HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ինչ կառուցվածք է ունենալու ներքին գործերի նախարարությունը․ նախագծերի փաթեթը հրապարակվել է

Հայաստանի արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հայաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կազմավորումը, դրա գործառույթները, ենթակա մարմինները, ինչպես նաև ենթակա մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրական բազան։

Այս փաթեթով նախատեսվում է փոփոխություն կատարել թվով 22 օրենքներում։ 

Ըստ ներկայացված նախագծերի փաթեթի՝ ներքին գործերի նախարարության ենթակա մարմիններն են լինելու ոստիկանությունը, ՆԳՆ քննչական դեպարտամենտը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև ներկայումս ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը։

Նախարարության ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ ոստիկանության, պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է վարչապետը՝ ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ոստիկանության պետին և նրա տեղակալներին, ինչպես նաև ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և պաշտոնից ազատելու է հանրապետության նախագահը։ Վերջինս պայմանավորված է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը հանրապետության նախագահի կողմից նշանակելու սահմանադրական լիազորությամբ։ Այդուհանդերձ, նշանակումը կատարվելու է վարչապետի առաջարկությամբ, որին նախորդելու է ներքին գործերի նախարարի միջնորդությունը՝ ոստիկանության պետ, ոստիկանության պետի տեղակալներ նշանակելու վերաբերյալ։

Նախարարության կազմում ստեղծվելիք քննչական դեպարտամենտի ծառայողները ունենալու են ոստիկանության ծառայողի օրենսդրական կարգավիճակ, միևնույն ժամանակ հարկ է նշել, որ քննչական դեպարտամենտը չի ներառվելու ոստիկանության կազմում։ Ըստ նախագծի` ՆԳՆ քննչական դեպարտամենտը սկզբնական շրջանում զբաղվելու է միայն ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերով քրեական գործերի քննությամբ։ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալներով՝ 2019թ․ գրանցվել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների 1667 դեպք։

Ինչ վերաբերում ՆԳՆ կազմում՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընդգրկմանը, ապա դա, ըստ արդադարադության նախարարության, պայմանավորված է միգրացիոն իրավիճակի շարունակական փոփոխությամբ և միգրացիոն քաղաքականության գերակայությունների վերագնահատմամբ, որոնք այսօր արդիական են դարձնում միգրացիայի կառավարման պետական համակարգի բարեփոխումների և արդյունավետության բարձրացման խնդիրը։

Հիշեցնենք՝ կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ հաստատվել է ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը։ Վերջինիս հիմնական փուլերից է գործադիր իշխանության մարմնի՝ ներքին գործերի նախարարության կազմավորումը և ներկայումս ոստիկանության կողմից իրականացվող մի շարք իրենց բնույթով քաղաքացիական ծառայությունների իրականացումը նախարարության կողմից։ Գործառույթների նման տարանջատումը, ըստ արդարադատության նախարարության, կհանգեցնի նաև ոստիկանության կողմից կոնկրետ մասնագիտական խնդիրների կատարման վրա շեշտադրմանը։

Հավելենք նաև, որ նախագծերի փաթեթը դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ուղարկվի Ազգային ժողով։

Լուսանկարը՝ արխիվային / © Նարեկ Ալեքսանյան / «Հետք»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter