HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ֆերիկ համայնքում նոր դատական հայցերով փորձում են հետ բերել համայնքի արոտավայրերը

Ամբողջությամբ անասնապահությամբ զբաղվող Ֆերիկ համայնքը գրեթե արոտավայր չունի: 15 տարի առաջ արոտավայրերն աճուրդով վաճառվել են նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին ու նրա ընտանիքի անդամներին: Այժմ համայնքի ղեկավարն ու գյուղի բնակիչները տարբեր դատական հայցերով փորձում են հետ բերել հողերը:

Ֆերիկ համայնք ղեկավար Ռուստամ Հասանյանն ընդդեմ Հրանտ Գրիգորյանի, վերջինիս եղբոր՝ նույն մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի կնոջ՝ Կարինե Գրիգորյանի և Ֆերիկի նախկին համայնքապետ Նորիկ Հայրապետյանի հայցադիմում է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ աճուրդն անվավեր ճանաչելու և հետևանքների կիրառման պահանջով:

Ըստ հայցադիմումի՝ Ֆերիկ համայնքի նախկին ղեկավար Նորիկ Հայրապետյանը ավագանու հետ 2005թ. որոշում է կայացրել 14 միավոր հողամաս օտարելու վերաբերյալ: Համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերը աճուրդային կարգով վաճառելու և վաճառվող հողատարածքի յուրաքանչյուր 1 հա-ի համար մեկնարկային գին սահմանելու մասին Նորիկ Հայրապետյանի կողմից 20.02.2006թ. կայացվել են որոշումներ, որոնք չհամարակալված են, անվերնագիր:

Հենց այդ որոշումների հիման վրա կայացել է աճուրդ: Հաղթող է ճանաչվել Հրանտ Գրիգորյանն ու եղբոր կինը՝ Կարինե Գրիգորյանը: Նորիկ Հայրապետյանի և Հրանտ Գրիգորյանի, վերջինիս կնոջ միջև 02.03.2006թ. կնքվել են հողամասերի առուվաճառքի պայմանագրեր:

Առաջին նախնական դատական նիստը կայանալու է վաղը՝ հունվարի 22-ին:

Հիշեցնենք, որ Ֆերիկ համայնքի չորս բնակիչ էլ դիմել է վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել ավագանու նախկին անդամների կայացրած որոշումը՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող արոտավայրերը օտարելու մասին:

Ֆերիկ համայնքի բնակիչներ Ամար Մամոյանը, Թոռուն Քյալաշյանը, Մամե Մամոյանը և Քամլ Սադոյանը զբաղվում են գյուղատնտեսական գործունեությամբ և անասնապահությամբ։ Նրանք տեղեկացել էին, որ դեռևս 2006թ. իրենց համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշմամբ` Ֆերիկ համայնքում գտնվող 9 ծածկագրերի տակ հաշվառված համայնքի արոտավայրերը 20.02.2006թ. օտարվել են այլ անձանց։

Այդ ամենի հետևանքով Ֆերիկ համայնքն այլևս չունի արոտավայր, և վերը նշված անձինք զրկվել են իրենց համայնքում անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից, այդ թվում՝ համայնքի վարչական սահմաններում գտնվող, նախկինում համայնքին պատկանած արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից։

Գյուղացիները պնդում են, որ հողատարածքների հետ վաճառվել են նաև ճանապարհները: Գյուղի վերջում անասնագոմ կա, որի դուռը բացվում է գնված հողատարածքի մեջ: Եթե հողի գնորդները ցանկապատեն տարածքը, գոմի սեփականատերը չի կարողանա նույնիսկ դուռը բացել:

Այս գործի քննությունը դեռ չի ավարտվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter