
«30 տարվա ընթացքում գիտության քաղաքականությունը բերել է դրա վերացմանը». «Ռոբոմարտ» ընկերության համահիմնադիր
«2025թ.-ին Հայաստանում գիտություն գրեթե չի մնալու, սա դառնում է ակնհայտ, երբ ծանոթանում ես վիճակագրությանը», - «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Ռոբոմարտ» ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը։
Պարզաբանեց, որ գիտությամբ զբաղվողների 40%-ը կենսաթոշակային տարիքի անձինք են։ Շահվերդյանի խոսքով՝ Հայաստանում չկա կառավարման համակարգերով զբաղվող առաջադեմ գիտական խումբ, որի հետ ավտոմատ համակարգեր՝ ԱԹՍ-ներ նախագծող ընկերությունները կարող են համագործակցել։ Նրա խոսքով՝ շատերը չեն հասկանամ, թե որն է գիտնականի առաքելությունը. «Գիտնականի առաքելությունը նոր գիտելիք ստեղծելն է, իսկ գիտական քաղաքականության մշակողն ու իրականացնողը պետությունն է։ 30 տարվա ընթացքում մեր պետության գիտության քաղաքականությունը բերել է դրա վերացմանը։ Այն ինչ հզոր գիտությունը անփոխարինելի ենթակառուցվածք է երկրի անվտանգության եւ զարգացման համար», - նշեց Տիգրան Շահվերդյանը՝ հավելելով, որ միայն գործող գիտնականը կարող է ապագա սերունդներին տալ բարձրագույն կրթություն։
Տիգրան Շահվերդյանի խոսքով՝ վերջին տարիների ընթացքում գիտնականների քանակը 7 անգամ նվազել է, իսկ գիտության զարգացման ծրագրերը եղել են, բայց ներդրումներ չեն արվում։ Առաջարկում է հարկերի ճիշտ վերաբաշխմամբ վերածնել հզոր գիտություն։ «Մենք այլեւս ժամանակ չունենք։ Գիտության առաջնահերթությունը պետք է մեզ համար կանոն դառնա եւ ֆիքսվի օրենքում», - նշեց վերջինս։ Հավելեց, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի մի շարք գործարարների հետ առաջարկում են գիտական եւ գիտատեխնիկական գործունեության համար պետական հատկացումները աճեցնելով՝ 2024 թ.-ին հասցնել 4%-ի, այսինքն ՀՆԱ-ի 1%-ի։
Մեկնաբանել