
«Ընդամենը ասֆալտին փռելու օպերացիա են իրականացրել»․ Արտյոմ Հարությունովի պաշտպանը ճառ ասաց
«Արտյոմ Կանևսկոյ» անունով հայտնի Արտյոմ Հարությունովի պաշտպան Հովսեփ Սարգսյանը համարում է, որ նա պետք է արդարացվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր Հովսեփ Սարգսյանը պատպանական ճառ ասաց՝ խնդրելով Հարությունովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել։
«Ընդամենը ասֆալտին փռելու օպերացիա են իրականացրել, հանձնարարական են ստացել։ Արտյոմ Հարությունովի անձո՞վ է պայմանավորված, չե՞ք ուզում Արտյոմ Հարությունովն ապրի, չե՞ք ուզում շնչի էս մարդը, որևէ մեկին որևէ վնաս տվե՞լ է»,-հայտարարեց Հովսեփ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Հարությունովը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ «Արտյոմ Հարությունովն իր կողմից օգտագործվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել է մեկ այլ անձի` Մյասնիկ Մատինյանի անվամբ հաշվառված, կրակոցներ կատարելու համար պիտանի, ակոսափող հրազեն հանդիսացող որսորդական ինքնալից կարաբին՝ պահեստատուփով լիցքավորված, ինչպես նաև կրակելու համար պիտանի, որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող թվով 30 հատ գործարանային արտադրության փամփուշտ ու մեկ հատ պահեստատուփ՝ լիցքավորված՝ կրակելու համար պիտանի, որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող թվով 20 հատ գործարանային արտադրության փամփուշտներով, որոնք էլ 2019 հունվարի 12-ին հայտնաբերվել են Արտյոմ Հարությունովի՝ նշված ավտոմեքենայի զննությամբ»։
Հովսեփ Սարգսյանը նկատեց, որ 2019-ին Հարությունովը միակ անձը չէ, ում ցուցադրաբար բերման էին ենթարկում։
«Հասկանում եմ՝ այդ ժամանակ ինչ էր կատարվում ամբողջ հանրապետությունում, ի՞նչ անեմ, հանե՞մ տեսագրությունները, որ երևա, որ տարբեր մարդկանց փռում էին ասֆալտներին, նկարում էին, սերիալի նման ցույց էին տալիս: Ընդամենը ինչ եմ խնդրում դատարանից՝ զերծ մնացեք ասֆալտին փռելու, պատերին ծեփելու հոգեբանությունից: Այս հոգեբանությունն ուղղակի վտանգ է Հայաստանի արդարադատությանը։ Ես քաղաքական ելույթ չեմ ունենում, բայց սա է իրականությունը»,- ասաց Հովսեփ Սարգսյանը։
Նշենք, որ մեղադրողը Հարությունովի համար 1.5 տարի ազատազրկում է պահանջել, որը առաջացրել է Հարությունովի վրդովմունքը։ Սարգսյանն ասաց, որ Հարությունովն իրեն խնդրել է ճառ չպատրաստել, որովհետև եթե որոշել են իրեն դատել, ապա դա կանեն։
«Մարդը հարգանք ունի պետության պետական ինստիտուտների նկատմամբ, ասում ա՝ եթե դատախազն ասել ա, ուրեմն դատարանը տալու ա, մարդը այդպես է պատկերացնում: Ճիշտ ա՝ ինքը պաշտպանվում ա, իր իրավունքները պաշտպանում ա, բայց տեսեք՝ ոնց ա մտածում»,- ասաց Հովսեփ Սարգսյանը։
Վերջինս դիրքորոշում հայտնեց, որ դատաքննությամբ Արտյոմ Հարությունովի մեղադրանքը չի հաստատվել և խնդրեց ճանաչել և հռչակել իր պաշտպանյալի անմեղությունը։
Արտյոմ Հարությունովը կարճ խոսեց, ասաց, որ իր նկատմամբ ի սկզբանե կանխակալ վերաբերմունք է եղել:
«Ես գիտեմ, որ ես ոչ մի հանցագործություն չեմ արել, ոչ մի վատ բան չեմ արել»,- ասաց Հարությունովը։
Այսօր կողմերը նաև ռեպլիկով հանդես եկան, հաջորդ դատական նիստին, որը նշանակված է մարտի 4-ին, վերջին խոսքով հանդես կգա Հարությունովը, որից հետո արդեն դատարանը պետք է հեռանա խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։ Նշենք, որ այս գործով արգելված է տեսանկարահանումը։
Հովսեփ Սարգսյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել