HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հայաստանում պատվաստանյութերի 1/3 կլինի «AstraZeneca»-ն, որի արդյունավետությունը 70% է (փոփոխված)

Հունվարի 20-ին «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ում կայացել է «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» նիստ, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի դեմ առաջիկայում կատարվելիք պատվաստումների մասին հարցեր ու ռիսկի խմբերի առաջնահերթությունները։ Նիստի ժամանակ հայտարարվել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումների առաջին փուլում պատվաստվելու են՝

  • տարեցների խնամքի կենտրոններում բնակվողներն ու աշխատակիցները,
  • բուժաշխատողները
  • խնամքի կենտրոնների աշխատակիցները
  • 65 տարեկան և բարձր տարիքի անձինք
  • 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները

Երկրորդ փուլում կպատվաստվեն՝

  • դասախոսները, ուսուցիչները
  • Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները,
  • զինծառայողները
  • արդարադատության ոլորտի աշխատակիցները
  • հանրային տրանսպորտի աշխատակիցները
  • պետական ծառայողները:

Հայաստանում պատվաստանյութ ձեռք է բերվելու բնակչության միայն 10%-ի համար։ ԱՆ-ն որոշում է կայացրել առաջին փուլում գնել անգլիական «AstraZeneca» ընկերության արտադրանքը բնակչության 3 %-ի համար՝ հաշվի առնելով, որ այն հնարավորինս հասանելի է (կմատակարարվի մինչև 2021 թվականի մարտ) և գնային առումով մատչելի է` մինչև 4 ԱՄՆ դոլար մեկ դեղաչափը (համեմատության համար՝ ամերիկյան Pfizer-ի մեկ դեղաչափն արժե 20 ԱՄՆ դոլար, Moderna-ն՝ 10-50 ԱՄՆ դոլար, ռուսական «Спутник V»-ն՝ մինչև 10 ԱՄՆ դոլար)։

Այսպիսով, Հայաստանում կիրառվող պատվաստանյութերի 1/3 լինելու է անգլիական «AstraZeneca»-ն, թեև տարեցների շրջանում դրա կիրառման արդյունավետության վերաբերյալ տվյալները սահմանափակ են։ «Հետք»-ն ուսումնասիրել է պատվաստանյութի կլինիկական արդյունավետությունն ու կիրառման փորձն աշխարհում, ինչպես նաև՝ ներկայացրել, թե այդ պատվաստանյութից մահվան քանի դեպք է արձանագրվել մինչ օրս, և ինչ ախտանշաններ են ունեցել մահացածները։

 

70% արդյուավետություն և մահեր՝ «AstraZeneca»-ի պատվաստանյութից

Անգլիական «AstraZeneca» ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը մշակվել է Օքսֆորդի համալսարանի հետ, կլինիկական առաջին փորձարկումների ժամանակ ցույց է տվել համեմատաբար ցածր արդյունավետություն։

Այդ մասին նոյեմբերի վերջին հայտարարել էր հենց ընկերությունը՝ նշելով, որ կլինիկական փորձարկումների միջանկյալ վերլուծությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսի պատվաստանյութն ունի միջին՝ 70% արդյունավետություն. առաջին փուլում, դոզավորման այն տարբերակով, երբ կամավորները ստացել են կես դոզա, ապա մեկ ամիս անց՝ ևս մեկ դոզա, պատվաստանյութը ցույց էր տվել 90% արդյունավետություն, իսկ մյուս դոզավորման ժամանակ, երբ կամավորները ստացել են երկու լրիվ դոզա՝ առնվազն մեկ ամսվա տարբերությամբ, պատվաստանյութը ցույց է տվել 62% արդյունավետություն։ AstraZeneca-ն նշում է, սակայն, որ այս տվյալները դեռևս վերջնական չեն։

Միևնույն ժամանակ «մրցակիցներից»՝ Pfizer-ը, Moderna-ն և «Спутник V»-ն, հայտնում են, որ իրենց պատվաստանյութերի արդյունավետությունը 90%-ից բարձր է։

Դեռևս 2020թ. սեպտեմբեր ամսին AstraZeneca-ն դադարեցրել էր պատվաստանյութի փորձարկումներըքանի որ այդ ժամանակ մասնակիցներից մեկի մոտ դրանից ողնուղեղի բորբոքում էր սկսվել։

Դրանից հետո՝ հոկտեմբերի 21-ին, հայտնի դարձավ, որ Բրազիլիայում մահացել է «AstraZeneca» պատվաստանյութի կլինիկական փորձարկմանը մասնակցած 28-ամյա երիտասարդ կամավոր. մահը վրա էր հասել կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից։ Հաջորդ օրն արդեն բրիտանական «AstraZeneca» ընկերության բաժնետոմսերի արժեքը 2,7 %-ով նվազել էր։

Սակայն այս դեպքերը չխոչընդոտեցին պատվաստանյութի հետագա արտադրությանն ու վաճառքին։ Մեծ Բրիտանիան առաջին երկիրն էր, որ արտոնեց իր սեփական երկրի «AstraZeneca» պատվաստանյութի կիրառումը։

Չնայած այլ կարգավորող մարմիններն ավելի զգուշավոր մոտեցում էին ցուցաբերում, բայց Բրիտանիայի առողջապահության նախարարության Դեղերի և առողջապահական արտադրանքի կարգավորման գործակալությունը (The Medicines and Healthcare products Regulatory Agency, MHRA) դեկտեմբերի վերջին անսպասելիորեն հայտարարեց, որ, ի տարբերություն արտադրողի, «գտել է պատվաստանյութի կիրառման այն դեղաչափերն ու ներարկման ժամանակահատվածը, երբ պատվաստանյութը դրսևորում է 80% արդյունավետություն, այն է՝ երկու լրիվ դեղաչափերի ընդունում՝ երեք ամիս տարբերությամբ։

Այս ամենով հանդերձ՝ Բրիտանիայի կառավարությունը հայտնեց, որ բնակչության տարբեր խմբերին հատուկ որևէ պատվատանյութ խորհուրդ չի տալու, քանի որ տարեցների շրջանում «AstraZeneca»-ի կիրառման արդյունավետության վերաբերյալ տվյալները սահմանափակ են։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ իր հերթին հայտարարեց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռքբերման քաղաքականության շրջանակներում աշխարհի տարբեր երկրներին մինչև 2021թ. մարտ 150 մլն դեղաչափ «AstraZeneca» է մատակարարվելու։

Վերջերս՝ հունվարի 16-ին, Հնդկաստանում մեկնարկեց կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին փուլը, երբ պատվաստեցին ռիսկային խումբ համարվող բուժաշխատողներին։

Արդեն հունվարի 18-ին Հնդկաստանի Մորադաբադ քաղաքում պատվաստվելուց հետո մահացավ 46-ամյա բուժաշխատող. երկու օր առաջ՝ հունվարի 16-ին, նա պատվաստվել էր SII AstraZeneca-ի COVISHIELD պատվաստանյութով.

SII AstraZeneca -կորոնավիրուսի դեմ Հնդկաստանի Շիճուկային ինստիտուտի (Serum Institute of India, SII) կողմից մատակարարվող AstraZeneca-ի պատվաստանյութն է՝ COVISHIELD (Կովիշիլդ ) ապրանքանիշով։

COVISHIELD-ը AstraZeneca պատվաստանյութի տեղական անվանումն է Հնդկաստանում։ Այն մատակարարվում է Հնդկաստան, Բանգլադեշ, Բրազիլիա և այլ՝ ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներ։

Հնդկաստանում է արտադրվում աշխարհում կիրառվող բոլոր պատվաստանյութերի 60%-ը:  

Չնայած որ հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտարարեց, որ մահը պատվաստանյութի հետ կապ չունի, քանի որ այդ բուժաշխատողը այն ստանալուց հետո գիշերային հերթապահություն է իրականացրել ու խնդիրներ չի ունեցել, սակայն վերջինս պատվաստումը ստանալու հաջորդ օրը բողոքներ է ունեցել սրտի շրջանում։ Մասնավորապես, նա նշել է, որ դժվարանում է շնչել և սեղմումներ է զգում կրծքավանդակի հատվածում:

Հունվարի 20-ին Հնդկաստանում ևս մեկ 58-ամյա բուժաշխատող է մահացել COVID-19 պատվաստանյութ ստանալուց մի քանի օր հետո։ Այս դեպքում ևս, Հնդկաստանի իշխանությունները չեն հաստատում պատվաստանյութի հետ մահվան կապը՝ նշելով, որ այն վրա է հասել սրտի կաթվածից։

Դրանից օրեր առաջ Հնդկաստանում մահացել էր 43-ամյա կամավոր, որը դարձյալ ստացել էր «COVISHIELD» պատվաստանյութը և մահացել դրանից մեկ օր անց: Այս դեպքում ևս, Հնդկաստանի առողջապահության պատասխանատուները հայտնեցին, որ մահը վրա է հասել բարդությունների, ոչ թե պատվաստանյութի պատճառով: Նշվում է, որ այդ մարդը ևս պատվաստվելուց հետո բողոքել է ծանր շնչառություններից ու սրտի շրջանում սեղմվածությունից։

Հունվարի 22-ին Հնդկաստանի Գուրգաոն քաղաքում մահացել է ևս մեկ՝ 56-ամյա բուժաշխատող, որը դարձյալ ստացել է կորոնավիրուսի դեմ կիրառվող պատվաստանյութ՝ COVISHIELD։ Հիվանդանոցից հայտնել են, որ մահվան պատճառը դեռևս հայտնի չէ, քանի որ «դիահերձում չի կատարվել»։

Նույն քաղաքում նույն օրը մահացել էր մեկ այլ՝ 55-ամյա կին բուժաշխատող, որը պատվաստվել էր COVISHIELD պատվաստանյութով՝ օրեր առաջ՝ հունվարի 16-ին։ Կնոջ հարազատներն ասում են, որ նա հանկարծամահ է եղել պատվաստվելուց օրեր անց, սակայն Հնդկաստանի իշխանությունը նորից պնդում է, որ չկա «ուղիղ կապ» պատվաստանյութի և մահվան միջև։

Այս բոլոր դեպքերում մահը վրա է հասել պատվաստանյութ ստանալուց մոտ 24-48 ժամ հետո. բուժառուները բողոքներ են ունեցել սրտի շրջանում։

Թեև «AstraZeneca»-ի COVID-19 պատվաստանյութն արդեն արտոնված է Մեծ Բրիտանիայում արտակարգ իրավիճակներում կիրառելու համար, ԱՀԿ-ն էլ արդեն հայտարարել է նախնական 150 մլն դեղաչափ մատակարարումների մասին՝ Եվրամիության երկրներում այն դեռ չի ստացել կիրառության պաշտոնական արտոնություն։ Նշվում է, որ եվրոպական իշխանությունները փետրվարի սկզբին, հնարավոր է, տրամադրեն արտոնության հավաստագիրը։

*Հոդվածի վերնագիրը փոփոխված է, նախնական վերնագիրը եղել ՝ «Հայաստանում պատվաստանյութերի 1/3 կլինի «AstraZeneca»-ն, որից 6 մարդ է մահացել, արդյունավետությունն էլ 70% է»։

«Հետք»-ը ներողություն է խնդրում ընթերցողներից հնարավոր տարընթերցման և շնորհակալություն հայտնում media.am-ին՝ թեմային անդրադառնալու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter