HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան

Ովքե՞ր են նրանք. մուսուլման հայախոս համշենցիները (մաս 6)

Այս գլուխով ավարտում եմ Թուրքիայի սևծովյան արևելյան ափին բնակվող մուսուլման հայախոս համշենցիների մասին պատմող ակնարկս: Նախորդ հինգ մասում ներկայացրել էի համշենցիների վերաբերյալ պատմական ակնարկ, Քայաքոյ և Բաշոբա գյուղերը, համշենցիների իրենց ինքնության երեք ընկալումները, քաղաքական հիմնական ուղղվածությունը, Համշենի բարբառը` Համշեսնակը և նրա պհապանման հնարավորությունները, Սովետական միությունում մնացած մուսուլման համշենցիներին, համշենական հարսանիքի և նշանդրեքի արարողությունները, համշեցնի և լազ ամուսիններին  (առաջին մասն այստեղ , երկրորդ մասն այստեղ, երրորդ մասն այստեղ, չորրորդ մասն այստեղ, հինգերորդ մասն այստեղ) 

Չինչիվա. տները զառիվերներին

 

Բաշ Համշեն. ծագումով հայերը ատում են հայերին

Ո՞վ էր մատնել ոստիկանությանը, որ հայեր են եկել «Ֆորթունա» պանսիոնատ: Գուցե Չինչիվա գյուղում ծերունի՞ն: Նա ինձ տեսնելով ուրախ մոտեցավ՝ «չասես թե մենք ծանոթ չենք, քո դեմքը ինձ շատ ծանոթ է»,-ծիծաղելով ձեռքս է սեղմում ծերունին:

«Դժվար,-ասում եմ», «Մի խաբի, մենք ծանոթներ ենք, բայց չեմ հիշում որտեղից», «Չէ, ես առաջին անգամ եմ էստեղ, Հայաստանից եմ եկել»,-նրա դեմքը փոխվեց, լրջացավ , շուռ եկավ ու տուն մտավ:

Թե՞ էն մարդը, որ խճուղու վրա մեզ նկատեց, տաքսուց իջավ մեզ բարևեց ու ուրախ-ուրախ ասեց թե հայի մոտ է Ստամբուլում աշխատում:

Ոստիկանները եկել էին «Ֆորթունա» պանսիոն և Սելչուկ Գյունեյին հարցուփորձ արել, թե ինչ գործ ունեն հայերը էստեղ:  Սելչուկին ոստիկանները ևս մեկ անգամ անհանգստացրել էին նաև ամռանը Հայաստանից եկած երաժիշտների մեկնելուց հետո:

Սելչուկը անհանգիստ էր ու օրվա ընթացքում շատ քիչ էր խոսում:

«Հանգիստ եղեք, ինչ եկել եք Թուրքիա, իմացեք, որ ձեզ հետևում են»,-ծիծաղելով ասեց համշենցի Շենոն արդեն Հոփայում:

Սելջուկ Գունեյ. «Եթե համշենցուն հարցնես` դու ով ես,
կասի` 
ես համշենցի եմ, բայց եթե հարցնես` ո՞վ է
համշենցին,
 կկանգնի, չի կարող պատասխանել»

Հիմա, երբ քո հայ լինելու համար հետևիցդ հատուկ ծառայութուն է գալիս, ավելի ընդգծվում է կողքի Փազար քաղաքի խանութպանի խոսքը. երբ իմացավ Հայաստանից ենք ցավակցական ասեց. «Մարդս մարդ լինի»:

Հոփայից 70 կիլոմետր է Չամլըհեմշինը` թրքախոս համշենցիների կենտրոններից  մեկը. Չինչիվա  գյուղի «Ֆորթունա» պանսիոնում, որը Չամլըհեմշինից  դեպի լեռներ 6 կմ է, երկու օր լռվեցինք:

Հոփայում Շենոն զարմացել էր, որ մեզ համշենական տներում դիմավորում են ու հարցազրույց տալիս, ասեցի մենակ չէինք, Ջեմիլն ու Հարունն են ուղեկցում: Հա, դա ուրիշ բան: Ինչի՞ պիտի չընդունեին, հարցնում եմ.«հայ ես, ուրեմն պրոբլեմ ես»,-ասեց Շենոն: Այդ պրոբլեմը ընդգծվեց  Չամլըհեմշինում:

Սելչուկ Գյունեյը պանսիոնի տերն է, ծնվել է Չինչիվայում, ապրում է Սամսուն քաղաքում: Գյուղում ամռանը մոտ 60 հոգի է բնակվում, ձմռանը դատարկվում է: Գարնանը երբ սկսվում է տուրիստական շրջանը և Ռուսաստանից գալիս են առաջին զբոսաշրջիկները լեռնային վարարած գետի վրա նավակ քշելու, Սելչուկը սկսում է աշխատեցնել  պանսիոնը: Իսկ հիմա, նոյեմբերին եկել է բայրամի ազատ օրերը անցկացնելու, դատարկ պանսիոնի միակ բնակիչները մենք ենք:

Թրքախոս համշենցիները բնակվում են հիմնականում Ռիզե նահանգում: Չամլըհեմշին, Հեմշին քաղաքները և Քաչքար լեռնեաշղթայի ստորոտներն համարվում են համշենցիների նախնական բնակավայրերը:

Ֆորթունա պանսիոնում

«Մենք լսել ենք մեր պապերից, որ կողք-կողքի ապրել ենք հայերի հետ, մենք եղել ենք մուսուլման իրենք քրիստոնյա, իսկ դրանից առաջ, մեր մուսուլմանությունից առաջ ի՞նչ է եղել, ոչինչ չենք լսել»,-ասում է Սելչուկը:

«Իսկ կարդալով փորձե՞լ ես պարզել»:

«Այո, տեղեկանում եմ տարբեր գրքերից, բավականին տեղեկություններ քաղել եմ»,-ասում է նա ու չի շարունակում: էլ ավելորդ հարցեր չեմ տալիս:

«Տարօրինակ չի՞, որ դուք և թուրքերեն եք խոսում, և կրոնով սյուննի մուսուլման եք, բայց ձեզ առանձին ժողովուրդ եք համարում»:

«Տարօրինակ չի մեզ համար»:

«Դուք հավանաբար խոսել եք Համշենի լեզվով, ինչպես Հոփայի համշենցիները»:

«Մեր պապերից իմացածով մենք հայերեն երբեք չենք խոսել, համշեներեն էլ չենք խոսել, թե պապերից առաջ ի՞նչ է եղել, չգիտենք»:

«Իսկ քո կարծիքով խոսե՞լ են համշեներեն»:

Բուղլաման բաշ- համշենական կերակուր.
նախաճաշ ֆորթունա պանսիոնում

«Հայերի հետ առնչություններ ունեցել են համշենցիները, բայց  մյուս կողմից անբարյացակամ վերաբերմունք կա հայերի նկատմամբ: Մի ինչ-որ հակասություն կա, ես էլ չեմ իմանում ինչպես է եղել, չեմ հասկանում, ինչո՞ւ Հոփայի համշենցիները լավ էլ խոսում են Համշենի լեզվով, ինչպե՞ս է եղել, որ մենք մոռացել ենք, նրանք` ոչ: Ուղղակի մեր թուրքերենը որոշակի ակցենտ ունի և որոշ բառեր կան, որոնք թուրքերենում չկան»:

Սելչուկը ներկայացնում է այդ բառերի մի մասը, որոնց մեծ մասը հայերեն են` կաճ-կայծ, կաճոլիկ-կայծոռիկ (լուսատտիկ), դենչկապ-գլխաշոր, իլիկ, ակոս-մարգերը ջրելու համար փորված ջրի ճանապարհ, յայլաների անունները` պաղջուր, ճերմակջուր: Համշենցիների թուրքերեն մի երգ կա, որի մեջ «աղջիկ» բառն է պահպանվել: Կան բառեր, որոնք բառարան բացելուց հետո պարզեցի, որ հայերեն են. հեդիկ-ձյան վրա քայլելու կոշիկ, Մալխասյանի բառարանում` «հետիկ-երկայն ճիտքերով կոշիկ, ձյունի վրա քայլելու հարմար լայնանիստ կոշիկ»,  ջուգալ- կարաս, ամենայն հավանականությամբ Մալխասյանցի բառարանի ջուվալ(մեծ պարկ)[1] բառն է, որի մեջ գ-ն վ է դարձել: Ու նաև բառեր, որոնք չեմ կարող ասել թե հայերեն են` կուկմա- ջրի սափոր, գիլմոր-մետաղյա շղթա է, որից կախում են ղազան(«Նոր բառգիրք հայկազեան լեզուի»[2] մեջ կա գիլ-քար, գլելի-ձգելի բառերը): Նաև Սելչուկը գիտի, որ իր գերդաստանը կոչվել է Չեբանց, կա նաև Մեհտեսանց գերդաստան:

1600 թվի կամուրջ Չինչիվայում

Ուղուր Բիրյոլի «Քաչքարներում ամպ լինեմ » Համշենի  աշխարհագրության և բնակավայրերի մասին պատմող գրքի վերջում դրված է  թրքախոս համշենցիների լեզվում պահպանված հայերեն և ոչ թուրքերեն 588 բառերի բառարան, ինչպես օրինակ, Budbudigli (Բուդբուդիգլի)- Çiçekli kumaş(Ծաղկավոր կերպաս), Eğinç (Էղինչ)- Isırgan otu (Եղինջ), Gobit (Գոբիտ)- Ucu küt, yuvarlak (Ծայրը բութ, կլոր), Hurç (Հուրչ)- Bohça (Խուրջ), Kakaçur (Քաքաչուր)- Ahırdan çıkan pis su (Գոմից դուրս եկող կեղտոտ ջուր), Kargut (Քարգուտ)- Kuru kar (Չոր ձյուն), Kec (Քեծ)- Kıvılcım (Կայծ), Keduç (Քեդուչ)- Burnun dip kısmı (Քթի ներքեւի մասը), Keenk (Քեենք)- Çorabın topuk kısmı (Գուլպայի կրունկի մասը), Kokneç (Քոքնեչ) – Önlük (Գոգնոց), Macig (Մաջիկ)- Yoğurt (Մածուն), Meceğh (Մեջեղ)- Bir tür sivrisinek (Մի տեսակ մոծակ, մժեղ), Palul  (Փալուլ)- Kundak (Բարուր), Sart (Սարթ)- Örümcek  (Սարդ),  ու նաև Հոփա համշենցիների Համշենի բարբառում վերոնշյալ մաշկաթևը, որ այստեղ հնչյունափոխված է Maşkitep (Մաշկիթեփ)- Yarasa (Չղջիկ) և այլն; Նաև Ռուսաստանից  պանդխտությունից վերադառնալիս բերել են մի շարք ռուսերեն բառեր, որոնք մնացել են նրանց լեզվի մեջ Istikan (Իսթիքան, стакан)- Bardak (Բաժակ), Suğhari (Սուխարի-сухари)- Peksimet Պաքսիմաթ [3]: Այսպիսով ստեղծվել է բաշ-համշենցիների թուրքերեն բարբառ՝  հայերեն ու նաև մի քանի ռուսերեն բառերով և թուրքերեն բառերի  յուրատեսակ շեշտադրումներով ու հնչյունափոխությամբ:

Ուղուր Բիրյոլի «Քաչքարներում
ամպ լինեմ» գրքից էջ

 

Բաշ-համշենցիների մեջ մնացել է Վարդավառի տոնը, իրենց լեզվի մեջ հնչում է Վարդևոր: Սելչուկը ասում է, որ ժամանակին յայլաներում` Քաչքար լեռնաշղթայի լանջերին տոնը մեծ շուքով նշում էին, հովվությունը վերանալու հետ մեկտեղ, տոնն էլ վերացավ:

«Հիշում եմ, տասը տարեկան էի, մի անգամ գնացինք յայլաներ Վարդևորը նշելու` ժողովուրդը նվագում էր տուլում ու պարում էր,-ասում է նա,-հիմա միշտ խոսվում է, հիշատակվում է, որ այս օրերին Վարդավառ էր, ի՜նչ լավ էր որ ժամանակին ուրախանում էինք, բայց հիմա միայն հիշատակ է դարձել»:

Թե որտեղի՞ց է գալիս Վարդավառը, Սելչուկը գաղափար չունի:

Ու նաև թաղումը. համշենցիները հանգուցյալին թաղում են դագաղով ի տարբերություն մուսուլմանների, ովքեր դագաղ չեն օգտագործում:

«Եթե համշենցուն հարցնես` դու ով ես, կասի` ես համշենցի եմ, բայց եթե հարցնես` ո՞վ է համշենցին, կկանգնի, չի կարող պատասխանել: Բայց էս երկրում, եթե չես ասում թուրք եմ, արդեն մեծ համարձակություն է»,- ասում է Սելչուկը:

Սակայն թրքախոս համշենցիների այդ համարձակությունը փոխհատուցվում է հայատյացությամբ:

Լրագրող Ուղուր Բիրյոլը 2004 թ. «Ակոս» թերթում հոդված է տպագրել «Համշենցիները հա՞յ են արդյոք», որից հետո սկսվել են նրա նկատմամբ հալածանքները:

Ուղուր Բիրյոլը, «Համշենցիները հա՞յ
են արդյոք» հոդվածից 
հետո քիչ էր
մնում էստեղից 
վտարեին

«Քիչ էր մնում էստեղից (Չամլըհեմշինից) վտարեին,  ասում էին` դավաճան ես դու, զանգում սպառնում էին,- պատմում է Ուղուրը,- մեկը Անկարայից զանգեց, ասեց` մենք ձեզ հետ ուզում ենք հանդիպել: Հանդիպեցինք, մարդը բերել հոդվածը դիմացն է դրել, պարզվել է, որ այդ մարդն էլ համշենցի է, ասեց,  որ հոդվածը իրեն են  տվել գաղտնի գործակալությունից: Սկսեց հորդորել, որ նման բան չգրեմ, «Եվ եթե ուզում ես գրել, ապա ես հիանալի գրադարան ունեմ, էնտեղից օգտվի»,-ասեց:  Այնքան վախեցա, որ ընկերներիս ասի` եթե ինձ բան պատահի ապա այդ հոդվածի պատճառով է: Տեսաք Հրանտ Դինքին ինչպես սպանեցին»:

32-ամյա Ուղուր Բիրյոլը ծնվել է Քոնաքլար (հին անունը Մաքրևիս) գյուղում, համշենցիների մասին պատմող երկու գրքերից առաջինը`«Պանդխտության խմորեղենը. Համշենի միգրացիան և խմորեղենագործությունը»  պատմում է համշենցիների խմորեղեն պատրաստելու արհեստի առաջացման մասին:

«1900-ականներին տնտեսական վիճակը ինչպես ամենուր, համշենցիներինն էլ ծանր էր, դեռ թեյը չէր մտել տնտեսության մեջ, և միայն եգիպտացորեն, գարի, կարտոլ էին մշակում, նաև հովվություն անում,-պատմում է Ուղուրը իր «Պանդխտության խմորեղենի» հիմնական գաղափարը,-բայց այս ամենը չէր ապահովում մարդկանց կենցաղը: Եվ ապրուստի միջոց հայթայթելու համար համշենցիներից շատերը պանդխտության են մեկնում սահմանակից Ռուսաստան, ուր շատ զարգացած էր խմորեղենի արհեստը: Համշենցիները արհեստը ընտրեցին երեք պատճառով, որ պիտի փող վաստակեն, որ քաղցած չմնան, նաև կացարանի հարցն էր լուծվում` որտեղ աշխատում էին, այնտեղ էլ քնում էին: Հետո տարիներ անց,  որոշ գումար հավաքել են այստեղ լավ տներ են սարքել: Հետո որպես արհեստավորներ մեկնել են հարավ, այսօր էլ Ստամբուլում, Իզմիրում Ռուսաստան մեկնածների թոռներն են շարունակում խմորեղենագործի արհեստը: Համշենցիները  մյուս սևծովցիների հետ համեմատած շատ են աշխարհ տեսել»:

«Պանդխտության խմորեղենը. Համշենի միգրացիան և
խմորեղենագործությունը» գրքից. Կաֆե Ժալե

Գրքում ներկայացված են նաև բաշ-համշենցիների և հայերի առնչությունները. խմորեղենագործ  Մուզաֆֆեր Յուջելը ասում է, որ իրենք պանդխտության սկսեցին մեկնել հայերին հետևելով: Հիմնականում մեկնել են Ռուսաստան, մեծ մասը` Ղրիմ և Բաթում,մինչև Մոսկվա, ապա նաև Լեհաստան, իսկ մի մասն էլ, ինչպես  Յուջելը  հայտնվում են Իրանում: Այստեղ միակ խմորեղենի խանութը եղել է հայերինը, մյուսը բացել են համշենցիները 1929թ.`  «Ռուզնովան» (Նոր օր) թխվածքեղենի սրճարանը,  հետագայում կոչվել է« Կաֆե Ժալե» Ռեստորան, ուր ինքը աշխատել է[4]:

Խմորեղենագործությունը միայն թրքախոս համշենցիների մեջ է տարածված, հոփա-համշենցիների մեջ այս ավանդույթը չկա:

Սերգեյ Վարդանյանը մեջբերում է 1893թ. տպված «Տաճկացած հայեր»  հոդվածը, ուր հեղինակը գրում է, թե Ռոստովում, Խարկովում, Օդեսայում, Վոլգայի քաղաքներում կան Ռիզեի Հեմշին գավառամասից իսլամ ընդունած հայեր «որոնք հաց են թխում, կերակուր եփում և հյուրանոցներ ունեն, ազգանունների մեջ հայկական բառեր կան` Ստեփան օղլի, Հակոբ օղլի, Կոստան օղլի, տոնում են Վարդավառը և խոսում են հայերեն` «Մայրենի լեզուն տակավին չեն մոռացել և եթե հաճախ խոսում են թուրքերեն, այն  էլ կառավարության երկյուղից, բայց այնուամենայնիվ շատերը և գիտեն և խոսում են հայերեն»[5]: Ահա Սելչուկին մտահոգող հարցի պատասխանը` բաշ-համշենցիները 20-րդ դարի սկզբին դեռևս խոսել են հայերեն:

Յուվե Բլեզինգը (Uwe Bläsing) «Հայերենը թրքախոս համշենցիների բառապաշարում և մշակույթում» հոդվածում նշում է, որ արեւմտյան համշենցիների մոտ պահպանված մեծ թվով հայերեն բառերի առկայությունը նշանակում է, որ հայերենը այստեղ խոսվել է դեռեւս 19-րդ դարի սկզբին և կեսերին, ինչպես կարելի է եզրակացնել ճամփորդական զեկույցներից և տեղաբնիկների անձամբ իրեն տրված տեղեկություններից[6]:

«շնե՞րն էլ են նկատել հայերին»

Հովան Սիմոնյանի կարծիքով հայերենի անհետացման գլխավոր պատճառը, ինչպես բուն Համշենում այնպես էլ Կարադերեում, տեղական կրոնական ու քաղաքական իշխանությունների ճնշումներն են եղել: Հատկապես Կարադերեի շրջանում (Տրապիզոնի մոտ) 19-րդ դարի կեսերին մեծ թվով հայեր փորձել են վերադառնալ իրենց նախկին հավատքին՝ ոգևորվելով Սուլթան Աբդյուլմեջիդի 1839թ հրովարտակից (Թանզիմատ՝ վերանորոգումների մի շրջան Օսմանյան կայսրությունում, որը նախատեսում էր նաև կրոնական ազատություն): Դրան անմիջապես հետևել են «իսլամի ուրացումը» կանխելու միջոցները: Տարածաշրջանում բացվել են թուրքական դպրոցներ, որտեղ առաքվել են իսլամի քարոզիչներ: Թումայանցի և Հայկունու համաձայն, հայերենի գործածության դեմ սկսվել է մի մեծ արշավ: Հայերեն խոսելը մեղք համարվեց. մոլլանները հայտարարեցին, որ արտասանված ամեն յոթ հայերեն խոսքը անարգանք է իսլամի նկատմամբ: Արշավն իր արդյունքը տվեց. մի քանի սերունդ անց, 20-րդ դարի սկզբին միայն ամենատարեցներն էին հայերեն խոսում[7]:

«Իսկ Չամլըհեմշինում կա՞ արդյոք խմորեղենագործ»:

«Կա, անունը Քաչքար է»,-ասում է Ուղուրը:

«Կարո՞ղ ենք հանդիպել»:

«Նման բաները վտանգավոր են,-մերժեց Ուղուրը,- անսպասելի ռեակցիա կարող է ստանաս, կարող է չընդունեն, կարող է ընդունեն»:

«Ինչո՞ւ»:

«Բավական լարված է այստեղ: Դուք պիտի խոսեք, հարցեր տաք, պիտի փորձեք նկարել, ձեզ էլ պիտի հարցնեն որտեղի՞ց եք, կասեք`  Հայաստանից ենք ու կարող է տհաճ բաներ լինեն, «հայ եմ» ասելը խանգարիչ բան է»,-և Ուղուրը հիշեց «Ակոսում» տպած հոդվածի պատմությունը, որից հետո ինքը շատ զգուշավոր է:

Այսպիսով Չամլըհեմշինում մեր երկօրյա շփումները սահմանփակվում են Ֆորթունա մանսիոնում Ուղուրով և Սելչուկով:

Մեզ մնում էր երկու օրը անցկացնել զբոսնելով  լեռների միջով անցնող գետակի հովտով, զարմանալ, թե ինչպես են այդ զառիվերերներում, գրեթե ուղղահայացի վրա տներ կառուցել, քննարկել` թե 17-րդ դարի կամուրջները ովքե՞ր կառուցած կլինեն և ամայության մեջ լսել շների մեզ ուղղված հաչոցները.«ասում են` էս հայերը ի՞նչ գործ ունեն էստեղ»,- նկատում է Խաչիկը:

«Երկու թեզ է առաջադրվում համշենցիների առաջացման,-ասում է Ուղուրը,- մեկը Համամ Ամատունիի ստեղծած իշխանությունը, և դրա շարունակությունը, և մյուսը, դրա հակառակը, որ համշենցիները  Միջին Ասիայից եկած թուրքական ցեղախումբ է: Իմ կարծիքը ուրիշ է` հայերն ու թուրքերը իրար հետ շփվել են իրար աղջիկ են տվել-առել և այդ շփումների արդյունքում առաջացել են համշենցիները, ես գտնում եմ որ երկու տարբեր մշակույթների խառնուրդ է, համշենցիների թուրքերենում տեսնում ես հայերեն բառերը, բայց նաև թուրքական սովորություններ, ինչպես հարսանիքներում: Իմ ու իմ նմանների համար մեր ինքնությունը անպայման չի հենվում մի անցյալի, մի մշակույթի վրա: Մենք մեզ առաջին հերթին մարդ ենք համարում, ինքնությունը ավելի երևում է այստեղ ապրելով մեր մշակույթով, և երբ ինձ հարցնում են դու ինչ ես, ես սիրով ասում եմ` համշենցի եմ, բայց դրանից հեռու չենք գնում, մի ուրիշ բան չենք ասում»:

«Իսկ տարբե՞ր եք ձեզ զգում հոփա-համշենցիներից»:

«Այո, հոփա-համշենցիների լեզուն մեծ տարբերություն է առաջացնում մեր մեջ: Հայախոս հայերը լեզուն փրկելու համար այստեղից գաղթել են դեպի Հոփա, իսկ այստեղի ժողովուրդը չի կարողացել պահպանել իր լեզուն: Լեզվի տարբերությունից բացի կան մշակութային տարբերություններ,  իրենք կավալ են նվագում, իսկ մեզ մոտ տուլումն է, տարազը տարբեր է, նրանք պարզ են հագնվում, իսկ մեզ մոտ ավելի զարդարված, կանայք հատուկ գլխաշորեր ունեն, որ տարբերվում են ուրիշներից, նաև Վարդևորը մեզ մոտ նշվում է, նրանց մոտ` ոչ ու նաև աշխարհագրական ռելիեֆային տարբեր միջավայրեր ունենք, այստեղ` անդունդեր ու զառիվերներ են»:

Հակոբ Խաչիկյանը  համշենական ինքնությանը նվիրված հոդվածում գրում է.Իրականում, ոչ թե մեկ, այլ երկու տարբեր համշենական ինքնություններ կան՝ Ռիզեի և Հոփայի: Բացի աշխարհագրական բաժանումից, լեզուն երկու խմբերին տարբերակող հիմնական տարրն է: Հոփա համշենցիները խոսում են արեւմտահայերեն մի բարբառ, որն անվանում են հոմշեցմա, իսկ Ռիզեի համշենցիները այն այլեւս չեն խոսում, փոխարենը թուրքերենի մեջ մեծ թվով հայերեն բառեր են օգտագործում: Բաշ-համշենցիները բարձրագույն կրթության ավելի մեծ ձգտում ունեն (շատ են բժիշկները, ճարտարագետները, ուսուցիչները՝ նույնիսկ կանանց մեջ): Նրանք ավանդաբար աշխատում են հացի ու խմորեղենի արտադրամասերում, հյուրանոցներում, ռեստորաններում, իսկ Հոփայի համշենցիները զբաղվում են հիմնականում տրանսպորտի բիզնեսով (բեռնատարի վարորդ եւ այլն):

Պանդուխտ բաշ-համշենցիները:
Լուսնակարը` Ֆորթունա պանսիոնում

Նա գրում է, որ որոշ բաշ-համշենցիներ ջանք ու եռանդ են թափում,իրենց «թրքությունը» ապացուցելու համար. Երբ Ստամբուլի «Յենի Յուզյըլ» (Yeni Yüzyıl) օրաթերթում 1996թ հրապարակվել է մի հոդված, ուր ասվում է, որ որոշ համշենցիներ հայերեն են խոսում, «Չամլըհեմշին վե Հեմշին» հիմնադրամի վարչության ներկայացուցիչ Ալի Իհսան Արոլը պատասխանել է. «Ամեն համշենցի հայ չէ» տեքստով, ասելով. «Ճիշտ չէ, որ բոլոր համշենցիները հայկական ծագում ունեն: Այո, Հոփայում հայերեն բարբառով խոսող համշենցիներ կան, սակայն հայտնի է, որ Ֆընդըքլըի, Արդեշենի, Փազարի, Չամլըհեմշինի, Հեմշինի և Չայելիի համշենցիները թուրքական ծագում ունեն»[8]:

Իր հերթին, Ռուդիգեր Բենինգհաուզն էլ (Rüdiger Benninghaus ) հիշում է բազմաթիվ դեպքեր, երբ լազերն ու համշենցիները իրար փոխադարձաբար մեղադրում են ոչ թուրքական արմատներ ունենալու մեջ: (1989թ)[9]

Ըստ Հակոբ Խաչիկյանի, հայտնի չէ, թե երբ է առաջացել հայկական ծագումը մերժելու և համշենցիներին թուրքական արմատներ վերագրելու գաղափարը: Շատ հավանական է, որ դա կապված է 1930-ականներին հղացված «Թուրքական պատմական թեզերի» հետ, սակայն դա իր սկիզբն է ունեցել արդեն օսմանյան շրջանում: Արդարև, Ատրպետն ընդգծում է, որ իսլամացած և քրիստոնյա հայերի հարաբերությունների վատթարացումը տեղի ունեցավ 19-րդ դարի վերջին երկու տասնամյակի ընթացքում: Նա մեղադրում է օսմանյան իշխանություններին մուսուլման և քրիստոնյա հայերին իրար դեմ հանելու մեջ: Ատրպետի 1929թ արտահայտած մտքերը հաստատվում են նաեւ Հայկունու 1895թ «Արարատ» հանդեսում գրված հոդվածում[10]:

Վախի ու խիզախության քաղաքը

Հոփայում ավելի ցայտուն է ընդգծցում, որ վախն ու խիզախությունը իրար հետ են ծնվում ու կողք-կողքի ապրում:

2011-ի մայիսի վերջին Թուրքիայի խորհրդարանի նախընտրական շրջանում Հոփայում վարչապետ Էրդողանի ավտոշարասյանը քարկոծելով դիմավորեցին, ոստիկանության հետ բախումներում մի հոգի մահացել էր, մի քանիսը վիրավորվել: Քսանից ավել համշենցիներ ձերբակալվեցին: Էրդողանը վերադառնալով Անկարա ասել էր` ես չգիտեի, որ Հոփայում բանդիտներ կան: «Մյուս անգամ, որ գա Հոփա, բոլորս պաստառ կպարզենք` ես բանդիտ եմ, ինչպես Հրանտ Դինքի թաղմանը պարզել էին` ես հայ եմ,-ասում է մի համշենցի կոմունիստ,-ու ավելացնում,-մեզ էլ հնարավոր չի վախի մեջ պահել»:

Մեկ ուրիշ վարորդ էլ ասում է. «Մենք ֆուռի վարորդներ ենք, վախ չունենք  ու զառիվայրի վրա արգելակ չենք տալիս»:

Մեր գալուց մեկ շաբաթ առաջ Հոփայում բախումներ էին եղել ձախերի ու ոստիկանության միջև: Գնալով ավելի սրվելու է քաղաքական իրավիճակը Հոփայում ու մերձակա բնակավայրերում:

Բայց հաճախ էր լինում, երբ որևէ անծանոթ համշենցու  հետ զրուցում էի շատ անմեղ բաներից` լեզվի միջի բառեր և այլն ու հենց հանում էի ծոցատետրս, խնդրում էր չգրել ոչինչ, վտանգավոր է,- ասում էր,- գլխիս մի բան կբերեն:

«Այո, պատմություն չկա, մեր պատմությունը վերացրել են, հիշողություն չկա, և համշենցիների միակ հիշողությունը ճնշումների առաջացրած վախն է, որ առայսօր ապրում է»,-ասում է Ջեմիլ Աքսուն:

Կենտրոնում պապս` Ավետիս Կիրակոսյանը:
Լուսանկարը արված է Տրապիզոնում

Ինչպե՞ս դեպի Համշեն

Հորս հայրը` Ավետիս Կիրակոսյանը համշենցի է, ծնվել է Տրապիզոնում, 1914թ. մեկնել է Կրասնոդար ուսումը շարունակելու ու փրկվել ջարդերից, եղել է բոլշևիկ, 1937թվին նրան գնդակահարել են Թիֆլիսում: Ավետիսի հայրը՝ Մելքոնը քրիստոնյա համշենական գյուղերից է, ո՞ր գյուղից, չգիտեմ, Տրապիզոնում ջուր ծախող է եղել, մայրս հաճախ հորս ծաղրում էր` ջուր ծախո՞ղ չի եղել պապդ (մորս պապը իրավաբան է եղել Պոլսում):

1915թ. ջարդերին  թուրքերը սպանել են Մելքոնին, նրա կնոջը` Ազնիվին և նրանց վեց երեխաներից երեքին:

Հայրս չգիտեմ որտեղից էր լսել, պատմում էր, որ Մելքոնը նոր գրամոֆոն էր առել ու ձեռքերի մեջ պահած երաժշտությունը միացրած  ընկերների հետ ուրախ-ուրախ գալիս էր տուն քեֆ անելու: Մեկ էլ թիկունքից կրակում են ու արյունը թափվում է ձայնապնակի վրա:

Հորս հորեղբայրը` Հարությունը իր եղբորն ու հորը հասած երկու արհավիրքներից կարողացել է խուսափել` 1915-ին գնդակահարված հայերի դիակների տակ է մնացել, մի թուրք նրան թլպատել ու որդեգրել է, մի քանի տարի անց նրան գտել է եղբայրը`Ավետիսը ու տարել Թիֆլիս:

Ձախ կողմում Հարությունը, աջում` Ավետիսը: Կենտրոնի
անձը անհայտ է, թե ով է

1937 թվին էլ հայրս է փրկել նրան. Թիֆլիսում գիշերով Չեկան եկել է նրան տանելու, դուռը ծեծել են, Հարությունը ուզել է բացել, 15 տարեկան հայրս  չի թողել` եթե բացես ինչ կանեն, կտանեն, եթե չբացես, դուռը կջարդեն էլի կտանեն, ուրեմն ավելի լավ է չբացես:

Դուռը չեն ջարդում, իսկ առավոտյան Հարությունը մեկնում է Հյուսիսային Կովկաս ու փրկվում:

Ցեղասպանությունից փրկվում է նաև հորս հորաքույրը` Ալմաստը, ով մինչ 1915թ. ամուսնացել-մարդու էր գնացել Սուխումիում:

Հայրս`Ռաֆայելը համշենցի ազգականներ ուներ` իր հոր քեռու զավակները` Թերզյաններ Աբխազիայի Էշերի գյուղում, սովետական տարիներին մի քանի անգամ ծանրոցով խնձոր էինք ստացել ու երբ 2004-ին գնում էի Աբխազիա ակնարկ գրելու, փնտրեցի բայց այդպես էլ  չգտա նրանց հասցեները:

հայրս` Ռաֆայելը, հայրենական
պատերազմին

Համշենագետ Հովան Սիմոնյանը իր հայկական գենետիկ ծրագրի համար ինձնից գենային նմուշ վերցրեց, պարզվեց իմ գենետիկ խումբը G1-ն է և ևս մի համշենցի, ինձ անծանոթ Ավիկ Թոփչյանի հետ ոչ միայն նույն խմբից ենք այլև տասը սերունդ առաջ մեր պապերը եղբայրներ են եղել:

Փոքր երեխա էի, տանը խոսում էին, թե` Սև ծովի ափերին մահմեդական համշենցիներ են մնացել, խոսում են համշենի բարբառով, տարբեր թվեր էին ասում` հարյուր հազար, մեկ միլիոն:

Ովքե՞ր են նրանք, հա՞յ են արդյոք: Ինչպիսի՞ն են նրանք, մեզ նմա՞ն, տարբե՞ր, շա՞տ տարբեր` չնաշխարհիկ մարդիկ, ովքեր մուսուլման են և հայերեն են խոսում:

Շնորհակալությունս Եվրասիա համագործակցության հիմնադրամին, որի դրամաշնորհմամբ  «Հայախոս մուսուլման համշենցիներ» նախագիծը հնարավոր եղավ:

Լուսանկարները Անահիտ Հայրապետյանի

Ուսումնասիրական աշխատանքին մասնակցեց Խաչատուր Տերտերյանը

Մոտ մեկ ամսից պատրաստ կլինի «մուսուլման հայախոս համշենցիներ» կայքը և խտասկավառակը


[1] Ստեփան Մալխասյանց «Հայերեն Բացատրական բառարան», Երևան, Պետհրատ, 1944

[2]«Նոր բառգիրք հայկազեան լեզուի», Վենետիկ, 1836:

[3] Uğur Biryol “Kaçkarlar’da Bulut Olsam”, Phoenix, Ankara 2011.

[4] Uğur Biryol “Gurbet Pastası: Hemşinliler, Göç ve Pastacılık”, İletişim Yayınları, İstanbul 2007

[5] Սերգեյ Վարդանյանի «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը» գրքից, ԵՊՀ, Երևան, 2009:

[6] “The Hemshin. History, society, and identity in the Highlands of Northeast Turkey”, Edited by Hovann H. Simonian, Routledge, London and New York, 2007.

[7] Նույն տեղում:

[8] Նույն տեղում

[9] Նույն տեղում

[10] Նույն տեղում

Մեկնաբանություններ (5)

Jack Kalpakian
I am glad that this part was left to the very end. Peace can be made with people secure in who they are -- i.e. with Turkish people certain of themselves. The Hamshen should not be addressed as anything other than Turkish, because frankly Abdul Hamid II was nothing other than a deeply self hating person -- he was really Bedros.
Ashot
Shat hetaqrqir ashxatutyun er.
Arevik
Shat shnorhakalutyun dzer ashxatanqi hamar.
Vahe
Anchap hetaqrqir hodvacashar er.
Amalia
Վահան Իշխանյան, Շատ շնորհակալություն Ձեզ: Վաղուց նման հաճույք չէի ստացել: Մաս առ մաս ըմբոշխնել եմ այս պատումը , որ մի լավ ազգագրագիտական աշխատության համ ու հոտ տվեց: Շեն մնաք Դուք, Ձեզ սատար կանգնած մարդիկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter