7-ը գրանցված են Բերմուդներում, իսկ մյուս 3-ը՝ Ադրբեջանում։

VQ-BBM գրանցումով բորտը հոկտեմբերի 8-ին Չիկագոյից Բաքու վերադառնալիս միջանկյալ վայրէջք է կատարել Ստամբուլում։ Բաքու-Չիկագո-Բաքու մյուս թռիչքների ժամանակ նման այլ վայրէջքներ հոկտեմբերի 6-ից մինչ օրս չեն արձանագրվել։

VP-BCR գրանցումով «Boeing 747»-ն իր հերթին Բաքվից թռել է Թել Ավիվ ու նույնը օրը վերադարձել։ Հոկտեմբերի 11-ին էլ նույն օդանավը կատարել է Բաքու-Ստամբուլ-Բաքու չվերթը։

«Silk Way West Airlines»-ի՝ Ադրբեջանում գրանցված բորտերից 4K-SW008-ը հոկտեմբերի 6-ին կատարել է Բաքու-Թել Ավիվ-Բաքու եւ Բաքու-Թեքիրդաղ-Բաքու թռիչքները, ամսի 7-ին ու 10-ին այն կրկին մեկնել է Թեքիրդաղ, իսկ հոկտեմբերի 11-ին իրականացրել է Բաքու-Թբիլիսի-Ստամբուլ-Բաքու չվերթը։ Այսօր 4K-SW008 գրանցումով «Boeing 747»-ը Բաքվից կրկին թռել է Թեքիրդաղ։

Մեկ այլ «Boeing 747» (ադրբեջանական գրանցումը՝ 4K-SW888) հոկտեմբերի 7-ին Բաքվից թռել է Կիեւ, այնտեղից՝ Ստամբուլ, ապա վերադարձել Բաքու։ Ամսի 9-ին էլ նույն օդանավը կատարել է Բաքու-Թեքիրդաղ-Բաքու չվերթը։

4K-SW800-ն իր հերթին հոկտեմբերի 11-ին թռել է Թեքիրդաղ ու վերադարձել:

Այսպիսով՝ «Silk Way West Airlines»-ի 5 հատ «Boeing 747» օդանավերը 7 օրում (ներառյալ՝ այսօր) կատարել են 10 թռիչք դեպի Թուրքիա եւ 2 թռիչք՝ Իսրայել։

Ընդհանուր առմամբ, «Silk Way Airlines»-ի եւ «Silk Way West Airlines»-ի 8 օդանավերը հոկտեմբերի 6-ից մինչեւ այս պահը (ոչ լրիվ 7 օր) 31 անգամ թռել են Թուրքիա, 2 անգամ՝ Իսրայել։   

Տես նաեւ՝

Լուսանկարում՝ «Silk Way Airlines»-ի «Իլ-76» օդանավը (4K-AZ101) վայրէջք է կատարում Թել Ավիվում․ 17.06.2019, jetphotos.com

Մեկնաբանություններ (2)

Raz aslan
Aliya there is no excuse in this day and age for someone like you or any other azerbaijani's and turk not to learn about the history of that land to know who he belongs to please do your history research. Thank you
Yerevan2800
Բա, որ հա ասում ու գրում էին ազգային փոխադրողի կարևորության մասին, ով էր լսում ու հաշվի առնում այս կարգի հոդվածները ,դե վայելեք ձեր հետին, եթե կա այդպիսին, խելքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter