HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Սենսացիոն վերնագրի» ու «ոչ ճիշտ պնդումների մասին». «Հետք»-ի պատասխանը՝ media.am-ին

Հունվարի 25-ին «Հետք»-ը հոդված էր հրապարակել՝  «Հայաստանում պատվաստանյութերի 1/3 կլինի «AstraZeneca»-ն, որից 6 մարդ է մահացել, արդյունավետությունն էլ 70% է» վերնագրով, որտեղ ներկայացրել էր առաջիկայում կորոնավիրուսի՝ Հայաստան ներկրվելիք անգլիական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը։ Այն նախատեսված է պատվաստվողների 1/3-ի համար։ «Հետք»-ն ուսումնասիրել էր պատվաստանյութի կլինիկական արդյունավետությունն ու կիրառման փորձն աշխարհում՝ ներկայացնելով նաև, թե մահվան ինչ դեպքեր են գրանցվել այդ պատվաստանյութը ստանալուց հետո։ 

Media.am արձագանքեց մեր հրապարկմանը` նշելով, որ «Հետք»-ը «սենսացիոն վերնագիր» է դրել և նյութում արված «պնդումներն ամբողջությամբ ճիշտ չէին»։

«Հետք»-ը հարկ է համարում անդրադառնալ Media.am-ի դիտարկումներին։

Media .am-ը գրում է՝«Hetq.am-ը անդրադարձավ AstraZeneca-ին՝ պնդելով, թե այն առաջացրել է մահեր, իսկ արդյունավետությունը 70% է։ Այս պնդումները, սակայն, ամբողջությամբ ճիշտ չէին»։ 

«Ամբողջությամբ ճիշտ չէին» պնդումը media.am-ը փորձում է հիմնավորել այսպես.

Հղում անելով ինֆորմացիայի երկրորդային աղբյուր meduza.io-ին (պատվաստանյութի մասին հոդվածը պատրաստելիս meduza.io-ն իր հերթին, իր նախընտրությամբ տեղեկությունները հավաքում է տարբեր տեղերից)՝ media.am-ը նշում է, որ «AstraZeneca»-ն երկու ձևով է փորձաքննվել», տարբեր չափաբաժիններով և ժամանակային ինտերվալով, ինչի ժամանակ պատվաստանյութը ցույց է տվել 90% և 62% արդյունավետություն։

Մեջբերում media. am-ի հրապարակումից.

  1. Մարդուն ներարկվում է սկզբում կես չափաբաժին, իսկ մեկ ամիս անց՝ մեկ չափաբաժին պատվաստանյութ։ Արդյունավետությունը 90% է կազմում։
  2. Մարդուն ներարկվում է մեկ լրիվ չափաբաժին, այնուհետև մեկ ամիս անց՝ ևս մեկը։ Արդյունավետությունը այս դեպքում 62% է։ 

«Այսպիսով՝ 70%-ը ուղղակի այս երկու ցուցանիշների միջինն է»,- նշում է media.am-ը։

Նույնը գրել է նաև «Հետք»-ը։

Մեջբերում «AstraZeneca» պատվաստանյութի մասին «Հետք»-ի հրապարկումից.

«Այդ մասին նոյեմբերի վերջին հայտարարել էր հենց ընկերությունը՝ նշելով, որ կլինիկական փորձարկումների միջանկյալ վերլուծությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսի պատվաստանյութն ունի միջին՝ 70% արդյունավետություն. առաջին փուլում, դոզավորման այն տարբերակով, երբ կամավորները ստացել են կես դոզա, ապա մեկ ամիս անց՝ ևս մեկ դոզա, պատվաստանյութը ցույց էր տվել 90% արդյունավետություն, իսկ մյուս դոզավորման ժամանակ, երբ կամավորները ստացել են երկու լրիվ դոզա՝ առնվազն մեկ ամսվա տարբերությամբ, պատվաստանյութը ցույց է տվել 62% արդյունավետություն։ AstraZeneca-ն նշում է, սակայն, որ այս տվյալները դեռևս վերջնական չեն»։

Ինչպե՞ս է media.am-ի նյութի հեղինակը այս երկու՝ նույն իմաստն արտահայտող, բայց տարբեր կերպ շարադրված պարբերություններից ենթադրել, թե «Հետք»-ի «պնդումներն ամբողջությամբ ճիշտ չէին», հասկանալի չէ։ «Հետք»-ի հոդվածին անծանոթ ընթերցողի մոտ պատկերացում կարող է ձևավորել, որ «Հետք»-ն իր հրապարակման մեջ սխալ պնդումներ է արել, ինչը լրագրողական էթիկայի տեսանկյունից ճիշտ չէ, քանի որ ասվածը չի հիմնավորվում։

Ապա հեղինակը նշում է, որ «70% արդյունավետությունը նաև չի նշանակում, թե կա 30% հավանականություն, որ դուք կվարակվեք պատվաստումից հետո։ Իրականում այս թիվը ցույց է տալիս՝ հնարավոր վարակվողների քանի տոկոսին կպաշտպանի պատվաստանյութը»։ 

Նախ՝ առաջին մասին հակասող որևէ պնդում «Հետք»-ի հոդվածում չկա. սակայն  հեղինակի երկրորդ պնդումը ճիշտ չէ, քանի որ բժշկական տերմինաբանությամբ արդյունավետության տոկոսն ինքնին չի նշանակում, որ «100%-X%արդյունավետության» տարբերությունը հավանականության այն տոկոսն է, որ դեղը չի ազդի, կամ մարդը կվարակվի, կամ վարակվածների այդքան տոկոսին չի պաշտպանի։ Քանի որ այս թիվը ցույց չի տալիս, թե հնարավոր վարակվողների քանի տոկոսին կպաշտպանի պատվաստանյութը, այս թիվը ցույց է տալիս պատվաստանյութ ստացած յուրաքանչյուր մարդու մոտ սպասված դրական ազդեցության հավանականության չափը, որը ևս, ինքնին, վերջնական թիվ չէ և պայմանավորված է յուրաքանչյուր մարդու օրգանիզմի անհատական արձագանքից. կարող է լինել նշվածից և’ ավելի, և’ պակաս։

Այսինքն, եթե սպասվելիք դրական ազդեցությունը 70% է, դա ինքնին չի կարող չոր հաշվարկի ենթարկվել՝ եզրակացնելու, որ 30% վարակման հավանականություն կա, կամ 70% արդյունավետությունը վկայում է, որ այդքան տոկոս վարակվողները կպաշտպանվեն կորոնավիրուսից։

Դա նշանակում է, որ պատվաստվածների վրա սպասվելիք դրական ազդեցությունն արտադրողի գնահատմամամբ և հաստատված կլինիկական փորձաքննություններով այդքան տոկոս է կազմում։

Փորձելով ցույց տալ, թե «Հետք»-ն արել է «ոչ ամբողջությամբ ճիշտ պնդումներ», media.am-ը նախ նույնիմաստ միտք է շարադրում, ապա իր հերթին անում «ոչ ամբողջությամբ ճիշտ պնդում», ինչը հասկանալու համար բավական է աչքի անցկացնել, օրինակ, «Դեղերի մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ արդյունավետությունը դեղի սպասվելիք դրական ազդեցության դրսևորման աստիճանի բնութագիրն է, որը որոշվում է կլինիկական փորձաքննությունների արդյունքում։

«AstraZeneca» պատվաստանյութի արդյունավետության տոկոսի չափը հիշատակելիս «Հետք»-ը հղում է արել ընկերության կլինիկական փորձարկումներին, որոնց մասին հայտնել է հենց ընկերությունը՝ միջինում 70% արդյունավետություն («in an average efficacy of 70%», մեջբերում՝ արտադրողի օրիգինալ հրապարակումից)։  

Media.am-ի հոդվածի հեղինակն արդյունավետության վերաբերյալ «Հետք»-ի «պնդումների ոչ ամբողջությամբ ճիշտ լինելն» ապացուցելու համար հղում է անում meduza.io կայքին, որը, ինչպես վերը նշվեց, ինֆորմացիայի երկրորդային աղբյուր է։ Եթե խոսքը փաստերի ստուգման մասին է, ապա ճիշտ կլինի հղում տալ սկզբնաղբյուրներին, այլապես պետք է քննարկել աղբյուրների ընտրության հարցը։ Օրինակ՝ նույն հոդվածում media.am-ի հեղինակը, խոսելով «պատվաստանյութերից հանդիպող ալերգիկ ռեակցիաների» մասին, հղում է անում  meduza.io-ին («Двум медработникам с Аляски стало плохо после введения вакцины Pfizer»), որն իր հերթին արտատպել է The New York Times-ի ՝ «2 Alaska Health Workers Got Emergency Treatment After Receiving Pfizer’s Vaccine» (Ալյասկայի երկու բուժաշխատողներ շտապ բուժօգնություն են ստացել Pfizer-ի պատվաստանյութ ստանալուց հետո) բնօրինակ հոդվածը։ 

Բնօրինակում Pfizer-ի մամուլի խոսնակ Ջերիկա Փիթսն ասում է, որ «կազմակերպությունը դեռ չի տիրապետում Ալյասկայում տեղի ունեցած դեպքի մասնրամասներին» և «ուշադիր հետևելու է ալերգիկ ռեակցիաների մասին բոլոր հաղորդագրություններին», այսինքն՝ պատվաստանյութի և ալերգիկ ռեակիցայի ուղիղ կապը 100%-ով ապացուցված չէ։ Սակայն meduza.io-ի վերնագիրը media.am-ի լրագրողի համար ընդունելի է, քանի որ հեղինակն այդ արտատպած նյութին հղում է տալիս՝ արդեն որպես ապացուցված փաստ ընդունելով բուժաշխատողների ինքնազգացողության վատացման և պատվաստանյութի միջև կապը, մինչդեռ «Հետք»-ի հոդվածի վերնագիրը բնորոշում է «սենսացիոն՝ իրականությունը ոչ լրիվ արտացոլող»։

Հիմա ավելի մանրամասն «սենսացիոն վերնագրի» մասին, այն է՝ Հայաստանում պատվաստանյութերի 1/3 կլինի «AstraZeneca»-ն, որից 6 մարդ է մահացել, արդյունավետությունն էլ 70% է»։

Նախ խոսենք բուն հոդվածի պնդումների մասին. թվարկված 6 մահերի դեպքում պատշաճ հղումներ են տրված թե՛ հնդկական, թե՛ միջազգային մամուլին։ Հոդվածում մահերի նկարագրությանը զուգահեռ ներկայացված է նաև «երկրորդ կողմը»՝ պաշտոնականը։ Մասնավորապես (մեջբերումներ «Հետք»-ի հրապարակումից՝ ըստ դեպքերի)`  

  • գլխավոր բժիշկը հայտարարեց, որ մահը պատվաստանյութի հետ կապ չունի,
  • Հնդկաստանի իշխանությունները չեն հաստատում պատվաստանյութի հետ մահվան կապը,
  • Հնդկաստանի առողջապահության պատասխանատուները հայտնեցին, որ մահը վրա է հասել բարդությունների, ոչ թե պատվաստանյութի պատճառով,
  • Հիվանդանոցից հայտնել են, որ մահվան պատճառը դեռևս հայտնի չէ, քանի որ «դիահերձում չի կատարվել»,
  • Հնդկաստանի իշխանությունը նորից պնդում է, որ չկա «ուղիղ կապ» պատվաստանյութի և մահվան միջև։

Հոդվածում ներկայացված մահերի դեպքում նշվում էր, որ մահը վրա է հասել պատվաստանյութ ստանալուց մոտ 24-48 ժամ հետո. պաստվաստվածներն ունեցել են միանման բողոքներ՝ սրտի շրջանից։ Դեպքերի ուսումնասիրությունն ու նման ախտանիշները թույլ են տվել ենթադրել պատվաստանյութի և մահերի միջև հնարավոր կապի մասին։ Բայց այն, ինչ խոսք, դեռ հաստատված չէ։ Ընդունում ենք, որ վերնագրում պատվաստանյութի և մահերի միջև կապի պնդումը հաստատական երանգ է ստացել, ինչը, այո, կարող է սխալ պատկերացում ստեղծել ամբողջական հոդվածը չկարդացած մարդու մոտ, սակայն բուն հրապարակման մեջ, ինչպես վերը նշվեց, մահերի բոլոր վարկածները ներկայացվել են, այդ թվում՝ պաշտոնական կողմի պատասխանները։

«Հետքն» ընթերցողին մոլորեցնելու նպատակ չի ունեցել, բայցև պատրաստ է խմբագրել վերնագիրն ու ներողություն խնդրել բոլոր այն ընթերցողներից, որոնք վերնագրից կամ միայն վերնագիրը կարդալով մոլորության մեջ են ընկել։ 

Հասարակությունը, անկախ պատվաստանյութերի վերաբերյալ եղած տարբեր տեսակետներից և մոտեցումներից, ունի իրազեկված լինելու, իր առողջությանը վերաբերող հարցերին տեղեկանալու իրավունք։ Հոդվածի նպատակը եղել է իրազեկելը, ոչ թե մոլորեցնելը, հարց բարձրացնելը, ոչ թե սենսացիաներ փնտրելը, ինչը հաստատում ենք այս պարզաբանմամբ։ Հրապարակման մեջ չկա հեղինակի անձնական կարծիքը պատվաստանյութերի մասին. ներկայացված են փաստեր, նշված են դրանց աղբյուրները։

Լրատվամիջոցը, տեղեկացնելուց բացի, կապող օղակ է հասարակության և պետական կառույցների միջև եւ պետք է վերահսկի պետության գործողությունները, հատկապես, երբ հարցը վերաբերում է հանրային առողջությանը։

Տես նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter