
Տանկիստները
Տանկերը քողարկված էին: Այդ վայր հասնելու համար մեքենան բավականին հեռու էինք կանգնեցրել: Տարածքին մեքենա չպետք է մոտենար: Թշնամին չպետք է իմանար, որ այդտեղ զինտեխնիկա կա: Զրահատանկային զորամասի այս գումարտակը զորավարժությունների ընթացքում լավագույն արդյունքն էր գրանցել, եւ հրամանատարությունը նրանց պահում էր հատուկ հանձնարարության համար: Երեք տանկի անձնակազմերի հետ ենք հանդիպել հոկտեմբերի 7-ին: Գումարտակի հրամանատարին հարցնում եմ՝ ով է զինվորների մեջ ամենախոսկանը: Մեկ էլ միանգամից մի քանիսն ասում են՝ Գեւորգը, դերասան Գեւորգը: Նա մինչեւ զորակոչվելը նկարահանվել էր սիթքոմում՝ դպրոցականի դերում: Տղաներն իմացել էին այս մասին, տեսել կադրերը, որից հետո էլ նա ստացել էր դերասան մականունը:
Գևորգը տանկի նշանառուն էր: Հոկտեմբերի 7-ին կատարած նկարահանումներն այն ժամանակ ցույց չենք տվել, մտածել ենք, որ պետք չէ խոսել գործողության պատրաստվող տանկիստների մասին: Նրանց պատերազմի ընթացքում այդպես էլ չկարողացանք գտնել, գիտեինք, որ տեղակայման նախկին վայրից տեղափոխվել են այլ ուղղությամբ: Հետո խմբագրություն եկան Գեւորգի քույրն ու հայրը եւ իմացանք, որ նա զոհվել է: Եկել էին Գեւորգի լուսանկարներն ու տեսանյութը վերցնելու: Պարզվեց, որ Գեւորգը նույն օրը հարազատներին ասել էր, որ իրենց նկարահանել ենք:
Գևորգ Ջավախյանը հոկտեմբերի 24-ին ծանր վիրավորում է ստացել Կարմիր Շուկայի մերձակայքում, չորս օր անց՝ հոկտեմբերի 28-ին, Երեւանում՝ հիվանդանոցում այդպես էլ գիտակցության չգալով մահացել է:
Նույն վայրում վիրավորվել է դասակի հրամանատար, լեյտենանտ Գեորգի Հովհաննիսյանը: Նա այժմ հիվանդանոցում է, ապաքինվում է:
Դեռեւս չգիտենք, թե ովքեր են զոհվել այս գումարտակից, գիտենք միայն, որ մեր նկարահանած անձնակազմերից էլի զոհեր եւ վիրավորներ կան:
Մեկնաբանել