HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Հադրութի շրջանի 15 քաղաքացիական բնակիչ համարվում է անհետ կորած

Հադրութի շրջանի 30 համայնքից 40-ից ավելի բնակիչ համարվում է անհետ կորած։ Նրանից 15-ը քաղաքացիական անձինք են։ Այս մասին մեզ հայտնեցին Արցախի տեղեկատվական շտաբից։

Նոյեմբերի 13-ից մինչ օրս իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում, նախնական տվյալներով, հայտնաբերվել է քաղաքացիական անձի 15 աճյուն։ Ընդհանուր՝ 1355, Հադրութի շրջանից մինչ օրս հայտնաբերվել է 3 քաղաքացիական անձի աճյուն։

«Հետքը» գրել էր, որ հունվարի 21-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Հադրութի շրջանի Ազոխ և Դրախտիկ գյուղերից հայտնաբերվել են քաղաքացիական անձանց աճյուններ։

Դրախտիկ գյուղից գտել են Մարինե Հայրապետյանի մարմինը։ Ազոխ գյուղից Սեժիկ Ասրյանի և Յուրի Առուշանյանի մարմինները։ Հարազատները ճանաչել են նրանց։

Դրախտիկ գյուղի ղեկավար Վիտալի Միրզոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միակ մարդը, որ մնացել էր գյուղում, Մարինե Հայրապետյանն էր։ Միրզոյանը ևս մասնակցել է պատերազմին ու վիրավորվել։ Հոկտեմբերի 20-ին վիրավորվել է, հետո իմացել, որ արդեն գյուղն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Միրզոյանը ներքին օրգանների վնասվածքներ, ձեռքի բեկորային վնասվածք է ստացել։

Մարինե Հայրապետյանի հարազատները մեզ հետ զրույցում պատմել են, որ Դրախտիկից դուրս են եկել հոկտեմբերի 13-ին, չմտածելով, որ էլ հետո չեն վերադառնա։ Մարինեին իրենց հետ չեն տարել։ Մարինեն Դրախտիկում ապրում էր ծնողների՝ Հայրապետյան Մարուսյայի և Միխայելի, քրոջ՝ Սուսաննայի ու նրա տղայի՝ Գեղամի հետ։

Սուսաննայի որդին մասնակցել է պատերազմին ու վիրավորվել, ընտանիքի մյուս անդամները եկել են Երևան՝ իրենց խոսքով՝ վիրավոր զինվորին այցելության։ Գեղամին տեղափոխել էին Էրեբունի բժշկական կենտրոն։

Հոկտեմբերի 21-ին իմացել են, որ գյուղը հանձնվել է։ Մարինեն մնացել է գյուղում։

Մարինեի ընտանիքն այժմ բնակվում է Ստեփանակերտում։ Միխայել Հայրապետյանը՝ Մարինեի հայրը, մեզ հետ զրույցում նշեց, որ բացի Մարինեից տեղեկություն չունեն նաև իրենց մյուս աղջկա՝ Անահիտ Մովսիսյանի մասին, որը բնակվում էր Ստեփանակերտում։ Պատերազմի ընթացքում իմացել են, որ Անահիտը վիրավորվել է, տեղափոխվել Ստեփանակերտի բժշկական կենտրոններից մեկը, բայց հիմա նրան գտնել չի հաջողվում։

Ազոխ գյուղում նույն օրվա՝ հունվարի 21-ի որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Սերժիկ Ավագյանի և Յուրի Ասրյանի աճյունները։

Հադրութի շրջանի Ազոխ գյուղը թշնամուն հանձնվել է հոկտեմբերի 22-ին։ 80-ամյա Յուրի Ասրյանը Ազոխ գյուղում ապրում էր քրոջ՝ 82-ամյա Մարիա Ասրյանի հետ։ Վերջինս ասում է, որ եղբայրը գյուղից դուրս գալ չի ցանկացել։ Հոկտեմբերի 16-ին Մարիա Ասրյանը որոշել է լքել գյուղը, եղբորն էլ առաջարկել է դուրս գալ իր հետ, բայց նա չի համաձայնել։

«Ասեցի՝ վեր կաց, գնանք, ասեց՝ չեմ գալիս, դու գնում ես, գնա, ես էս գյուղից դուրս եկողը չեմ»,- պատմում է Մարիան։ Քույրն ասում է, որ եղբոր հետ անգամ վիճել են, Մարիան տեսել է, որ վիճակը վատ է, բայց չէր պատկերացնում, որ կարող է թշնամին գրավել Ազոխը, նրա խոսքով՝ հենց դա էր պատճառը, որ առանց եղբոր դուրս է եկել գյուղից։ Նա հիմա բնակվում է Մասիսի շրջանի Սիս գյուղում՝ եղբոր տան նկուղային սենյակում։

Սերժիկ Ավագյանի կինն ու երեխաները այժմ բնակվում են Գյումրիում։ Սերժիկը Ազոխում հովվություն էր անում։ Դա ընտանիքի միակ ապրուստի միջոցն էր։

Սերժիկի եղբոր աղջիկը՝ Սյունե Ավագյանը, Հայաստանում զբաղվել է ընտանիքին տեղավորելով։ Սերժիկը կնոջն ու երեխաներին հոկտեմբերի 15-ին ուղարկել է Հայաստան, ինքը՝ մնացել գյուղում։ Ընտանիքը սկզբում տեղավորվել է Վանաձորի թիվ 1 գիշերօթիկում, որից հետո Սյունեն գնացել ու նրանց տարել է Գյումրի։ Ընտանիքն այս պահին չունի հիմնական կացարան։

Սյունեի պատմելով՝ Սերժիկը չի հասցրել դուրս գալ գյուղից։ «Գյուղից ինչ-որ մեկը պետք է նրա հետևից գար, հաներ նրան, թշնամին արդեն գյուղ էր հասնում, բայց հորեղբայրս դուրս գալ չի հասցրել, ասում են, ադրբեջանցիները գյուղի ճանապարհը փակել են»,- ասում է Սյունեն։ Պատերազմում զոհվել է նաև Սերժիկի մյուս եղբայրը՝ Ավագյան Գագիկը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter