HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշիի վարչակազմի ղեկավար․ «Եթե կարճ ժամանակում կացարանների խնդիրը չլուծվի, սոսկալի է լինելու միգրացիան»

Արցախի Շուշիի շրջանի տեղահանված գյուղերի բնակիչների սոցիալական, կացարանի ապահովման, վերաբնակեցման և այլ հարցերի շուրջ «Հետք»-ը զրուցել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանի հետ։ Նրան հանդիպեցինք Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում, որի մի սենյակում տեղակայվել է վարչակազմի աշխատակազմը։

Պարոն Հովհաննիսյան, կասե՞ք Շուշիի շրջանից տեղահանված բնակիչների թիվը որքան է, որքա՞նն են այժմ Արցախի տարածքում, և ինչ պատկեր է այն փոքր գյուղերում, որոնք Արցախի վերահսկողության տակ են։ 

Սեպտեմբերի 27–ին Արդրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանվել են Շուշի քաղաքի, Քիրսավան և Քարին Տակ համայնքների բնակչները։ Մինչ պատերազմն ունեցել ենք այդ համայնքներում 2100 ընտանիք։ Այսօր տեղահանվածների թիվը կազմում է 6500 բնակիչ, որից 5000-ը գտնվում են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերում և օրեցօր վերադառնում են։ Մենք ունենք տեղեկատվական շտաբ Երևանի Գ․ Նժդեհի փողոցում, որտեղ հիմնականում զբաղվում են ՀՀ–ում գտնվող տեղահանված բնակիչների առօրյա հոգսերով, սոցիալական հարցերի լուծմամբ։ 335 ընտանիք ունենք այսօր ՀՀ–ում և 1540 բնակիչ։

Ամեն օր փոխվում են տվյալները, քանի որ մեծ ցանկություն ունեն վերադառնալու։ Բնակիչների չվերադառնալու հիմնական պատճառը կացարանի հարցն է։ Ամբողջ Ստեփանակերտի հյուրանոցները լցված են։

Կառավարությունը ջանքեր է գործադրում երկհարկանի խոշոր սեփական տները հյուրանոցային համալիրների վերածելու ուղղությամբ, որպեսզի կարողանանք տեղավորել բնակիչներին։ Մեր գործառույթների հիմնական խնդիրն է այսօր ժողովրդին ապահովել կացարաններով։ Դրանից հետո գույքով պետք է ապահովենք։

2000 ընտանիքից 600 ընտանիքի ապահովել ենք հեռուստացույցով, սառնարանով, իսկ 400-ից ավել ընտանիքի՝ մահճակալով, սեղան աթոռներով, պահարանով և կողապահարանով։ Հունվարին մի քիչ սառեցվեց այդ գործընթացը, երեկ արդեն սկսվել է մահճակալների տրամադրումը բնակչությանը։ Կա հերթագրում, ըստ հերթի տրամադրվում են, բացառություն են զոհերի, վիրավորների և բազմազավակ ընտանիքները։ Նախօրոք իմանալով մեր պահեստներում ինչքան կահույք կա՝ մեկ օր առաջ տեղեկացնում ենք։

Հիմա 4 գյուղ է մնացել մեր վերահսկողության տակ։ Դա Եղցահող համայնքն է՝ իր երկու գյուղերով։ Կանաչ Թալայում մի ընտանիք ունենք վերադարձած։ 77 բնակիչ ունենք Եղցահողում, դպրոցն արդեն բացել ենք 9 աշակերտով, մինչ պատերազմը 14 աշակերտ ենք ունեցել։ 

Կյանքը վերականգնվա՞ծ է Եղցահողում։

Այո, ամեն ինչ վերականգնել ենք, գազ, լույս, ենթակառուցվածքներ։ Եղցահողում նորմալ է։ Հետո գալիս է Հին Շենը, որտեղ կա 83 բնակիչ, 8 աշակերտով դպրոցը գործում է։ Բոլոր ենթակառուցվածքները կան, կապը չկար։ Հեռուստաաշտարակը, գիտեք, թուրքերի սահմանում է, նոր հեռուստաաշտարակ ենք կառուցել և կապն ապահովում ենք։ Այստեղ մի քիչ անվտանգության հարցն է մտավախություն առաջացնում կապված գյուղացիական կենդանիների պահման, արոտավայրերի հետ։ ՄեԾ Շեն և Լիսագոր համայնքներն են, Մեծ Շենում այսօրվա դրությամբ դպրոցը դեռ չի գործում, քանի որ երեխաներ չկան, քանի որ տների մի մասը մեր մոբի (մոբիլիզացիոն ռեսուրս) կողմից թալանվել է։ Մեր հայ զինվորների կողմից, դրա համար մենք այնտեղ ունենք մասնակի վերանորոգման կարիք, որպեսզի բնակչությունը վերադառնա։ Լիսագոր համայնքում փետրվարի 1-ից երեք աշակերտով բացեցինք դպրոցը, որպեսզի հույս տանք ժողովրդին վերադառնալու համար։ Լիսագորում խայտառակ դրություն է՝ կապված տների հետ։ Այնտեղ տեղակայված մոբը դռներից, պատուհաններից, թիթեղից սկսած պոկել, տարել է։

Պատերազմի ընթացքու՞մ։

Այո։ Հիմա մենք շինարարական բրիգադ ենք ստեղծել Շուշիի նախկին շինվերանորոգում հիմնարկի հիման վրա։ Մոտ օրերս կսկսենք շինաշխատանքները, ժողովուրդը ցանկանում է վերադառնալ, բայց տան հարմարություն չկա։ 20 բնակիչ են, 10 ընտանիք այսօր Լիսագորում։

Առաջնահերթ տրամադրել ենք անկողնային պարագաներ, վառարան և այլն, բայց վերանորոգումը այնտեղից պետք է սկսենք, որովհետև մարդիկ ուզում են վերադառնալ։ Բնակչության մեծ մասը կենտրոնացել է Ստեփանակերտում, մի մասն էլ գտնվում է Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջաններում։

Շուշիի բնակչությունը հիմնականում Ստեփանակերտո՞ւմ է։

Այո։ Իմ կարծիքով հետագայում, Կառավարության որոշմամբ, տներ կտրամադրեն քաղաքաբնակներին Ստեփանակերտում, բայց գյուղերին մենք առաջարկել ենք՝ և՛ նախագահն է առաջարկել, և՛ Կառավարությունը, որպեսզի նոր թաղամասեր, գյուղեր կառուցվեն։ Այն գյուղերը, որոնք բնակչությամբ քիչ են նոր թաղամասեր կառուցեն, կամ առանձին գյուղեր կառուցեն։ Մենք մեր շրջանի համար, հիմնականում Քարին Տակ համայնքն է, որ մեծ է եղել` 751 բնակիչ ենք ունեցել, 163 ընտանիք։ Կառավարությանը խնդրել եմ հողատարածքների բաշխման գործընթացում հարևան–հարևան հատկացվի մեր գյուղի կոլորիտը, մշակույթը պաշտպանելու նպատակով: Տեսնենք՝ որքանով կհաջողվի։

Ո՞ր գյուղի տարածքում եք դիտարկում Քարին Տակի վերաբնակեցման ծրագիրը։

Հովսեփավան գյուղից Աստղաշեն գյուղի միջանկյալ հատվածում։ Կամ Նորագյուղի և Աստղաշենի արանքում։ Երկու տեղամաս ենք ընտրել։ Տեսնենք՝  որտեղ է հաջողվում, կարողանանք այդ հողամասերը պետության միջոցով հատկացնենք, որովհետև բոլորը սեփականաշնորհված են կամ վարձակալության են տրամադրված։ Երևի գերակա շահ կճանաչեն։ Մեզ անհրաժեշտ է յուրաքանչյուր ընտանիքին 1200 քմ հող տրամադրել, որպեսզի 1000 քմ տնամերձ հողամաս ունենան, կարողանան իրենց ապահովել և գյուղատնտեսական մթերքների մի մասն էլ արտահանեն շուկա։ Քարին Տակն, օրինակ, Ստեփանակերտի գյուղատնտեսական շուկայի բանջարեղենի մեծ մասի մատակարարն էր։ Կլիման մեր գյուղին համապատասխան չի, բայց բանջարանոցի համար շատ նպաստավոր է։ Մեր գյուղացիների համար բանջարաբուծությունը գերակայող զբաղմունք է եղել, դրա համար էլ ընտրել ենք այդ տեղամասերից մեկը։ Եթե հաշվենք 150 ընտանիք, ապա մեզ պետք է 15 հա տարածք։ Բնական է՝ 1-2 հա էլ կլինեն ճանապարհները, ենթակառուցվածքները և այլն։ Նոր Քարին Տակ համայնք կառուցելու համար, իմ հաշվարկներով, անհրաժեշտ է մոտ 3 միլիոն դոլար։ Եթե այդքան գումար օգնություն լինի, ապա մենք կարող ենք մեր գյուղը կառուցել։ Բայց որպեսզի շուտ կառուցվի, դա փայտե տնակների տարբերակն է։

Գանք խնդրի ֆինանսական կողմին։ Մենք եղանք Հովսեփավանում, զրուցեցինք փայտե տներ կառուցողների հետ և այնպիսի տպավորություն ունենք, որ ամբողջ Արցախի տարածքում քաղաքաշինական ծրագրերն իրականացնելու համար ֆինանսական խնդիրներ կան։ Ի՞նչ եք մտածում այդ խնդիրները լուծելու ուղղությամբ։

Ճիշտ եք նկատել։ Ընդհանրապես ֆինանսական դժվարություններ կան։ Կացարանների վարձավճարների ծրագիր է գործում։ Երկու ամիս է՝ Կառավարությունը ոչ թե չի ուզում, այլ չունի սեփականատերերի վարձավճարները։ Բողոքների մեծ մասը այն է, որ տան տերերն ասում են՝ կամ վարձը տվեք կամ թողեք, գնացեք։ Պետությունը ստիպված բանակցություններ է վարում տան տիրոջ հետ, որպեսզի ֆինանսներ հայթայթի։ Իմ կարծիքով՝ պետք է դրսից օգնություն լինի, որ այդ հարցը լուծվի։ Եթե փետրվարին էլ սեփականատերերին այդ վարձավճարները չտրվեն, բնականաբար հանելու է տնից։ Մյուս հումանիտար ծրագրերն էլ կապված են ֆինանսական միջոցների հետ։

Մի բան էլ ասեմ, արտասահմանի հումանիտար օգնությունը շատ անկանոն ձևով է կատարվում։ Ճիշտ չի բաշխվում։ Մի սոցիալական խումբ 3-4 անգամ ստանում է, զոհվածների խումբ, բազմազավակների խումբ, եթե մեկ անգամ տրամադրել ենք զոհվածներին, իմ տղան էլ է զոհված, երկրորդ անգամ տրամադրենք բազմազավակներին, միայնակ մայրերին, թոշակառուներին և այլն։ Չստացվի, որ մի մարդ 3-4 տեղից օգնություն ստանա, մի մարդ էլ ոչ մի տեղից։ Ես դեմ եմ դրան։ Պետք է կենտրոնացված ձևով կազմակերպվի այդ օգնությունը։ Ամեն մարդ, ոնց որ Հայ օգնության միության նման, ասում է՝ ես եմ փողը բերել, որոշում եմ, ես եմ տալիս։ Դա ճիշտ չեմ համարում։ Մարդիկ գալիս, բողոքում են։ Երիտասարդ ընտանիք է, երեխա չունեն, ուրեմն պետք է չստանան այդ 250 դոլարը։ Թող պետության ղեկավարները լսեն, կենտրոնացված ձևով պետք է կատարվի օգնությունը։

Հիմա Շուշիի վարչակազմը վտարանդի՞ է։

Այո, տեսնում եք, բոլորս խցկված ենք երկու սենյակում։ Աշխատողների մի մասը հերթով է գալիս։ Բան չունեմ ասելու, մեր դրությունն է ընդհանրապես այսպես, հարմարվում ենք ամեն ինչին։

Համակարգն աշխատո՞ւմ է։

Այո, բոլոր բաժիններն աշխատում են։ Կա բաժին` 3-4 աշխատող են, հերթով գալիս են։ Ունենք 6 բաժին, բոլորն էլ աշխատում են։

Տեղահանվածն իրեն մենակ չի՞ զգում, կարողանո՞ւմ է իր հարցի հասցեատիրոջը գտնել։

Ե՛վ Երևանում, և՛ այստեղ գրասենյակների համար ո՛չ կիրակի կա, ո՛չ շաբաթ։ Ամեն օր աշխատում ենք ժամը 8-ից 20:00-ը։ Բոլոր դեպքերում կարողանում ենք ինչ–որ ելք գտնել, որպեսզի ընդհանուր բողոքներ շատ չլինեն։ Մարդիկ կան՝ մասնակի բողոքներ ունեն, աշխատանք չունեն, մեկը հիվանդ է, մեկը գույքի կարիք ունի, մեկը փայտի։ Փառք Աստծո, կան ծրագրեր։ Հյուրընկալության ծրագիրը, փայտը տրամադրում են՝ մեկ շնչի հաշվով 1 խորանարդ մետր վառելափայտ։ Անտառտնտեսությունը տրամադրում է։ Կա 300 հազարների ծրագիրը, ստացել են 250 դոլարները, Քարին Տակը ստացել է, հիմա Շուշիինն ենք պատրաստում։ Շուշին մի քիչ բարդ է, մեր փաստաթղթերը, արխիվը, համակարգիչները, բոլորը մնացել են։

Բնակարանաշինական ծրագրի մասով ես կողմ եմ ֆինանսական աջակցությանը։ X գումար նշանակվի յուրաքնաչյուր տեղահանված ընտանիքի՝ հաշվարկելով գույքը, կորցրած ամեն ինչը և տան փոխհատուցումը տան, ասեն՝ ախպեր ջան, սա է պետության հնարավորությունը։ Մյուս մտավախությունն այն է, որ գումարը կվերցնեն և կգնան Ռուսաստան, կփախնեն, բայց տալիս ես պայմանով՝ գումարը տալիս ես և 3 տարի վիզա չես տրամադրում, ոնց որ խորհրդային տարիներին գյուղացիներին անձնագիր չէին տալիս։

Գլխավոր խնդիրը ֆինա՞նսն է։

Ես մոտավոր հաշվարկել եմ։ 10 հազար ընտանիքի 50 հազար դոլար գումար ես տալիս, դա դառնում է 500 միլիոն դոլար, կես միլիարդ դոլար։ 50 հազարից 20 հազարով տնակն է սարքում, իսկ 30 հազարը դնում է ինչ-որ բիզնես է անում:

Կամ Հայաստանում, կամ Արցախի գյուղերում այդ գումարով կարող ես գործ դնել։ Չեմ ասում երկու հարկանի տուն սարքեն։ Դա է հարցի արագ և շուտ կարգավորման տարբերակը։ Ուրիշ ելք չեմ գտնում։ Եթե կարճ ժամանակում կացարանների խնդիրը չլուծվի, շատ սոսկալի է լինելու մեր միգրացիայի հարցը, շատ սոսկալի։ Ուրիշ հարց էլ կա, ուրբանիզացիա է եղել, բոլորը Ստեփանակերտում են, պետք է տեղափոխել մարդկանց գյուղեր։

Մեկնաբանություններ (1)

ՍԱՄՎԵԼ ԺՈՐԱՅԻ ԲԵԿԹԱՇՅԱՆ
ՄԷԾԱՐԳՈ Գ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ - ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՍՊԱ ՏՂԱՅԻԴ ԿՈՐՍՏԻ ՀԱՄԱՐ: ԱՅՍ ԽՈՐՔԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԷՐԸ ԵԼՔ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ: ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԻԱԿ ՄԻՋՈՑՆ Է: ԱՅԴ ՆՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԴԱՄՆԵՐՈՎ ՑԱՆԿԱԼԻ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԽՄԲԵՐ ԵՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱԽՍԵՐՈՎ,ՏԻՊԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՆՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter