HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը

Խորհրդարանի հերթական նիստում քննարկվում է Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանի ընտրության հարցը: Վերջինիս թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը: Թադևոսյանը 2018 թվականից զբաղեցնում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը: Թադևոսյանն իր ելույթում ընդգծեց` առանց դատավորների անկախության, խոսք չի կարող լինել արդար դատաքննության մասին:

«Դատական համակարգի գործունեությունը չի կարող ապահովել արդյունավետություն գերծանրաբեռնված աշխատանքի պայմաններում, որը մարդու իրավունքների տեսանկյունից չի արդարացնում վարույթի անհարկի ձգձգումը: Դատավորի անկախությունը ապահովելու և դատական համակարգը լավագույն մասնագետներով համալրելու համար անհրաժեշտ նախապայման է աշխատանքի պատշաճ գնահատականն ու սոցիալական բավարար երաշխիքների սահմանումը»,- ասաց նա:

Թադևոսյանը շեշտեց` պետական պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել դատավորի կամ դատարանի անկախությունը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե ըստ թեկնածուի նորմա՞լ է այն երևույթը, երբ ԱԺ նախագահի հանդեպ մահափորձ կատարող անձը չի կալանավորվում:

Թադևոսյանն արձագանքեց` որպես իրավաբան հակված է խոսել փաստերով, չի կարող կարծիք հայտնել որևէ գործի վերաբերյալ, հակառակ պարագայում կկաշկանդվի, եթե նույն հարցը բարձրացվի Վճռաբեկ դատարանում:

«Ես ձեռնպահ կմնամ որևէ դիրքորոշում արտահայտելուց, կարտահայտեմ միայն դատական ակտի շրջանակում, որի կայացմանը պետք է մասնակցեմ, եթե կլինի համապատասխան վճռաբեկ բողոք»,- ասաց նա:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց վերացարկվել Հայաստանից ու դիրքորոշումն արտահայտել օրինակ եվրոպական որևէ երկրի կամ ԱՄՆ Կոնգրեսի հարձակման դեպքերով: Միրզոյանը հետաքրքրվեց, թե որն է իրավաբան-գիտնականի դիրքորոշումը պետության դեմ հանցագործությունների առնչությամբ:

Լիլիթ Թադևոսյանն արձագանքեց` որքան էլ ձգտի հեռանալ այն հանգամանքից, որ իրեն հարց չեն ուղղում որպես Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի, այլ գիտնականի, միևնույն է, հարցադրումները կոնկրետ գործերի են վերաբերում: Իսկ եթե առանց գործի մանրամասներին տիրապետելու կարծիք հայտնի, կնմանվի բժիշկի, որն առանց բժշկական փաստաթղթեր ուսումնասիրելու հիվանդություն է ախտորոշում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter