
Արա Այվազյան. «Չենք համաձայնելու այն պնդումներին, որ Շուշին կարող է թուրքական մշակութային կենտրոն լինել»
Հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և վարել բանակցություններ այն դրույթների շուրջ, որոնց վերաբերյալ նախկինում ձեռք է բերվել պայմանավորվածություն: Այս մասին խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ասաց արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը` արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին:
«Մեզ համար առաջնային հարց է դեօկուպացիան և դրա հետ կապված հայ ազգաբնակության անվտանգ վերադարձը իր բնակավայրերը: Միջազգային հանրության կողմից հումանիտար աջակցության անխափան ապահովումը Արցախին, նաև մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը»,-նշեց նախարարը:
Արա Այվազյանն անդրադարձավ նաև ադրբեջանական կողմի այն պնդումներին, թե Շուշին թուրքական մշակույթի կենտրոն կարող է լինել:
«Շուշին հայկական մշակութային կենտրոն է,անկախ այն բանից թե ով ինչ է հայտարարում։ Մենք չենք համաձայնելու այն պնդումներին, որ Շուշին կարող է թուրքական մշակութային կենտրոն լինել: Վստահ եմ` այդ ուղղությամբ ստանալու ենք միջազգային հանրության աջակցությունը»,-ասաց Այվազյանը:
Արտգործնախարարը վստահեցրեց` Հայաստանը դիվանագիտական խողովակներով ի ցույց է դնում աշխարհին, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության:
Մեկնաբանել