HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Իմ քայլը» մտադիր է վերացնել ռեյտինգային ընտրակարգը

2020 թվականի տարեվերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին հրավիրում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ խորհրդակցությունների: Այս պահին հայտնի չէ, թե ընտրությունները երբ են լինելու և արդյոք փոփոխված Ընտրական օրենսգրքով են իրականացվելու, սակայն խորհրդարանական աշխատանքային խումբը շուրջ մեկ տարի առաջ սկսել էր Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի փոփոխությունների շուրջ աշխատանքները: Կորոնավիրուսի համավարակի պատճառով այն ընդհատվել էր, ապա շարունակվել հեռավար:

«Կուսակցությունների մասին» օրենքը խորհրդարանն արդեն ընդունել է, ԸՕ-ի նախագիծը հանրային քննարկման կներկայացվի առաջիկայում:

Նախագծի վերաբերյալ զրուցել ենք աշխատանքային խմբի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հետ:

Վերջինս նախագծում արտացոլված մի քանի առանցքային կետեր է առանձացնում, ինչպես` ընտրական ցուցակները: Դանիելյանի խոսքով` Հայաստանում միշտ քննարկվել է այն հարցը, որ ընտրական ցուցակներն ուռճացված են, ընտրողների իրական թիվը շատ ավելի փոքր է: Այն մի կողմից ընտրությունների նկատմամբ վստահության խնդիր է առաջացնում, մյուս կողմից կազմակերպման ծախսերն է ավելացնում:

«Այն մոտեցումն ենք որդեգրել, որ առանց որևէ մեկին զրկելու ընտրական իրավունքից, բայց ընտրական ցուցակները կազմենք բացառապես այն քաղաքացիներից, ում անձը հաստատող փաստաթուղթը ժամկետանց չէ»,-ասում է Դանիելյանը: Աշխատանքային խմբի ուսումնասիրությունները փաստում են, որ այն քաղաքացիները, որոնք մշտապես Հայաստանում են բնակվում, անձնագրի վավերականությունը լրանալուն պես երկարացնում են, քանի որ այն անհրաժեշտ է լինում նաև տարբեր գործարքների ժամանակ: Դանիելյանը վստահեցնում է` գյուղական հեռավոր համայնքների բնակիչները, եթե ընտրություններին ընտրատեղամասեր գնան ժամկետանց փաստաթղթով, միևնույն է, կկարողանան իրացնել իրենց ընտրական իրավունքը` պարզապես կընդգրկվեն լրացուցիչ ընտրական ցուցակներում:

Ըստ աշխատանքային խմբի ուսումնասիրությունների` ոչ վավերական անձնագիր ունեցող քաղաքացիների մեծամասնությունը Հայաստանում չէ, ընդ որում՝ ցանկում կան նաև մահացած անձինք, սակայն տեղեկատվությունը չի փոխանցվել Հայաստանի համապատասխան գերատեսչություններ, և նրանք շարունակում են մնալ ընտրական ցուցակներում:

Փոփոխություններ են առաջարկվում նաև նախընտրական քարոզարշավի կարգավորումների` այսպես կոչված խաղի կանոնների սահմանման հարցում։ Օրինակ՝ բանավեճի կազմակերպման պահանջը:

«Կուզեի անպայման առանձնացնել, որ հայտարարագրման ենթակա նախընտրական քարոզարշավի ծախսերի շրջանակը պետք է ընդլայնվի: Այսօրվա գործող օրենքով` բավական սահմանափակ ծախսեր են հայտարարագրման ենթակա, օրինակ՝ նախընտրական շտաբների գործունեությանն առնչվող ծախսերի մի գալի մասը չի հայտարարագրվում»,-ասում է պատգամավորը:

Առաջարկվում է հստակեցնել նախընտրական քարոզչությանը նախորդող ժամանակահատվածում և առհասարակ ընտրությունների շրջանում բարեգործություն կատարելու կարգավորումները` արգելելով բարեգործությունը թե' կուսակցություններին, թե' քաղաքական առնչություններ ունեցող հիմնադրամներին:

Ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի` ԸՕ-ի նախագծի փոփոխությունները կարելի է երկու մասի բաժանել` տեխնիկական և քաղաքական: Եթե տեխնիկական հարցերը լայնորեն քննարկվել են, ապա քաղաքական հարցերը դեռ պետք է քննարկվեն ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ: Առանցքային հարցն, իհարկե, ընտրակարգի փոփոխությունն է, մասնավորապես՝ ռեյտինգային ընտրակարգի բացառումն ու ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցումը:

Համազասպ Դանիելյանը հիշեցնում է, որ 2018-ին խորհրդարանական ընտրություններից առաջ երկու անգամ փորձ արվեց փոփոխություններ անել ԸՕ-ում, որի առանցքը ռեյտինգային ընտրակարգի վերացումն էր: Այժմ պատգամավորը վստահեցնում է` քաղաքական մեծամասնությունն ունի հստակ մոտեցում` հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից: Խնդիրն այն է, թե որն է լինելու դրա այլընտրանքը: Քննարկվում է թե' ֆիքսված համամասնական ցուցակը, որը հաճախ կոչվում է փակ ցուցակ (քանի որ ընտրացուցակի անունները հստակ ֆիքսված են լինում), թե' մասնակի բաց ցուցակը, երբ քաղաքացիները ընտրացուցակի մի մասի առնչությամբ կարողանում են քվեարկությանբ արտահայտել իրենց դիրքորոշումը:

Դանիելյանն այն կարծիքին չէ, որ ռեյտինգային ընտրակարգի մերժումը բացառելու է անձնակենտրոն քաղաքականությունը, որովհետև եթե քաղաքացիների մեծամասնությունը որոշի իր ընտրության հիմքում դնել բացառապես ինչ-որ անձի ընտրելը և ոչ թե նախընտրական ծրագիրը, ապա ռեյտինգայինի վերացումը չի հանգեցնի անձնակենտրոն քաղաքականության բացառման:

Աշխատանքային խումբը հարցում է իրականացրել ու պարզել, որ ՀՀ քաղաքացիների ընդամենը երկու տոկոսն է երբևէ որևէ կուսակցության ֆինանսական աջակցություն տրամադրել, բայց շատ է այն մարդկանց թիվը, որոնք գումար են ստացել են կուսակցությունից:

Պատգամավորը կարծում է, որ դաշինքները չպետք է ձևավորվեն անձերի կամ անունների շուրջ` անձնակենտրոն քաղաքական համակարգը  հնարավորինս բացառելու համար: Նախատեսվում է վերանայել նաեւ դաշինքների անցողիկ շեմը:

Գործող օրենքով կոալիցիան կարող է ներառել առավելագույնքը երեք կուսակցություն։ Նախագծով այս սահմանափակումն առաջարկվում է չեղարկել եւ վերանայել կոալիցիաների ձևավորման ժամկետները:

«Կարծում եմ՝ փոփությունները պետք է ենթադրեն այնպիսի ընտրակարգ, որտեղ ԱԺ պատգամավորների թիվը ֆիքսված է լինելու, և ոչ թե ֆիքսվի նվազագույն թիվը»,-ասաց Դանիելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter