HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհված Ալեքսեյի հայրը չի կորցնում Քարին Տակ վերադառնալու հույսը

Ալեքսեյ Հովհաննիսյանը զոհվել է հոկտեմբերի 30-ին։ 44 օր անց ԴՆԹ փորձաքննությամբ նույնականացվել է Ալեքսեյի մարմինը։ Նրան հուղարկավորել են դեկտեմբերի 12-ին Եռաբլուրում։ Պարտադիր զինվորական ծառայության տղան մեկնել էր 2019 թվականի ամռանը։ 

Ալեքսեյն ընտանիքի հետ ապրում էր Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղում։  Հայրը՝ Արամայիս Հովհաննիսյանը, Քարին Տակի դպրոցի տնօրենն է, հայոց պատմության մասնագետ: Արամայիսը 3 երեխա ունի՝ Ալեքսեյը եւ երկու դուստրերը՝ Շաղիկն ու Լուսինեն: Արամայիսի կինը մահացել է 2012-ին։ Դուստրը՝ Շաղիկը, ամուսնացել և տեղափոխվել է Երևան։ Նա ամուսնու հետ Երևանում վարձով է ապրում: Պատերազմի սկզբից Արամայիսի մյուս դուստրը՝ Լուսինեն, տատիկի՝ Լուսիկ Հովհաննիսյանի հետ եկել է քրոջ ու ամուսնու վարձակալած տուն։ Լուսիկը Երևան գալուց հետո տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն։ 

Ալեքսեյի քույրը՝ Լուսինեն, Քարին Տակի դպրոցի լաբորատորիայում էր աշխատում։ Պատմում է, որ եղբոր հետ շատ ընդհանրություններ ունեին։ Միասին որոշել էին բիզնես սկսել։ «Ինձ ասում էր՝ մտածիր, թե ինչ գործ կարելի է սկսել Քարին Տակում, որ գամ անենք»,-պատմում է քույրը։

Լուսինեն եղբոր զոհվելու մասին իմացել է նոյեմբերի 4-ին։ Նրա ընկերուհին զանգահարել է ու ասել, որ Շուշիում շշուկներ են պտտվում, թե Ալեքսեյը զոհվել է։ Քույրը հիշում է, որ Ալեքսեյը խոստացել էր բանակից վերադառնալիս իրեն ծաղիկներ բերել:

Արամայիս Հովհաննիսյանը Քարին Տակում մնացել է մինչև հոկտեմբերի 30-ը: Ալեքսեյը վերջին անգամ զանգահարել էր հոկտեբերի 28-ին։ 2 օր տղայից լուր չունենալուց հետո Արամայիսը դուրս էր եկել գյուղից տղայի մասին տեղեկություն իմանալու: Նախ գնացել է Շուշի, հետո՝ Ստեփանակերտ: Արամայիսին Ստեփանակերտում հայտնել են, որ տղան զոհվել է։ Ու քանի որ մարմինն անճանաչելի էր, ԴՆԹ փորձաքննություն հանձնելու համար Ալեքսեյի ու իր հետ զոհված զինծառայողների մարմիններն ուղարկվել են Երևան, բայց չեն նշել, թե որ հիվանդանոց կամ դիահերձարան են տարել: Արամայիսը եկել է Երևան՝ տղայի մարմինը փնտրելու: Միայն զոհվելուց 44 օր անց է Ալեքսեյի մարմինը գտնվել: Տղան զոհվել է Բայրաքթարի հարվածից: Հոր պատմելով՝ անօդաչուն հարվածել է այն մեքենային, որի մեջ եղել են Ալեքսեյն ու երկու տասնյակից ավելի զինվորներ: 

Արամայիսը օրեր շարունակ դիահերձարանների ու հիվանդանոցների առաջ հերթերում սպասել է որդու մասին որևէ լուր իմանալու համար։ 

«Ես զգում էի, որ նախանձում եմ այն ծնողներին, որոնք իրենց երեխաների մարմինները գտնում էին։ Ես նրանց աչքերում ուրախության նշույլ էի նկատում։ Իհարկե, դա այն ուրախությունը չէր, բայց զգում էի, որ նախանձում եմ»,-ասում է Արամայիսը։

Ալեքսեյը հրետանավոր էր։ Ծառայության առաջին 6 ամիսն անցկացրել էր Լուսակերտում, այնուհետև տեղափոխվել էր Ջրական (Ջաբրայիլ)։ Պատերազմի ընթացքում եղել է Հադրութում, Վարանդայում (Ֆիզուլի), հոկտեմբերի 29-ին տեղափոխվել է Մարտունու շրջան։ Այնտեղ էլ զոհվել է։

Պատերազմի օրերին որդու հետ հետ խոսելիս երբեք նրանից բողոք չի լսել, միշտ ասել է, որ ամեն բան կարգին է, անհանգստանալու կարիք չկա։ «Ասում էի՝ տղա' ջան, մեկ-մեկ մտիր թաքստոց, որպեսզի հրթիռակոծության ժամանակ քեզ բան չպատահի։ Ինքն ինձ շատ կարճ պատասխանում էր՝ հայրիկ, դու ինձ այդպես չես դաստիարակել»,-ասում է Արամայիսը։

Ալեքսեյը երբեք հորից գումար չէր խնդրում։ Արամայիսն ասում է՝ ամաչում էր իրենից։ Մտերիմ էր քույրերի հետ, գաղտնիքները նրանց էր պատմում։

Նա ընդունվել էր Արցախի պետական համալսարանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ, ծառայությունն ավարտելուց հետո պետք է սկսեր ուսումը։ Տղան շատ նախասիրություններ ուներ։ Ակտիվ էր, սիրում էր սպորտով զբաղվել, հայոց պատմությամբ էր հետաքրքրված։ Որոշել էր մնալ հայրենի գյուղում։

Արամայիսը Քարին Տակ վերադառնալու հույսը չի կորցնում։ «Ես համաձայն եմ գնամ իմ գյուղում ապրեմ, եթե անգամ թուրքը վառի իմ տունը։ Ես մի վրան կդնեմ, այդ վրանի մեջ կապրեմ, միայն թե իմանամ, որ իմ հայրենի գյուղում եմ ապրում։ Մինչև կյանքիս վերջ հույսս չեմ մարելու, որ ինչ-որ մի օր կվերադառնամ իմ գյուղ ու կվերականգնեմ իմ երկու օջախները՝ տունս ու դպրոցը»,-ասում է նա։

Մեկնաբանություններ (1)

Գարբիել Ղորղորեան
Պիտի տեսնէք ձեր կեանքին մէջ։ Շատ պիտի չանցնի։ Շատ բան պիտի փոխուի եկող տարիներուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter