Սպասելով քրոջը
Ամեն աշխատանքային օր 49-ամյա Մարալ Նաջարյանը, հավանաբար, բացում էր Բեյրութում գտնվող իր գեղեցկության սրահը, գուցե ուղղում «բաց է» ցուցանակը եւ պատրաստվում նոր աշխատանքային օրվան։ Այդտեղ նա աշխատում էր որպես վարսահարդար, մատնահարդար։ Նրա հետ էր աշխատում նաեւ 23-ամյա դուստրը։ Լիբանանի տնտեսական ճգնաժամից հետո ամեն ինչ բարդացավ։ Տնտեսական թանկացումն առաջին հերթին հարվածել էր սպասարկման ոլորտին։ Տեսանելի ապագան մշուշված էր։ Մարալի քույրը՝ Անի Նաջարյանն ասում է, որ շատ լիբանանահայերի պես իրենք էլ մտածում էին, թե ապագան Հայաստանում է։ Մարալը 7 երեխաներից 2-րդն է, Անին՝ 4-րդը։ Նրանք բոլորն էլ բնակվում էին Լիբանանում։
«Լիբանանահայությունը մտածում է, որ մեր վերջը Հայաստանն է, բայց պայմանները մեզ թույլ չտվեցին, որովհետեւ նյութականով մի քիչ տկար էինք: Կառավարությունն արդեն հոս քեզ չի օգնի: Պիտի գաս էստեղ, վարձով պիտի մնաս, ավելի լավ է Բեյրութում մնաս, օտարի նման»,- նշում է Անի Նաջարյանը։
Բեյրութի նավահանգստի պայթյունից 3 օր առաջ լիբանանահայ քույրերը՝ Անին ու Մարալը, Հայաստան գալու տոմսեր էին գնել։ Օգոստոսի 4-ին դեռ Բեյրութում էին, երբ պայթյունը եղավ։ Տանն ուժեղ ցնցումներ էին զգացել։ Պատուհանները, դռները, սալահատակը վնասվել էր։ Սկզբից կարծել էին, թե Իսրայելն է հարվածել, ավելի ուշ իմացել էին կատարվածի մասին։ Այդ օրը Մարալը քրոջն ասել էր, թե երանի տոմսերն ավելի շուտ վերցրած լինեին։
Օգոստոսի 25-ին երկու քույրերն արդեն Երեւանում էին։ Մինչեւ գալը տեղեկացել էին Արցախում վերաբնակեցման ծրագրի մասին։ Որոշել էին հաստատվել այնտեղ, իսկ որոշ ժամանակ անց նաեւ իրենց ընտանիքներին փոխադրել։ Քույրերից յուրաքանչյուրը մեկ որդի եւ մեկ դուստր ունի։ Մարալի որդին 28, դուստրը՝ 23 տարեկան է։ Անիի երեխաներն ավելի փոքր են, դուստրը 18 տարեկան է, որդին՝ 14։
Նրանց բոլորի նպատակները միահյուսվում էին Արցախում ապրելու շուրջ։ Սեպտեմբերին երկու քույրերն Արցախ այցելեցին։ Սկզբից մի քանի օր մնացել էին Բերձորում, ապա՝ Շուշիում։ Քանի որ Շուշիի աշխարհագրական դիրքը բարձր էր, իսկ իրենք արյան բարձր ճնշում ունեն, ընտրել էին Բերձորում մնալու տարբերակը։ Մինչեւ հարմար տուն կգտնեին, ժամանակավոր բնակվում էին Բերձորի հյուրանոցում։ Իրերի մի մասը տեղավորել էին Բերձորի քաղաքապետարանի շենքում։ Այստեղ քույրերն առանձին տներ պետք է ունենային։
Մինչեւ տան հարցը կլուծվեր, մեկ օրով Ստեփանակերտ էին գնացել՝ աշխատանքի դիմում ներկայացնելու։ Անին աշխատել է առեւտրի ոլորտում։ Սակայն երկուսն էլ նպատակ ունեին Բերձորում լիբանանյան խոհանոցը ներկայացնող ռեստորան բացել։ Այդտեղ էլ պետք է աշխատեին քույրերով։
Երբ սեպտեմբերի 27-ին պատերազմն սկսվեց, քույրերը Բերձորում էին։ Պատերազմի մասին իմացել են լուրերով։ Իսկ երբ թշնամին հարվածել էր Բերձորի կամրջին, զգալով վտանգը՝ Երեւան էին եկել՝ առանց որեւէ իրի։ Մտածել էին, թե մի երկու օրից պատերազմը կավարտվի, կվերադառնան Արցախ։
Խարբերդում ժամանակավոր տուն վարձակալեցին՝ սպասելով պատերազմի ավարտին։ Հրադադարի օրը՝ նոյեմբերի 10-ին, հեռախոսով խոսել էին Բերձորի հյուրանոցի աշխատակցի՝ Մարինեի հետ։ Վերջինս էլ պատերազմի օրերին գտնվում էր Եղեգնաձորում։
«Ասացինք՝ արդյոք կարող ենք գնալ մեր շորերը, ապրանքները բերենք, որովհետեւ այստեղ ոչ մի բան չունեինք, ցուրտն էլ սկսվել էր: Ասաց՝ մի հատ իմանամ, թե կարող ենք Բերձոր մտնել: Հեռաձայնեց, ասաց՝ հա, կարող ենք գնալ: Դա ամսի 10-ին էր: Ասաց՝ եթե կուզեք, այսօր կգնանք, կվերցնենք մեր իրերը: Ինքն էլ իր ապրանքն ուներ այնտեղ»,- պատմում է Անի Նաջարյանը։
Նոյեմբերի 10-ին Մարալը գնացել էր իրերի հետեւից, Անին մնացել էր Խարբերդում։ Երեւանից Մարալն ուղեւորվել էր ընտանիքի բարեկամի՝ Վիգեն Էուլջեքյանի հետ։ Վերջինս մեկ տարի առաջ էր փոխադրվել Հայաստան ու նույնպես դիմել էր Արցախում վերաբնակեցման ծրագրին։ Անին ասում է, որ Վիգենը պատրաստվում էր իր ընտանիքին էլ տեղափոխել Արցախ (մեկ որդի եւ մեկ դուստր ունի)։ Մինչեւ Շուշիում հաստատվելու ծրագիրը կլիներ, Վիգենը Երեւանում տաքսու վարորդ էր աշխատում։ Բայց իրերի մի մասը գտնվում էր Շուշիի հյուրանոցում։
Նոյեմբերի 10-ին Արցախ գնալու ճանապարհին՝ Եղեգնաձորից, վերցրել էին նաեւ Բերձորի հյուրանոցի աշխատակից Մարինեին։
Անին ասում է, թե երբ հասել էին Բերձորի հյուրանոց, այնտեղ էին թողել Մարինեին, իսկ Մարալը Վիգենի հետ գնացել էր քաղաքապետարանի շենք՝ վերցնելու այդտեղ թողած իրենց իրերը։ Այդ ընթացքում Մարինեն սպասել էր հյուրանոցի մոտ, սակայն ո՛չ Մարալը, ո՛չ Վիգենը չէին վերադարձել։ Մութն ընկնելու պատճառով Մարինեն ստիպված է եղել տաքսով վերադառնալ Երեւան։ «Գիշերը զանգեցի Մարինեին, ասացի՝ Մարալենք չեկան, ասաց՝ Անի ջան, շատ սպասեցի իրենց, չեկան, ստիպված տաքսի վերցրեցի, եկա»,- պատմում է Անին։
Նույն օրը նա զանգել էր Մարալին, սակայն վերջինիս հեռախոսն արդեն անջատված էր։ «Մարալը չէր կարող ինձ առանց լուրի թողնել։ Ինձ պետք է լուր տար, որ մենք այսինչ տեղում ենք»,- նկատում է Անին։ Հաջորդ օրը նա բարեկամի մեքենայով Բերձոր է գնացել Մարինեի հետ։ Դիմել է տեղի ոստիկանություն, հիվանդանոցում են հարցուփորձ արել, սակայն որեւէ տեղեկություն չեն կարողացել պարզել։ Ի վերջո, Անին Բերձորի հյուրանոցից վերցրել էր իրենց ճամպրուկներն ու վերադարձել Երեւան։
«Մեկ-երկու օր հետո սկսեցի դիմումներ գրել Կարմիր խաչին, պաշտպանության նախարարությանը, սփյուռքի հանձնակատարի գրասենյակին։ Բոլոր տեղերը գնացի»,- նշում է Մարալի քույրը։
Միայն դեկտեմբերի 24-ին ՄԻԵԴ-ից քույրը տեղեկություն է ստացել, որ Մարալը ողջ է, Բաքվում է։ Դա մինչ օրս Անիի միակ լուրն է Մարալի մասին։
-Ասացին՝ ողջ եւ առո՞ղջ է,- հարցնում եմ նրան։
-Ողջ ասացին, բայց առողջը չգիտեմ, որովհետեւ Մարալի բժշկական թղթերը չեկան։ Կարմիր խաչը մինչեւ այսօր ասում է՝ մենք չտեսանք Մարալին, Ադրբեջանը որտեղ իրավասություն է տալիս մտնելու, այդտեղ միայն կմտնեն, այսինքն՝ որ բանտը ցույց կտա, այդտեղ կարող են մտնել,- պատասխանում է Անին։
-Հիմա ի՞նչ եք անում,- դարձյալ հարցնում եմ։
-Չգիտեմ՝ վերջն ինչ պիտի լինի, չգիտեմ: Եվրոպական դատարանն ասում է, որ ինքն իրավունք չունի խառնվելու, թե երբ պիտի գան, կամ երբ պիտի բերեն: Միայն կարող է հաստատել իր ձեռքի փաստերով, որ Մարալը գտնվում է Բաքվում: Սպասում ենք՝ ուրիշ ոչ մի բան։ Սպասումից հոգնեցինք, անգործ մնալուց էլ հոգնեցինք,- ասում է Անին։
Հիմա նա մենակ է մնացել Հայաստանում։ Խարբերդի վարձակալած տունը ստիպված է հանձնել եւ ժամանակավոր մնալ մորաքրոջ տանը։ Ասում է՝ շվարած է, չգիտի, թե ինչ անել։
-Մենք արդեն 30 տարի պատերազմում ապրել ենք: Որ մեզ ասացին՝ էնտեղ պատերազմ կա, ասացինք ՝ ոչինչ, մենք վարժ ենք։ Բայց որ սա պատահեց, որ Մարալն էնտեղ գերի ընկավ, չէի մտածում, որ նույնիսկ կառավարությունն այդքան չի մտածում իր զինվորների, նահատակների, գերիների համար: Մտածում է ճամփա բացելու, երկաթուղու մասին։ Մոսկվա գնաց ժողովի, ի՞նչ խոսեց։ Թող վեր կենա մեզ ասի, թե ինչու գերիների հարցն առաջնահերթ չէ,- Հայաստանի վարչապետի մասին ասում է Անին։
-Իսկ ինչու՞ առաջնահերթ չէ, ի՞նչ եք մտածում,- հարցնում եմ նրան։
-Մարդկությունը շատ էժան է: Որ իրենց տղաներն էնտեղ գերի լինեին, սենց պիտի թողնեի՞ն։ Իրենք իրենց զավակները բերելու համար ամեն ինչ կանեին,- պատասխանում է Անին՝ հավելելով, որ Վիգենին արդեն 5 մեղադրանք է առաջադրվել։ Նրա մասնակցությամբ Ադրբեջանը տեսանյութ է հրապարակել, որտեղ Վիգենին պարտադրում են ասել, թե իբր վարձկան ահաբեկիչ է ու կռվել է 2500 դոլարի դիմաց։
-Հիմա չգիտեմ, թե ոնց կլինի՝ Վիգենին կտա՞ն, թե՞ ոչ։ Հուսամ՝ բոլորն էլ հետ պիտի գան, որովհետեւ բոլորն էլ մերն են,- ասում է Անին։ Նա կմնա Հայաստանում այնքան ժամանակ, մինչեւ Մարալը վերադառնա։ Դրանից հետո Մարալը կորոշի, թե որն է լինելու իրենց հետագա ծրագիրը։
Անի Նաջարյանի լուսանկարները՝ Անի Սարգսյանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել