HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Տիգրան Հակոբյան. «Լիցենզավորման մրցույթում հաղթել են ուժեղները»

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը կարծում է, որ Հանրային մուլտիպլեքսի սլոթերի բաշխման մրցույթը կայացել է հստակ չափորոշիչներով, որոնք նվազեցրել են հանձնաժողովի անդամների սուբյեկտիվությունը։ «Մենք անցկացրել ենք առավելագույնս թափանցիկ եւ արդար մրցույթ, եթե կարելի է այդ բնութագրումն այստեղ օգտագործել, որի արդյունքում իսկապես լիցենզիա են ստացել առավելագույնս ուժեղ, մրցունակ, նախորդ տասը տարվա ընթացքում իրենց գործողությունները ճիշտ կատարած եւ լավ ծրագիր ներկայացրած հեռուստաընկերությունները»,- ասաց Տիգրան Հակոբյանը այսօր՝ հունվարի 27-ին «Սպուտնիկ» մամուլի կենտրոնում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա վերահաստատեց նախկինում արած իր հայտարարությունը, որ Հանձնաժողովի վրա որեւէ ճնշում, լոբբինգ չի եղել։ «Իսկ ճնշումներ լինում են ոչ միայն իշխանություններից, այլեւ շահագրգիռ կողմերից, քաղաքական ուժերից, հանրային սեկտորից, ֆինանսատնտեսական խմբավորումներից։ Այս անգամ որեւէ այդպիսի ճնշում չի եղել։ Եվ դա շատ կարեւոր առաջխաղացում է, եթե համեմատենք նախորդ մրցույթների հետ»,- հայտարարեց ՀՌՀ նախագահը։

Հիշեցնենք, որ լիցենզավորման նոր մրցույթն անցկացվեց համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքի։ Վերջին մրցույթը տասը տարի առաջ էր կայացել՝ 2010-ին։ Երեկ՝ հունվարի 26-ին, ՀՌՀ-ում կայացավ լիցենզիաների տրամադրման արարողությունը, տրամադրման ժամկետը նախկին 10-ի փոխարեն 7 տարի է։ Հանրային մուլտիպլեքսում տեղ ստացած հեռուստաընկերությունների մեծ մասն արդեն եթերում է, իսկ նոր խաղացողները հեռարձակումը կսկսեն 6 ամսվա ընթացքում։

Ասուլիսի գլխավոր հարցը վերաբերում էր հանրային մուլտիպլեքսից դուրս մնացած «Ա1+» եւ Հ2 հեռուստաընկերություններին։ Մասնավորապես՝ թե ինչու «Ա1+»-ը, որը 2002-ին, ըստ հարցը հնչեցնողի, փակվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահանջով, հիմա նույնպես լիցենզիա չստացավ, եթե  Հանձնաժողովի վրա ճնշումներ չեն եղել։

Տիգրան Հակոբյանը պարզաբանեց, որ եթե անցկացվում է մրցույթ, որի մասնակիցներն ավելի շատ են, քան փքաբլիթը, որի համար պայքարում են, լինում են պարտվողներ եւ հաղթողներ։ Դա է, նրա խոսքով, մրցույթի հայեցակարգը։ «Այս մրցույթում ամբողջ հայեցակարգը, մեթոդաբանությունը, ծրագիրն այլ էր։ Հեռուստաընկերությունները պայքարում էին ոչ թե տարբեր հաճախությունների համար, այլ պայմանական կար 10 սլոթ, 15 մասնակից, եւ ըստ այդ ցուցակի՝ առաջին տասը կարողացել են տեղ գտնել մուլտիպլեքսում։ Ո'չ «Ա1+»-ը, ո'չ Հ2-ը լիցենզիայից չեն զրկվել, զրկվում են նրանք, որոնք չեն հաղթահարել գնահատականների նվազագույն շեմը։ Պարզապես երկուսն էլ, հնարավորություն ունենալով մասնակցել նաեւ մայրաքաղաքային սլոթերի բաշխմանը, հրաժարվել են երկրորդ հայտով նշել մայրաքաղաքային ծածկույթը, այնինչ ստացել էին բավարար գնահատականներ, որպեսզի այսօր հեռարձակվեին մայրաքաղաքային սլոթում»,- ասաց ՀՌՀ նախագահը։

Նրա համոզմամբ՝ եթե չլինեին ամբիցիաները կամ սխալ հաշվարկները, ապա այսօր երկու հեռուստաընկերություններն էլ մայրաքաղաքային հեռարձակման հնարավորություն կունենային։

Պրն Հակոբյանը տարբերություն է տեսնում այս երկուսի միջեւ նրանց մոտիվացիայի առումով։ Նրա կարծիքով՝ «Ա1+»-ի ղեկավարությունը համարում է, որ հաշվի առնելով անցյալը՝ այսօր կարելի է քաղաքական որոշում ընդունել եւ շտկել անարդարությունը՝ տրամադրելով սլոթը «Ա1+»-ին։

«Այդ գիծը, ցավոք, նրա ղեկավարի ելույթներում հնչում է»,- ասաց Հակոբյանը։ Համաձայնելով հանրության մեծամասնության այն կարծիքին, որ ժամանակին լինելով որակյալ, անկախ, բազմազան հեռուստաընկերություն՝ այն անարդար ձեւով զրկվել է լիցենզիայից՝ պրն Հակոբյանն, այնուամենայնիվ, անընդունելի համարեց նման փիլիսոփայությունը։

«Չի կարելի մի անարդարությունը շտկել նոր անարդարությամբ՝ արդեն այլ հեռուստաընկերության նկատմամբ։ Իրենց ծրագիրը թույլ էր հանրապետական ծածկույթի համար։ Մեր գնահատման ցուցանիշները բաց են բոլորի համար, եւ մի շարք ՀԿ-ներ ցանկություն են հայտնել աուդիտ անել՝ ծանոթանալ թղթերին, ինչի կոչը մենք նույնպես անում ենք»,- հայտարարեց ՀՌՀ նախագահը։

Նույն կարծիքը նա հայտնեց Հ2 հեռուստաընկերության վերաբերյալ։ «Երկուսն էլ չեն մտել այն հնգյակի մեջ, որոնք պետք է ստանային հանրապետական ծածկույթ։ Բայց երկուսն էլ կարող էին մտնել մայրաքաղաքային ծածկույթ։ Հանձնաժողովին մեղադրելուց առաջ նրանք առաջին հերթին պետք է մտածեին իրենց հեռուստադիտողի առաջ ունեցած պատասխանատվության մասին եւ ամեն ինչ անեին նրան իրենց հաղորդումները դիտելու հնարավորությունից չզրկելու համար»,- ասաց Տիգրան Հակոբյանը։

Մարզային սփռման սլոթերի մրցույթից դուրս մնացին նախկինում Արմավիրում հեռարձակվող «ԱԼՏ» եւ Լոռիում հեռարձակվող «Լոռի թիվի» հեռուստաընկերությունները, որոնք դժգոհ են մրցույթի արդյունքներից եւ ՀՌՀ որոշումը համարում են քաղաքական պատվեր։ «Նույն կերպ կպատասխանեմ՝ նրանց թե’ ծրագրերը, թե’ գործունեությունը նշված ժամանակահատվածում մրցունակ չէին, ուստի հաղթել են իրենց հակառակորդները, որոնք ավելի ուժեղ են եւ սփռում են ավելի որակյալ բովանդակություն»,- ի պատասխան այդ դժգոհությունների՝ ասաց Տիգրան Հակոբյանը։

Ապա հավելեց, որ ՀՌՀ-ն վերջին մի քանի տարում միշտ փորձել է աջակցել մարզային հեռուստաընկերություններին, չնայած այդ աջակցությունը ո'չ օրենքով, ո'չ կարգերով Հանձնաժողովի իրավասությունների ներքո չէր։ «Նախորդ տարի բոլոր մարզային հ/ը-ին տրամադրել ենք հեղինակային իրավունքը պաշտպանող անվճար որակյալ բովանդակություն, աչք ենք փակել որոշ խախտումների վրա՝ ռուսերեն լեզվով թույլատրելի չափը գերազանցող հաղորդումների հեռարձակում, ընդհատումներ եւ տեխնիկական չափանիշների պահպանման խնդիրներ։ Նորից կրկնեմ՝ մրցույթում հաղթել են ուժեղները»,- ասաց Տիգրան Հակոբյանը։

Նա անդրադարձավ այս հեռուստաընկերություններին առնչվող, իր խոսքով՝ «մի ցավոտ թյուրիմացության, որը տարածեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը»։ Վերջինս պնդում է, որ 2010-ին այդ հեռուստաընկերությունները դարձյալ լիցենզիա չեն ստացել։ «Ստել հարկավոր չի, այդ հեռուստաընկերությունները 2010-ի մրցույթին չեն մասնակցել շատ պարզ պատճառաբանությամբ. իրենք հրապարակավ ասում են՝ մեզ կանչեցին եւ ասացին՝ մեկ է չեք հաղթելու, մի’ դրեք ձեր թեկնածությունը։ Իրենք էլ չեն մասնակցել, հանգիստ համաձայնել են վերեւից այդ կարգադրությանը եւ չեն բողոքարկել։ Հիմա, ցավոք, «ԱԼՏ»-ի ղեկավարն ասում է՝ նախկինում ազնիվ էին մեզ հետ։ Ես եզրակացնում եմ, որ այդ երկու հ/ը-ի ղեկավարները, ցավոք, սպասում էին նույն մոտեցմանը»,- ափսոսանք հայտնեց Տիգրան Հակոբյանը։

Նա ՀՌՀ-ի համար վիրավորական համարեց նման հայտարարությունը այնպիսի ընկերությունների կողմից, որոնք իրենց հեղափոխական են համարում եւ կարծում են, որ մեդիա դաշտը պիտի ձեւափոխվի։ «Նորից հույս ունեին, որ կհաղթեն ոչ թե իրենց լավ աշխատանքի, մրցունակության, ֆինանսական ռեսուրսների առկայության պարագայում, այլ միմիայն վերեւից քաղաքական որոշում իջեցնելով, ինչը չկա։ Ես հույս ունեմ, որ ՀՌՀ-ն, եւս մի քանի տարի աշխատելով, այնպիսի հիմքեր կդնի, որ այդպիսի երեւույթները չեն կրկնվի»,- ասաց ՀՌՀ նախագահը։

Թեման փակելով՝ նա հայտարարեց. «Դատարանը թող որոշի՝ ինչքանով են արդար եւ հիմնավորված եղել մեր որոշումները։ Մենք գնահատել ենք ոչ միայն ծրագրերը, կարելի է շատ լավ բան գրել եւ ոչինչ չանել, այլ նրանց՝ 2010-ի ծրագրերը եւ դրանց կատարումը, բազմակարծության կարողությունը։ Նախկինում ստանձնած իրենց պարտավորությունների չկատարումը իջեցրել է նրանց գնահատականը։ Հարյուրավոր չափորոշիչներով երկու ամիս, 20 մասնագետով փորձել ենք հստակեցնել այն երեւույթները, որոնք օգնել են հանձնաժողովի անդամներին որոշում կայացնել»։

Հեռուստաընկերությունները երկու ամիս ժամանակ ունեն ՀՌՀ հունվարի 18-ի որոշումը բողոքարկելու համար։ Հ2-ն արդեն հայտարարել է, որ «բոլոր օրինական միջոցներով պայքարելու է վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար»։

Ասուլիսում Տիգրան Հակոբյանն ամփոփեց ոչ միայն հանրային մուլտիպլեքսի սլոթերի մրցույթի արդյունքները, այլեւ անցնող տարում Հանձնաժողովի աշխատանքը։

«Մեր նորագույն պատմության ծանրագույն տարին էր, սակայն Հանձնաժողովը մեծ ծավալի աշխատանք է կատարել։ Ընդունվել է «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքը, որն իդեալական չի, ցանկացած օրենք արտահայտում է օրվա իրավիճակի առաջնայնությունները, բայց այն շատ ավելի ազատական է եւ նպաստավոր հեռարձակողների համար։ Ազատականացվել է ռադիոհեռարձակման բնագավառը, եթե առաջ օրենքով սահմանափակում կար ռադիոյի քանակի վրա, ապա այսօր Հայաստանը FM տիրույթում ինչքան ազատ հաճախականություն ունենա՝ եւ' մարզերում, եւ' մայրաքաղաքում, ապա ցանկացած հեղինակազորված կազմակերպություն կարող է դիմել եւ ստանալ ռադիոլիցենզիա։ Մենք պատրաստվում ենք փետրվարին հայտարարել ռադիոհաճախականությունների մրցույթ»,- թվարկեց պրն Հակոբյանը։

Ազատականացվել է նաեւ մասնավոր մուլտիպլեքսների դաշտը։ Եթե նախկինում հնարավոր էր բացել միայն հանրապետական ծածկույթի մասնավոր մուլտիպլեքս, ինչը խոշոր ներդրումներ էր պահանջում եւ շատ մեծ տարեկան պետական տուրք այդպիսի մուլտիպլեքս աշխատեցնելու համար՝ 100 մլն դրամ, ապա շուտով ԱԺ-ն փոփոխություններ կկատարի «Լիցենզավորման մասին» օրենքում, եւ էապես՝ 50-60 անգամ կնվազի այդ գումարը։ Հնարավորություն կլինի առանձին մարզերում փոքր մասնավոր մուլտիպլեքսներ կառուցելու, ինչն ավելի փոքր ներդումներ է պահանջում, եւ կլուծվի մարզերում տարբեր հեռարձակողների, որոնք լիցենզավորված չեն, հեռարձակում ապահովելու հարցը։ Պարզեցվել է ցանցային օպերատորների գործունեությունը։ Եթե առաջ բազմաստիճան եւ շատ բարդ ընթացակարգ էր՝ ամիսներ տեւող, ապա այսօր այն նույնպես հեշտացել է։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի ընդունումից հետո, ՀՌՀ նախագահի ասելով, տասնյակի հասնող ընկերություններ դիմել են Հանձնաժողով այդ թույլտվությունը ստանալու համար։

«Օրենքից բխող տասնյակ կարգեր, նորմատիվ ակտեր են ընդունվել՝ կանոնակարգելու համար հեռուստառադիոընկերությունների աշխատանքը։ Մշտադիտարկման նոր՝ արդիական համակարգ ենք ստացել, որը թույլ է տալիս մեքենայացված ձեւով ավելի արդյունավետ դիտարկել հեռուստառադիոընկերությունների եթերը։ Ակտիվ մասնակցություն ունեցանք եւ գրագետ, փոխադարձ համաձայնեցման մթնոլորտում աշխատեցինք կորոնավիրուսի համավարակի համատեքստում։ «Գովազդի մասին» օրենքի խախտումների եւ արգելված բովանդակության՝ բռնության կոչեր, երեխաների հոգեբանության վրա ազդող տեսարաններ եւ այլն, տարածման համար բավական մեծ տույժեր են կիրառվել»,- ՀՌՀ 2020-ի գործունեությունն ամփոփեց նախագահը։

Պրն Հակոբյանն անդրադարձավ նաեւ հանրային մուլտիպլեքսում տեղ գտած երեք ռուսական հեռուստաալիքներին, որոնց պատճառով մրցույթում նախապես հայտարարված սլոթերի քանակը նվազեց։ «Որեւէ օտար հեռարձակող չի կարող մասնակցել լիցենզավորման մրցույթին, դա հանրային մուլտիպլեքսի բաղադրիչներրից մեկն է ամբողջ աշխարհում։ Դա քո ազգային օրակարգը սպասարկելու համար է։ Բայց շատ երկրներում կա դրա ելքը։ Այն երկիրը, որը ցանկանում է հեռարձակվել հանրային մուլտիպլեքսում, պիտի դիմի ՀՀ կառավարությանը եւ միջպետական համաձայնագրով ներառվի։ «Միր» հեռուստաընկերությունը գործում է այդ սկզբունքով՝ միջազգային համաձայնագրով»,- պարզաբանեց նա։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի ընդունումից հետո ՌԴ-ն դիմել է ՀՀ կառավարությանը, եւ 2020-ի դեկտեմբերի 30-ին միջպետական պայմանագիր է կնքվել, որի մասին Տիգրան Հակոբյանը դրական կարծիք ունի։ «Հիմա մենք հնարավորություն ունենք վերահսկել այդ ալիքները։ Նրանք պարտավոր են հարգել մեր պետական ազգային տոները եւ տարելիցները, օրինակ՝ ապրիլի 24-ին չհեռարձակել ժամանցային ծրագրեր, ընտրական գործընթացներին չխառնվել, հարգել արտակարգ իրավիճակի կամ ռազմական դրության նորմերը եւ պայմանները, թույլ չտալ մեր ազգային արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ։ Եթե նախկինում իրենք հեռարձակվում էին մեզ մոտ, իսկ մենք իրենց մոտ՝ ոչ, ապա հիմա մեր Հանրային հեռուստաընկերությունը ՌԴ-ում ստանում է ունիվերսալ լիցենզիա՝ առանց հավելյալ պայմանների հեռարձակվել մալուխային խոշոր ցանցերում։ Սա ոչ թե միակողմանի գործընթաց է, այլ դաշնակցային նորմալ հարաբերություններ, որը թույլ է տալիս մտնել ռուսական տեղեկատվական շուկա»,- եզրափակեց ՀՌՀ նախագահը։

Լուսանկարը՝ Լուսի Սարգսյանի/Ֆոտոլուր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter