
Հուլուսի Աքար. «Հուսանք՝ Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կհաստատվի»
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երկուշաբթի՝ փետրվարի 1-ին, տեսակապով զրույց է ունեցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման վերահսկողության ռուս-թուրքական միացյալ մոնիթորինգային կենտրոնի թուրքական կոնտինգենտի հրամանատարության հետ։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Մոնիթորինգային կենտրոնում թուրքական անձնակազմի հրամանատարն Աքարին զեկուցել է կենտրոնի գործունեության մասին, ինչպես նաև ստացել հանձնարարականներ։ Մեկնաբանելով հրադադարի պահպանման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեությունը՝ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանը։ «Հուսանք, որ համատեղ կենտրոնի շնորհիվ հրադադարի ռեժիմը կունենա երկարաժամկետ բնույթ, իսկ տարածաշրջանում կապահովվի կայունություն և խաղաղություն»,- հավելել է Աքարը։
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական համատեղ կենտրոնը սկսել է գործել 2021 թվականի հունվարի 30-ից։ Կենտրոնի ստեղծման մասին հուշագիրը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին՝ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի բանակցությունների արդյունքում։ Նոյեմբերի 17-ին էլ Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել նախագահի հրամանի նախագծին, որով նախատեսվում էր թուրքական ստորաբաժանումներ ուղարկել Ադրբեջան։ Թուրք զինծառայողների հերթափոխը նախատեսված է ամեն տարի։
Լուսանկարը՝ internethaber.com-ից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել