HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ծխախոտի շուկայի ընկերությունները նվազեցրել են հարկերը 

Ծխախոտի շուկայում գործող 7 ընկերությունների հարկերի ընդհանուր ծավալը 2020 թվականին կազմել է 112.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ նվազելով մոտ 9 մլրդ դրամով կամ 7%-ով:

Հայաստանի խոշորագույն հարկատուն, 2020 թվականի տվյալներով,  ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո» ՍՊ ընկերությունն է: Խոշոր հարկատուների ցանկում ծխախոտի շուկայում գործող յոթ ընկերություններ բարձր հորիզոնականներ են զբաղեցրել:

Խոշորագույն հարկատու «Գրանդ տոբակոն» տարվա ընթացքում (հունվար-դեկտեմբեր) պետական բյուջե է վճարել 50.7 մլրդ դրամի հարկեր, որը 2019 թվականի համեմատ նվազել է 6.4 մլրդ դրամով 11%-ով: Խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Ոլորտի մյուս խոշոր հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս տաբակն» է, որը ևս զբաղվում է ծխախոտի արտադրությամբ: 2020 թվականին ընկերությունը վճարել է 18.8 մլրդ դրամի հարկ՝ 429 մլն դրամով կամ 2%-ով պակաս, քան 2019 թվականին:

Հիշեցնենք, որ ինչպես «Գրանդ տոբակոն», այնպես էլ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ու «Մասիս տոբակո» ՍՊԸ-ները, հայտնի գործարարներ Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ հոլդինգի» կազմում են:

Խոշոր հարկատուների առաջին տասնյակում է նաև ծխախոտի ներմուծմամբ զբաղվող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊ ընկերությունը՝ 8-րդ հորիզոնականում: Հարկերի ծավալը կազմել է 15.2 մլրդ դրամ, որը 2019-ի համեմատ աճել է 11%-ով կամ 1.5 մլրդ դրամով:

Անմիջապես հաջորդում է կրկին ծխախոտի ներմուծմամբ զբաղվող «Ջեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ-ն՝ 14.7 մլրդ դրամի հարկերով, որը նվազել է 1.7 մլրդ դրամով կամ 10.5%-ով:

Խոշոր հարկատուների ցանկի 19-րդ տեղում է ծխախոտի ներմուծմամբ ու մեծածախ վաճառքով զբաղվող «Ավերս» ՓԲ ընկերությունը: 2020 թվականին պետական բյուջե է վճարել 7 մլրդ դրամի հարկեր՝ 534 մլն դրամով կամ 7%-ով պակաս 2019-ի ցուցանիշից:

«ԴիսթրիմԷքս» ՍՊԸ-ն, որը ևս ծխախոտ է ներմուծում, 2020 թվականի խոշոր հարկատուների ցանկում 44-րդ տեղում է: Տարվա ընթացքում վճարել է 3.6 մլրդ դրամի հարկեր, որը նվազել է 381 մլն դրամով կամ 9.5%-ով:

Խոշոր հարկատուների առաջին հարյուրյակում է նաև ծխախոտ արտադրող  «ՍՊՍ սիգարոն» ՍՊԸ-ն՝ 2.2 մլրդ դրամի հարկերով: Անկումը՝ 873 մլն դրամ կամ 28%-ով: Խոշորների ցանկում զբաղեցրել է 80-րդ տեղը:

Այսպիսով, 2020 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին հարյուրակում տեղ է գտել ծխախոտի շուկայում գործող 7 ընկերություն: Նրանց հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 112.3 մլրդ դրամ՝ 2019 թվականի համեմատ նվազելով մոտ 9 մլրդ դրամով կամ 7%-ով:

Շուկայում գործող մյուս ընկերությունները կամ չեն հայտնվել խոշոր հարկատուների ցանկում, կամ նրանց հարկերի ծավալը չի գերազանցել 1 մլրդ դրամը և չեն զբաղեցրել բարձր հորիզոնականներ:

Ծխախոտի արտադրությունը էական կշիռ ունի Հայաստանի արդյունաբերության կազմում: Վերջին 10 տարիներին այս ոլորտը դինամիկ աճել է: Սակայն 2020 թվականին բռկված համավարակը՝ ՔՈՎԻԴ-19-ը, դրա հետևանքով արդյունաբերության և արտահանման ոլորտում առաջացած խոչընդոտները և այնուհետև սեպտեմբերին Արցախում սկսված պատերազմը ազդեցին նաև ծխախոտի արտադրության վրա:

Վիճակագրական կոմիտեի ամենաթարմ տվյալներով՝ 2020 հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 137 մլրդ դրամի ծխախոտ, որը 2019 թվականի համեմատ 19.3%-ով կրճատվել է:

Ծխախոտի արտադրության տեսակարար կշիռը մշակող արդյունաբերության մեջ կազմել է 11.3%:

Հիշեցնենք, որ Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2020 թվականի ամբողջ ընթացքում պետական բյուջե են վճարել 987 մլրդ 637 մլն դրամի հարկեր: Ինչպես ցույց է տալիս Պետական եկամուտների կոմիտեի տվյալների վերլուծությունը, 2019 թվականի համեմատ խոշորների հարկերը կրճատվել են 73.5 մլրդ դրամով կամ 6.9%-ով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter