HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նորքի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանն ընդդեմ ԱԱԾ-ի և ոստիկանության հայց է ներկայացրել դատարան

«Նորքի զինված խումբ» անունը ստացած գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանը վարչական հայց է ներկայացրել դատարան, որով պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել 2015 թվականին ԱԱԾ-ի ու ոստիկանության կողմից իր անձնական տվյալները տեսանյութի միջոցով հրապարակելը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Վարդանյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Նորքում վնասազերծվել է զինված խումբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց մի խումբ անձանց, որոնց թվում՝ Արթուր Վարդանյանին, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին:

Ըստ քրեական գործի` «2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է Հայաստանի քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանում իշխանությունը յուրացնել, այսինքն՝ զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ, ըստ ԱԱԾ-ի հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թվականի նոյեմբերի 25-ին վնասազերծվել են»։ Վերը նշված դեպքի առթիվ հաղորդագրությանը զուգահեռ ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը նաև տեսանյութեր են հրապարակել, որոնք տարածվել են զանգվածային լրատվության միջոցներով։

Լևոն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք իրավունքի խախտում են տեսնում, քանի որ Արթուր Վարդանյանին տեսանկարահանել են կիսամերկ ու տեսանյութ տարածել, որտեղ Արթուր Վարդանյանի դեմքը չի փակվել։ Այսպիսով, ըստ Լևոն Բաղդասայանի, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն  վիրավորել են Վարդանյանի պատիվն ու արժանապատվությունը։

Նշենք, որ վերը նշված դեպքերից հինգ տարի անց Վարդանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը դեռևս քննվում է դատարանում։ Շուրջ երեք տարի այն քննվել է դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթում, սակայն դեռևս գործի քննությունը չավարտած՝ նա տեղափոխվել է վերաքննիչ քրեական դատարան։ Դրանից հետո գործը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին։ 2019 թվականի սեպտեմբերին վերջինիս որոշմամբ Արթուր Վարդանյանը կալանքից ազատվել է, այս պահին գործով կալանքի տակ գտնվող անձ չկա։

Լուսանկարում՝ Արթուր Վարդանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter