HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Իրավապահները ապօրինի հանք շահագործելու մեջ հանցակազմ չեն գտել

2020թ. դեկտեմբերի 30-ին քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնում հանցագործության դեպքի բացակայության հիմքով որոշել են կարճել Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում ավազի ապօրինի հանքի շահագործումը: 

«Թղթով՝ գյուղատնտեսական հող, իրականում՝ ավազի հանք» վերնագրով մեր հոդվածի հիման վրա 2020թ. հուլիսի 27-ին քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործումը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին) և 188-րդ հոդվածի 1-ին մասով (Առանց պետական գրանցման, հաշվառման կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը զգալի վնաս պատճառելով) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ էին ձեռք բերվել, որ 2015թ. մինչև 2019թ. նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում՝ ընդհատումներով, Մանվել Ավետիսյանը Ջրառատ գյուղի վարչական տարածքում գտնվող հողամասում առանց հատուկ թույլտվության, որևէ պայմանագրի և հողի նպատակային նշանակությունը փոխելու զբաղվել է ավազի արդյունահանմամբ։

Ջրառատը չունի ընդերքօգտագործման, այդ թվում՝ ավազի հանման հողեր: Սակայն տարիներ շարունակ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մի մասն օգտագործվել, և որոշներն այժմ էլ օգտագործվում են որպես ավազի հանքավայրեր: Գոյացած լճերը հենց ավազի հանման արդյունքն են:

Թե՛ Ջրառատում, թե՛ մարզի այլ համայնքներում բոլորը գիտեին, որ Մանվել Ավետիսյանն ավազ է վաճառում: Նրա կողմից օգտագործվող տարածքում ավազի թարմ հետքերը ևս դրա վկայությունն էին:

Մեզ համար քրեական գործի ելքն արդեն կասկածելի էր հենց դատախազության տարածած հաղորդագրությունից, քանի որ լուսանկարներով հստակ փաստեր էինք, որ ավազ արտահանվել է նաև 2020թ․, սակայն նշվել էր մինչև 2019թ. նոյեմբեր ամիսը: Գուցե նյութերի նախապատրաստման ժամանակ ավելացել է նաև 2020թ․, սակայն այդ մասին հանրությանը հայտնի չէ:

file54798.jpg (226 KB)

Կասկածներն ամբողջացան քննիչի 2020թ. դեկտեմբերի 29-ի գրությունից հետո, երբ լրատվամիջոցից խնդրում էր բացահայտել հոդվածի աղբյուրը: Բնականաբար չենք բացահայտել: Ակնհայտ էր արդեն, որ իրավապահ մարմիններն ավելի շատ ընկած էին ոչ թե անհերքելի փաստերի հետևից, այլ նրանց հետաքրքրում էր, թե ով է այդ տեղեկատվությունը փոխանցել լրագրողին:

Նշենք, որ ավազի արդյունահանմամբ զբաղվող Մանվել Ավետիսյանը նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի մտերիմն է, իսկ Ջրառատի համայնքապետը՝ Լևոն Երանոսյանի քրոջ որդին: Սրանով էլ ամբողջանում է պատկերը, թե իրավապահ մարմիններն ինչու չեն «նկատում» փաստերը:

Նմանատիպ իրավիճակ ստեղծվել է նաև Արմավիրի մարզի Երվանդաշատ համայնքում: Այստեղ գործում է քարի արդյունահանման երեք հանքավայր, որոնց օգտագործած տարածքները գյուղնշանակության հողեր են: Քարն արդյունահանում են՝ առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու:

«Երվանդաշատում գյուղնշանակության հողերն օգտագործվում են որպես քարի հանքավայր» վերնագրով հոդվածում նշել էինք, որ հողատարածքները, որոնք օգտագործվում էին որպես քարի հանք, ժամանակին ձևական աճուրդ-վաճառքներով է օտարվել:

Երվանդաշատի համայնքապետ Հովնան Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք պարբերաբար գրություններ ուղարկել են հանքերը շահագործողներին՝ գործունեությունը կասեցնելու վերաբերյալ:

Քարի երեք հանքերի զբաղեցրած հողատարածքների համար ընկերությունները Երվանդաշատ համայնքին վճարում էին ընդհանուր 616 հազար դրամ: 

Հարցին, թե օրինակա՞ն են շահագործվում համայնքի տարածքում գտնվող երեք հանքերը, Երվանդաշատի համայնքապետը նշել էր, թե «օրինական է միայն այն, որ իրենք ունեն հանք շահագործելու թույլտվություն»:

«Այստեղ խնդիր ունենք․ առանց հողի կատեգորիան փոխելու մեր կառավարությունը տալիս է ընդերքօգտագործման լիցենզիա: Ես խնդրում եմ, որ մինչև այդ թույլտվություն տալը, սկզբում փոխեն հողի կարգավիճակը, նոր միայն ստանան լիցենզիան: Փոխվում է համայնքի գլխավոր հատակագիծը: 3 ամիս է՝ կառավարությունում շրջանառվում է համայնքի գլխավոր հատակագծի նախագիծը, որից հետո նոր միայն կկարողանան փոխել հողերի նպատակային նշանակությունը»,- ասում էր Հովնան Ավետիսյանը:

Մեր հրապարակումից հետո ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում նախապատրաստվել են նյութեր: Սակայն դատախազությունից փոխանցում են, որ 2020թ. սեպտեմբերի 22-ին որոշում է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter