
Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանն ազատ է արձակվել
Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը 2020-ի տերավերջին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ է արձակվել կալանքից։ Այս մասին տեղեկությունը հաստատեցին Վերաքննիչ դատարանից։
Հիշեցնենք, Գևորգ Նարինյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ։ Նույն գործով անցնում է նաև դատավոր Արա Կուբանյանը։ Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Գևորգ Նարինյանը կալանավորվել է 2020 թվականի հուլիսի 20-ին, իսկ Արա Կուբանյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է։
Հետագայում Գևորգ Նարինյանի կալանավորման ժամկետը երկարացվել է։ Կալանքի ժամկետի երկարացման դեմ բողոքի քննությամբ Վերաքննիչ դատարանը բավարարել է նրա պաշտպանների բողոքն ու Նարինյանին ազատ արձակելու որոշում կայացրել։
Նշենք, որ դատավորների մեղադրանքը կապված է նրանց՝ սնանկության դատարանի դատավորի գործունեության հետ։ Նրանք իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
Ազգային անվտանգության ծառայությունը 2020 -ի հուլիսի 21-ին հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ դատավորներին առնչվող գործով տուժող, սնանկ ճանաչված քաղաքացին Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ է կատարել՝ դժգոհելով սնանկության վարույթի ընթացքում թույլ տրված չարաշահումներից և դրա արդյունքում ունեզրկման փաստից։
Մեկնաբանել