HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Պատերազմն ու կորոնավիրուսը հետաձգեցին Սևանի ճեմուղու ծրագիրը

Կորոնավիրուսն ու Արցախում տեղի ունեցած պատերազմը բացասական ազդեցություն են ունեցել Լճաշեն գյուղից մինչև Սևանի թերակղզի ընկած հատվածում ճեմուղի կառուցելու ծրագրի իրականացման վրա։ Ճեմուղու գոտևորման և քաղաքաշինական կանոնադրության նախագծի պատրաստման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականի մայիսի 15-ը։

Ճեմուղու ծրագրի վերաբերյալ «Հետք»-ը մի շարք հարցեր էր ուղարկել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին (հարցման պատասխանի ընթացքում նրան փոխարինեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը)։ Մեր հարցերի պատասխանները ձևավորվել են Քաղաքաշինության կոմիտեի, Կադաստրի կոմիտեի և Գեղարքունիքի մարզպետարանից ստացված տվյալների հիման վրա, որն ամփոփել և մեզ է փոխանցել վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։

Կապալառու «Արխիտոն» ՍՊԸ-ի կատարած աշխատանքների, ներկայացված առաջարկությունների հիման վրա փոփոխվել են նախագծային լուծումները, հստակեցվել են մոտեցումները և նախագծի մեջ ներառվող հողատարածքների սահմանները։

«Արխիտոն» ՍՊԸ-ն հոկտեմբերի 8-ին դիմել էր Քաղաքաշինության կոմիտե՝ պայմանագրով նախատեսված նախագծի մշակման աշխատանքների կատարման ժամկետը երկարաձգելու խնդրանքով։ Ընկերության առաջարկը պայմանավորված է եղել նաև նրանով, որ նախագծային լուծումները փոփոխվել են և լրամշակվել են հանձնաժողովի կողմից արված առաջարկություններին համապատասխան։ Համավարակն ու պատերազմն իրենց հերթին են խնդիրներ առաջացրել։ Այդ ամենին էլ գումարվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության գործընթացի իրականացման անհնարինությունն ու հետաձգումը։

2020 թ.-ի դեկտեմբերի 17-ին ընդունվել է Կառավարության 2096-Ա որոշումը, որով «Արխիտոն» ՍՊԸ-ի և Քաղաքաշինության կոմիտեի միջև կնքված պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թ.-ի մայիսի 15-ը։

Ճեմուղու ամբողջ երկայնքով դեռևս վերջնական չի ճշգրտվել 1905․0 մ նիշը։ Այն ճշգրտելուց հետո միայն հնարավոր կլինի ամբողջացնել ճեմուղու հարակից տարածքներում տնտեսվարողների ցանկը։ Նախագծի մշակման շրջանակում իրականացվում է մինչև 1905.0 մետր նիշում գտնվող ամբողջ տարածքի վերլուծություն՝ ըստ իրացման փուլայնության (մինչև 1905․0 մետր նիշն ընկած միավորները՝ ըստ տարիների), շինությունների տեսակների (հիմնական/ոչ հիմնական), պատկանելիության (սեփականություն/վարձակալություն) և հողամասերի գործառնական նշանակության։

Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի տարածքում ապամոնտաժված գույքերի սեփականատերերի, հողօգտագործողների կամ իրավատերերի ցանկի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը, ըստ վարչապետի աշխատակազմի, հնարավոր կլինի ունենալ նախագծի սահմանված կարգով հաստատվելուց հետո միայն։

Ծրագրի հաջող իրականացման նպատակով անհրաժեշտ է կատարել «Սևան» ազգային պարկի սահմանագծի ուղղման և պետական գրանցման աշխատանքներ։

«Սևան» ազգային պարկի Լճաշեն–Սևանի թերակղզի հատվածում գոտևորման և քաղաքաշինական կանոնադրության նախագիծը հիմք կհանդիսանա հետագայում ճեմուղին կառուցելու համար։ Հաստատված նախագծի համաձայն՝ կհստակեցվեն այն աշխատանքները, որոնք կիրականացվեն պետական միջոցներով (դրանք են՝ ընդհանուր ճանապարհները, ենթակառուցվածքները և այլն) և կառանձնացվեն հասարակական կառուցապատման այն տարածքները, որոնք սահմանված կարգով՝ մրցույթով, կամ որոշ դեպքերում, ուղիղ վաճառքով կտրվեն մասնավոր ներդրողներին։ Ներկայում նախագիծը գտնվում է մշակման փուլում և կավարտվի սահմանված ժամկետում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter