HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հեռահաղորդակցության չորս խոշոր հարկատուների վճարած հարկերը 2020 թվականին 1.6%-ով նվազել են

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններից չորսը 2020 թվականին բարձր հորիզոնականներ են զբաղեցնում խոշոր հարկատուների ցանկում: Միասին վճարել են 31.6 մլրդ դրամի հարկեր, որը 2019 թվականի համեմատ նվազել է 0.5 մլրդ դրամով կամ 1.6%-ով: 

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների (2020 հունվար-դեկտեմբեր) առաջին տասնյակում հեռահաղորդակցության ոլորտից ներառված է «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն, որը ներկայանում է «Վիվա-ՄՏՍ» ապրանքանիշով: Ընկերությունը եզրափակում է խոշոր հարկատուների առաջին տասնյակը՝ 13 մլրդ դրամի հարկերով:  2019 թվականի համեմատ այն գրեթե մեկ երրորդով աճել է: Այս աճին նպաստել է 2019 թվականի հարկերի ցածր ցուցանիշը, որն էլ իր բացատրությունն ունի։ Նախկինում ընկերությունը գերավճար է ունեցել և 2019 թվականին հաշվանցում է կատարվել։ 

2020 թվականի խոշոր հարկատուների ցանկում 12-րդ տեղում «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն է (Բիլայն): Վճարել է 8.8 մլրդ դրամի հարկեր՝ 3.4 մլրդ  դրամով կամ մոտ 28%-ով պակաս, քան 2019 թվականին: 

Ոլորտի մյուս խոշոր հարկատուն «Յուքոմ» ՍՊԸ-ն է: Ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 13-րդ տեղը՝ 8.2 մլրդ դրամի հարկերով: Անկումը՝ 714 մլն դրամ կամ 8%:

Ավելի ցածր հորիզոնականներում է հեռահաղորդակցության հաջորդ խոշոր հարկատուն՝ «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ն, որը հանդես է գալիս «Ռոստելեկոմ» ապրանքանիշով: 2020 թվականին վճարված հարկերի ծավալը կազմել է մոտ 1.6 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 454 մլն դրամով կամ 41%-ով: 

Հեռահաղորդակցության ոլորտից միայն նշված չորս ընկերություններն են խոշոր հարկատուների ցանկում բարձր հորիզոնականներ զբաղեցրել: Մնացած ընկերություններն ավելի քիչ հարկեր են վճարել, որի արդյունքում կամ չեն հայտնվել խոշոր հարկատուների ցանկում, կամ վճարել են 1 մլրդ դրամից պակաս հարկեր և զբաղեցրել են ավելի ցածր հորիզոնականներ:  

Ինչպես ծառայությունների գրեթե բոլոր ենթաոլորտները, այնպես էլ կապի շուկան և մասնավորապես հեռահաղորդակցությունը հասույթի անկում են գրանցել 2020 թվականին: Չնայած դրան՝ կապի շուկայում միտումները տարբեր են: Բջջային կապի շուկայի ծավալները շարունակվում են կրճատվել, ինտերնետինն՝ աճել: 

Վիճակագրական կոմիտեի տվյաներով՝ բջջային շուկայի հասույթը հունվար-սեպտեմբերին կազմել է մոտ 31.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ կրճատվելով 20.8%-ով:

Իսկ ինտերնետ հասանելիության ծառայություններից ստացվող հասույթը կազմել է 43.3 մլրդ դրամ՝ աճելով 10.6%-ով:

Հիշեցնենք, որ Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2020 թվականի ամբողջ ընթացքում պետական բյուջե են վճարել 987 մլրդ 637 մլն դրամի հարկեր: Ինչպես ցույց է տալիս Պետական եկամուտների կոմիտեի տվյալների վերլուծությունը, 2019 թվականի համեմատ խոշորների հարկերը կրճատվել են 73.5 մլրդ դրամով կամ 6.9%-ով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter