
«Իմ քայլ»-ում Սահմանադրության փոփոխությունն ու խորհրդարանի ինքնալուծարվելը չեն բացառում
Փետրվարին հանրային քննարկման է ներկայացվելու Ընտրական օրենսգրքի նախագիծը:
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԸՕ-ի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Համազասպ Դանիելյանը: Տեղեկացնենք, որ խմբակցությունում այսօր դռնփակ նիստ էր հրավիրվել: Դանիելյանի խոսքով, երբ ծրագրում էին ԸՕ-ի փոփոխությունները, գաղափար է եղել հիմնական մասին անդրադառնալ Սահմանադրության փոփոխությունից հետո:
«Որովհետև ընտրակարգում կան դրույթներ, որոնք ուղղակիորեն կարգավորված են Սահմանադրությամբ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխությունները դեռևս տեղի չեն ունեցել, իսկ ԸՕ-ի փաթեթը մեծ հաշվով պատրաստ է, այդ հարցն էինք քննարկում, թե արդյոք մենք փորձենք ԱԺ-ում որոշակի սահմանադրական փոփոխություններ իրականացնենք»,- ասաց Դանիելյանը:
Այսօր Հայկական ժամանակը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ քաղաքական մեծամասնությունը մտադիր է փոխելով Սահմանադրությունը՝ ինքնալուծարման հնարավորություն տալ խորհրդարանին:
Դանիելյանի խոսքով՝ դա ևս քննարկվել է, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամկետներին առնչվող հարցեր: Պատգամավորը վստահեցրեց՝ դեռ վերջնական որոշում չունեն, նույնիսկ հանդիպմանն ամբողջ խմբակցությունը ներկա չի եղել:
Համազասպ Դանիելյանը նաև հիշեցրեց, որ նման փոփոխություն կատարելը միայն քաղաքական մեծամասնության որոշելիքը չէ, նման փոփոխությունը պահանջում է առնվազն 88 ձայն, ինչը «Իմ քայլը» չունի: Այդ հարցով ընդդիմությունը ևս իր տեսակետը պետք է հայտնի: Այս պահին «Իմ քայլ»-ում դեռ վերջնական որոշում չկա՝ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու կարիք կա, թե ոչ:
Մեկնաբանել