HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քասախի «Արուսյակ» մանկապարտեզի ոդիսականը. մարզպետարանը սուբվենցիոն գումարի պետական մասնաբաժինը վերադարձրել է պետբյուջե

Կոտայքի մարզի մարզի Քասախ համայնքի «Արուսյակ» մանկապարտեզի կապիտալ վերանորոգման աշխատանքներն ընդրկված էին 2019թ. սուբվենցիոն ծրագրում: Համայնքն իր մասնաբաժին գումարը վճարել է, սակայն պետությունն իր բաժին պարտավորությունը չի կատարել, և հատկացված միջոցները հետ են վերադարձվել պետական բյուջե: Շինարարական ընկերությունը դատական հայց է ներկայացրել Քասախի համայնքապետարանի դեմ: Վերջինս էլ դատարան է դիմել ընդդեմ պետական մարմինների՝ պահանջելով վճարել հատկացված գումարները:

«Արուսյակ» մանկապարտեզի կապիտալ վերանորոգման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում «ԳԵՎ-ԷԼԼ Պլաստ»  ՍՊԸ-ի կողմից 2019թ. իրականացվել են պայմանագրով ստանձնած կապալային աշխատանքներ:

Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ սուբվենցիոն ծրագրով համայնքն իր պարտականություններն ամբողջությամբ կատարել է, մնում է պետությունը կատարի իր պարտավորությունը:

Կառավարության 2019թ. օգոստոսի 22-ի 1087-N որոշմամբ՝ Կոտայքի մարզպետարանին հատկացվել է 27 մլն 840 հազար դրամ՝ Քասախ համայնքի «Արուսյակ»  մանկապարտեզի կապիտալ վերանորոգման համաֆինանսավորման նպատակով: Սակայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ Քասախի համայնքապետարանի կողմից օրենքով նախատեսված կարգով շինարարական աշխատանքների ավարտական ակտ չի ներկայացվել և հատկացված միջոցները հետ են վերադարձվել պետական բյուջե:

Ըստ Ա. Մկրտչյանի՝ շինարարական աշխատանքների կատարման պայմանագրի պատվիրատուն համայնքն է: Ինքն է շինարարի հետ պայմանագիրը կնքել: Համայնքն էլ իր հերթին պայմանավորվել է պետական մարմինների հետ՝ սուբվենցիոն ծրագրին մասնակցելու և այդ աշխատանքների կատարման գումարի մի մասը վճարելու համար: 

Արա Մկրտչյանը նշեց, որ պայմանագրով մանկապարտեզի շինաշխատանքների գումարը կազմել է 69 մլն 600 հազար դրամ, սակայն կատարողական ակտերով գումարը նվազել և կազմել է 58 մլն դրամ, որից 36 մլնը եղել է համայնքի չափաբաժինը: Այդ գումարը համայնքը վճարել է, իսկ պետությունը խուսափում է վճարել մնացած մասը, որպեսզի շինարարի առջև ստանձնած պարտավորությունն ամբողջությամբ կատարվի:

«ԳԵՎ-ԷԼԼ Պլաստ» ՍՊԸ-ն ընդդեմ Քասախի համայնքապետարանի 2020թ. հուլիսի 21-ին դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով: Քասախի համայնքապետարանն էլ իր հերթին ընդդեմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների նախարարությունների և Կոտայքի մարզպետարանի հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել նշված պատկան մարմիններին համայնքին փոխհատուցել կառավարության որոշմամբ համայնքի «Արուսյակ» մանկապարտեզի կապիտալ վերանորոգման համար հատկացված 27 մլն 840 հազար դրամ գումարը:

Քասախի համայնքապետն ասաց, որ իրականում տեղյակ չէ, թե ինչն է պատճառը, որ սուբվենցիոն ծրագրով նախատեսված գումարի պետության մասնաբաժինը չի փոխանցվել: Արա Մկրտչյանը նշեց, որ շինարարության բոլոր ակտերը փաստագրվել, ստորագրվել են ոչ միայն իր, այլև մարզպետարանի ներկայացուցչի, քաղաքաշինության տեսուչի կողմից: 

«Երևի իմ՝ հանրապետական կուսակցության անդամ լինելու գաղափարն է իրենց խանգարում»,-ասում է Արա Մկրտչյանը:

Կոտայքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանն էլ մեր գրավոր հարցմանն ի պատասխան պարզաբանում է, որ 2019թ. մարտի 25-ին Քասախի համայնքապետարանի և ընտրված մասնակցի միջև կնքվել է շինաշխատանքների իրականացման պայմանագիր: Նույն տարվա սեպտեմբերի  9-ին  կողմերի միջև կնքվել է պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր, ըստ որի՝ աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2019թ. հոկտեմբերի 23-ը: Աշխատանքները նշված ժամանակահատվածում չեն ավարտվել: Մանկապարտեզի շենքի  կապիտալ վերանորոգման «Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի» ակտը հաստատվել է  2020թ. մայիսի 20-ին: 

Մարզպետարանի պաշտոնյան հղում կատարելով «Հայաստանի Հանրապետության  բյուջետային  համակարգի մասին» օրենքին  նշում է, որ Հանրապետությունում բյուջետային տարին սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից և ավարտվում նույն տարվա դեկտեմբերի 31-ին:

Ուստի, վերոնշյալ ծրագրի շրջանակներում նախատեսված շինարարական աշխատանքները սահմանված ժամկետներում չեն ավարտվել, նշված իրավակարգավորման համաձայն՝ պետական բյուջեից մարզպետարանին հատկացված  համապատասխան գումարը սահմանված կարգով  վերադարձվել է պետական բյուջե:

Իսկ 2020թ. պետական բյուջեով` 2019թ-ի ծրագրերի համաֆինանսավորմամբ «Քասախ համայնքի «Արուսյակ» մանկապարտեզի կապիտալ վերանորոգման գումարների տրամադրում նախատեսված չի եղել:

Հիշեցնենք, որ «Հետք»-ն անդրադարձել է տևական ժամանակ Քասախ համայնքում առկա «հակամարտություններին»՝ մեկ ավագանու անդամների, մեկ՝ մարզպետարանի միջև: Բանը հասել էր նրան, որ մարզպետն օրինախախտումների վերաբերյալ նյութերն ուղարկել էր դատախազություն, հարուցվել էր քրեական գործ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter